
Թերթերից թերեւս պետք է առանձնացնել «Միլլիեթին»: Ահա թե «Սաֆարովի հանձնմանը Թուրքիան միջնորդեց» վերնագրով ինչ է գրել սեպտեմբերի 2-ի համարում. «Նախորդ օրը, երբ հայ զինծառայողին կացնահարելու համար Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սաֆարովը հանձնվեց Ադրբեջանին, ու նախագահ Իլհամ Ալիեւը ներում շնորհեց վերջինին, հայաստանյան ճակատում ի հայտ եկան հրապարակումներ, ըստ որոնցՙ Ադրբեջանի եւ Հունգարիայի միջեւ պարտատոմսերի գնման շուրջն իրականացվող սակարկությունները արդյունքի են հասել Թուրքիայի միջնորդությամբ:
Հունգարիայից 3 մլրդ դոլար արժողությամբ պարտատոմսեր գնելու Ադրբեջանի պատրաստակամության մասին տեղեկությունները մամուլում տեղ գտան (անցյալ) սեպտեմբերին: Այնուհետեւ հունգարական մամուլը տեղեկացրեց Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդի դեր ստանձնելու Թուրքիայի պատրաստակամության մասին: Մինչ այդ Nebszabadzag թերթը ամիսներ շարունակ արծարծում էր Թուրքիայի միջնորդությամբ իրականացվող բանակցությունների հարցը:
Օգոստոսի 2-ին «Ռոյթերը», վկայակոչելով անանուն թուրք պատասխանատուի, գրեց, որ վերջինը հաստատում է բանակցությունների սկզբնավորումը: Թեեւ Ադրբեջանում Հունգարիայի դեսպանությունը հերքեց սակարկությունների մասին պնդումները, սակայն հունգարական կառավարությունը պարտատոմսերի գնման եւ Սաֆարովի հանձնման առնչության մասին դեռեւս ոչ մի հայտարարություն չի արել»:
Կարդացեք նաև
Ի դեպ, «Միլլիեթին» լրացրեց թուրքական հանրային հեռուստատեսությունը, թե Սաֆարովին ներում շնորհելու առնչությամբ Հունգարիայի արտգործնախարարությունը նոտա է տվել Ադրբեջանին, իսկ մեկ այլ հեռուստատեսություն մատնանշեց, որ Սաֆարովին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու շնորհել նրան մայորի կոչում:
Հակոբ ՉԱՔՐՅԱՆ
«Ազգ»


















































