Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԼԻՔՆԵՐ

Սեպտեմբեր 14,2012 15:08

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ երկրորդ

ԴԱՍԱԼԻՔՆԵՐ

Վերջին պատերազմի գնդակները հատկապես քաջերից չէին վախենում, եւ չնայած պատերազմից խուսափած տղամարդիկ անհամեմատ շատ էին, այդուհանդերձ, խուսափելը հատկապես  ինձ համար արդարացում չէր՝ ոչ միայն էն պատճառով, որ էն ժամանակ էլ էի էս հասկացածներիցս որոշ բաներ հասկանում, այլեւ էն պատճառով, որ Մոսոն, Սիմոնն ու Լյոնյան արդեն հերոսներ էին, եւ հերոսների մեջ ուրիշ ծանոթներ ու հարազատներ էլ կային՝ ներառյալ մորաքրոջս մեծը՝ Ալիկը, եւ զարմանալի է՝ էսքանից հետո ոնց էր լուսահոգի Արիսը նվաստիս էդքան հարգում ու գնահատում, եւ նմանապես զարմանալի է, որ Հավատացյալ Խորենն էլ էր ինձ սիրում ու գնահատում, բայց Հավատացյալի պարագայում առանձնապես չեմ զարմանում,  որովհետեւ ինքն անխտիր բոլորին՝ նույնիսկ ինձանից վատերին էր հաջողացնում սիրել, ու էդ առումով հիմա մտածում եմ, որ Արիսն ու Հավատացյալն ըստ էության ու խորքանց էին հավատացյալ, եւ երկուսն էլ իրենց ներսերում էնքան շատ սեր ունեին, որ իրենց էդ մեծ սիրուց ոչ միայն իրենց ու մեր Աստված բաժին ուներ, այլեւ՝ Աստծո արարած մեղավորներս էլ, եւ իրենց ու մեր Աստծուն կատարյալ համարելով` հավատում էին, որ Իր ձեռամբ արարվածներս էլ պիտի որ առանձնապես անկատար չլինեինք, եւ հիմա Արիսի ու Հավատացյալի անունից ու իրենց փոխարեն էս բաները մտածելով` սկսում եմ մտածել նաեւ, որ մյուսներս էլ առանձնապես անհավատ ու հերետիկոս չենք, այլապես չէինք հանդուրժի շուրջներս վխտացող էսքան դասալիքներին` ներառյալ ինքներս մեզ, ընդ որում` ինքներս մեզ ոչ միայն հանդուրժում, այլեւ սիրում էլ ենք, ընդ որում` ինքներս մեզ միանգամայն անշահախնդիր ու փոխադարձ սիրով ենք սիրում, եւ հատկապես ձեր խոնարհ ծառան  է խորապես ինքզինքը սիրում, որովհետեւ բոլորին սիրող ու բոլորին հանդուրժող Մելքումյան Արիսն, այնուամենայնիվ, մի քանիսին ու ձեր խոնարհ ծառային առանձնացնում էր մնացածներից, եւ դասալքության թեմային վերադառնալով` պիտի ասեմ, որ դասալքության թեման հատկապես ու առանձնապես մեր հայրենասեր ու պատերազմասեր գրողներն են հաջողությամբ ու ճարպկորեն շրջանցում, ինչպես նաեւ` հայրենասեր ու պատերազմասեր մեր մյուս մտավորականները, ինչպես նաեւ` քաղաքական ու ոչ քաղաքական գործիչները, կուսակցականներն ու անկուսակցականները, եւ ամենահետաքրքիրն էն է, որ մեզ դասալիք չհամարողներից ոմանք անձամբ են մասնակցել մեր վերջին պատերազմին, ու էդ ոմանցից շատերը, ի տարբերություն ոմանց, միանգամայն տուժած են պատերազմից` ֆիզիկապես ու մանավանդ նյութապես, մինչդեռ շահածները չափազանց սակավաթիվ լինելով` էն քչերն են, որոնք, այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ մեր դասալիք լինելը հիշում ու երեսներովս են տալիս, էն էլ հիմնականում էն դեպքերում` երբ մոռանում ենք իրենց մեծարելով առանձնացնել, ընդ որում` ոչ թե տուժածներից ու նահատակներից առանձնացնել, այլ մեզանից` դասալիքներիցս, եւ դասալիքներս իրենց էդ պահանջը պատրաստակամորեն ենք կատարում` պայմանով, որ իրենք էլ մեր դասալքությունը երեսներովս չտան, ու էսպես էլ շարունակում ենք գոյատեւել` երկուստեք ու հանցավոր համաձայնությամբ, բայց, այնուամենայնիվ, ամենագոյատեւողը պատերազմից ֆիզիկապես ու նյութապես տուժածներն են, որոնք ոչ միայն իրենց գոյատեւումից են գոհ, այլեւ ու հիմնականում` իրենց ու մեր Աստծուց, որովհետեւ պատերազմից ֆիզիկապես ու նյութապես տուժածները ոչ թե շահածների ու դասալիքների հետ են համեմատվում, այլ միայն` նահատակվածների, եւ վերջին պատերազմին ու մեր էս վերջին դասալքությանն էսքան անդրադառնալով ու էդ մասին էսքան մտածելով` զարմանքով ու հանկարծակի հասկացա, որ մենք մանավանդ անկախությունից հետո առավոտից իրիկուն հայրենասիրությունից խոսելով եւ հայրենասիրության պակասի մեջ մեկս մյուսիս մեղադրելով` երբեւէ մեր դասալքությանը չենք անդրադարձել, եւ հիմա էս ուղղղությամբ ավելի ու ավելի մտածելով ու խորանալով` սկսում եմ հասկանալ նաեւ, որ առավոտից իրիկուն հայրենասիրության թեմային մանրակրկիտ ու բնագավառ առ բնագավառ անդրադառնալով` մեր դասալքությանը երբեւէ չենք անդրադարձել եւ, ըստ ամենայնի, առաջիկայում էլ չենք անդրադառնալու, որովհետեւ հայրենասիրության թեմային առավոտից իրիկուն մանրակրկիտ ու բնագավառ առ բնագավառ անդրադարձողները հիմնականում մեր գրագետներն ու մտավորականներն են, ինչպես նաեւ` մեր քաղաքական գործիչներն ու կուսակցականները, ինչպես նաեւ` պառլամենտականները, ինչպես նաեւ` իրիկունները բեսեդկեքում նարդի ու բլոտ խաղացող շարքային քաղաքացիները, ինչպես նաեւ`մայրաքաղաքից  դուրս հանված կազինոների ու մայրաքաղաքի տարածքում գտնվող բուքմեյքերականների շարքային ու ոչ շարքային հաճախորդները, ու էս թվարկածներիցս հատուկենտներն են մեր վերջին պատերազմին մասնակցել, ավելի ճիշտ` էս թվարկածների մի պատկառելի մասն ու ես էլ հետները դասալիքների անհամեմատ մեծ ու անհամեմատ մարդաշատ բանակն ենք համալրել, եւ չնայած մասնակիցների ու նահատակվածների մեջ էլ են մտավորականներ, կուսակցականներ ու շարքային քաղաքացիներ եղել, դրանք բացառիկներ են` թեկուզեւ էն առումով, որ երբեւէ հայրենասիրությունից չեն ճամարտակել ու հիմնականում լուռ են եղել, եւ մասնակցածների ու մանավանդ նահատակների լռությունն անհամեմատ խոսուն ու բովանդակալից է, քան` դասալիքներիս ճամարտակություններն ու աղմուկը, եւ իրենք հատկապես պատերազմի տարիների ցրտի ու մթի մասին են լռել ու լռում, որովհետեւ իրենք թիկունքի էդ ցրտից ու մթից բացակա են եղել` ինչպես որ դասալիքներս պատերազմի ցրտից ու մթից ենք բացակայել, եւ չնայած դասալիքներս պատերազմի ցրտից ու մթից մշտապես բացակայել ենք, պատերազմի ցրտից ու մթից էլ ենք ավելի շատ խոսում, քան` մասնակիցները, եւ ընդհանրապես` ամեն ինչից խոսում ու ճամարտակում ենք` բացի մեր դասալքությունից, եւ, փաստորեն, իմ ու բոլորի դասալքությունից խոսելս միանգամայն արտառոց դեպք է, եւ վստահորեն կարող եմ ասել, որ ձեր խոնարհ ծառան առաջինն է մեր մասսայական դասալքության հարցն էսպես հրապարակայնորեն բարձրացնում, եւ քանի որ ինձանից առաջ որեւէ գրող մեր էս ամենավերջին ու ամենամասսայական դասալքությանը չի անդրադարձել, էս անդրադարձներս կարելի է գրական նորություն ու նորարարություն համարել, եւ առաջինը լինելով` ես անկեղծորեն ու համեստորեն պիտի խոստովանեմ, որ մեր ամենավերջին ու ամենամասսայական դասալքությանն էսպես հրապարակայնորեն անդրադառնալուց առաջ մտքովս անգամ չէր անցնում, որ էս անդրադարձներս հավակնում են գրական նորություն եւ նորարարություն դառնալ. ավելին. մեր էս ամենավերջին ու ամենամասսայական դասալքությանն անդրադառնալուց առաջ մտքովս անգամ չէր անցնում, որ ինձնից առաջ էս կարեւորագույն հարցին որեւէ մեկը չի անդրադարձել, եւ հիմա հիշողությունս ավելի ու ավելի լարելով` ավելի ու ավելի եմ համոզվում, որ ինձանից առաջ որեւէ գրող, հրապարակախոս կամ կենդանի որեւէ արարած մեր էս ամենավերջին ու ամենամասսայական դասալքությանը չի անդրադարձել, եւ հիմա հիշողությունս ավելի ու ավելի լարելով` սկսում եմ հիշել, որ, այնուամենայնիվ, էս կարեւորագույն թեմային որոշ անդրադարձներ եղել են, եւ անդրադարձողը վերստին ձեր խոնարհ ծառան է եղել, ու էդ անդրադարձները վերստին էս վեպիս շրջանակներում են  եղել ու տեղի ունեցել, բայց, այդուհանդերձ, էդ նախորդ անդրադարձներս էսքան ծավալուն ու էսքան մանրակրկիտ չեն եղել, եւ, դրանից էլ բացի, էդ նախորդները բացառապես ու անձամբ իմ դասալքությանն են վերաբերել, այլ ոչ թե` նաեւ ձեր ու այլոց, եւ, դրանից էլ բացի, նախորդ անդրադարձներիս մեջ անձամբ ի՛մ դասալքությանն անդրադառնալով` դասալիք լինելս էսքան հստակ ու էսքան խորապես չէի հասկացել ու ընկալել, եւ հիմա, երբ արդեն խորապես հասկացել ու ընկալել եմ, ուզում եմ, որ դուք էլ հասկանաք ու ընկալեք, ընդ որում` ոչ թե անձամբ իմ դասալքությունը խորապես հասկանաք ու ընկալեք, այլեւ` անձամբ ձերն էլ, որովհետեւ չեմ էլ կասկածում, որ իմը վաղուց ու խորապես ընկալած ու հասկացած կլինեք, եւ եթե էսքան ժամանակ իմինի մասին ծպտուն չեք հանել, դրա պատճառը ոչ սիրուն աչքերս են եւ ոչ էլ ձեր հոգիների անհուն բարությունը, այլ այն, որ դուք իմ դասալքությունը չտեսնելու տալով ու լռության մատնելով` փաստորեն ձեր իսկ դասալքությունն եք չտեսնելու տվել եւ լռության մատնել, եւ ձեր իսկ դասալքությունից վազն անցնելով` իմի վրա էլ առանձնապես կանգ չեք առել ու չեք կենտրոնացել, որովհետեւ իմ դասալքությունը հիշեցնելով` ակամայից ձերն էլ էիք հիշելու, բայց քանի որ ինձ պես դուք էլ լռելու սեր ու սովորությոն չունեք, անպայման մի բան պիտի ասեիք, որպեսզի մշտապես ուրիշներից խոսելու հերթը խլելով` ձեզ ու բոլորիս ավելի ու ավելի հեռացնեիք ձեր ու բոլորիս դասալքության թեմայից, բայց քանի որ ձեր մտքին նաեւ հերոսանալու մարմաջ կա, դուք, ի տարբերությոն ինձ, մշտապես ու շարունակ մթի ու ցրտի հանգամանքներն էիք քոքում ու շեշտում` էդ կերպ իմ ու ձեր դասալքությանը հերոսական նրբերանգներ հաղորդելով ու գումարելով, եւ իմպեսների ու ձերպեսների տարբերությունն ընդամենը էն էր, որ ձերպեսները հորինելով երգում էին խավարի ու ցրտի մասին էդ սահմռկեցուցիչ երգերը, իսկ իմպեսներն էլ հլուհնազանդ լսում ու ժամանակ առ ժամանակ նույնիսկ ձայնակցում էին, բայց ես մի անգամ չդիմանալով ու չհամբերելով` անձամբ իմը երգեցի`

 

«Անկախ մեզանից ամեն ինչ եղավ.

Եղավ այն` ինչը որ բարին էր:

Մեր հաղթանակի անունը դրինք

Խավարի ցուրտ ու մութ տարիներ»,-

 

ու էս երգս էլ էր Հրանտ Մաթեւոսյանի աչքին ու հիշողությանն արժանացել, եւ Հրանտն էս չորս տողերս էլ էր անգիր հիշում եւ մի քանի անգամ իմ ու ուրիշների ներկայությամբ դնդնացել է, ու վերջին անգամ էդ չորս տողերս դնդնալուց հետո իր կողմից ու իր անունից բացականչեց` «դասալիքնե~ր», եւ իր էդ բացականչությունը հիշելով ու ձեզ հրամցնելով` ուզում եմ ասել ու շեշտել, որ էս «դասալիքն» ի՛ր բառն է, եւ, ինչպես շատ հաճախ, էս դեպքում էլ էր Հրանտը ճշգրիտ ու միակ բառը գտնողը, եւ Հրանտը հաճախ էր մեր վերաբերյալ էդ «դասալիքն» ասում ու հոլովում, բայց, ի տարբերություն Հրանտի, ես էդ բառն իրենից ժառանգելով` ոչ թե էդ բառն իր պես փոխաբերական իմաստով եմ օգտագործում, այլ` միանգամայն ուղղակի իմաստով. այսինքն, ես, ի տարբերություն Հրանտի, դասալիք ու դասալքություն ասելով` հատկապես ու առաջին հերթին մեր` պատերազմին չմասնակցելն ու պատերազմից խուսափելը նկատի ունեմ, մինչդեռ ուրիշներն ու նույնիսկ Հրանտը վերջին պատերազմից մեր բացակայությանը միանգամայն նորմալ էին վերաբերվում, եւ ինքս էլ էի ինձ ու մյուս բոլոր դասալիքներին միանգամայն նորմալ վերաբերվում, եւ հիմա եմ մեր դասալքությունը հիշելով` հետին թվով հասկանում, որ դասալքությունը պոզովպոչով չի լինում, եւ դասալքությունը հենց մեր արածն է, ավելի ճիշտ` մեր չարածը, եւ մեր էդ բացահայտ ու մասսայական դասալքությունն էսքան հաջողությամբ մոռանալն ամենեւին էլ հիշողության մթագնման հետեւանք չեմ համարում, որովհետեւ մեր էդ մասսայական դասալքությունը հաջողությամբ մոռանալով` մշտապես ու չտեսնված ենք հիշում խավարի ու ցրտի տարիները, եւ չնայած էդ ամենը շատ լավ եմ հիշում, շատ լավ հիշում եմ նաեւ` ինչպես էինք դեռեւս առողջ ու դեռեւս ջահել տղամարդիկս կուչ գալով պահ մտել էդ ցրտի ու էդ խավարի մեջ, եւ չնայած էդ ամենը շատ լավ եմ հիշում, երբեւէ չեմ փորձում մեր էդ մասսայական ու տղամարդկային պահմտոցին եւ մեր էդ թաքնվելն իբրեւ հերոսական արարք ու գործողություն ներկայացնել, բայցեւ դրանից իմ դասալքությունն առանձնապես չի պակասում ու չի մեղմվում, եւ դասալքությունս ոչ էլ է՛ն հանգամանքից է մեղմվում, որ Հրանտ Մաթեւոսյանի պես մեծությունն իմ էդ քառատողն անգիր հիշում ու երբեմն-երբեմն քթի տակ անլսելի դնդնում էր եւ անլսելի դնդնալուց հետո չափազանց լսելի գոռում էր` «դասալիքնե~ր», եւ մի քիչ մտածում ու ժպտալով ասում էր` «էս քառատողդ ոնց որ ե՛ս գրած լինեմ» եւ մի քիչ էլ մտածում ու ավելացնում էր` «իմ մտքից ու իմ սրտից ես գրել», եւ իսկապես` Հրանտն էնպիսի ուրույն առոգանությամբ էր իմ էդ գրածը դնդնում` ասես ինքը գրած լիներ, եւ իր էդ յուրահատուկ ասմունքից հետո գրածս էդ ընդամենը չորս տողերն աչքիս ու ականջիս հազարապատիկ շատանում ու մեծանում էին, եւ ինքս էլ էի իմ աչքին շատանում ու մեծանում, որովհետեւ Հրանտը սովորաբար ու հիմնականում Թումանյան ու Չարենց էր դնդնում, եւ նեւյնիսկ Թումանյանն ու Չարենցն էին իր դնդնոցի շնորհիվ շահում, եւ հիմա Հրանտի էդ խորունկ դնդնոցներն էսպես հիշելով` նպատակս ոչ էնքան ձեր աչքում բարձրանալն է, ինչքան` ձեզանից շատերի ցանկությունը բավարարելը, որովհետեւ ձեզանից շատերն էսօր էլ շարունակում են բանաստեղծություն պահանջել ինձանից, ընդ որում` միանգամայն նոր ու միանգամայն թարմ բանաստեղծություն են պահանջում, եւ հիմա Հրանտի շնորհիվ էդ չորս տողերս հիշելով ու հիշեցնելով` ձեզանից շատերի ցանկությունը կատարեցի, այն է` բանաստեղծությանը վերադարձա, եւ չնայած էդ չորս տողերս անցյալ հազարամյակի վերջերին են գրվել, հեշտուհանգիստ նորի տեղ կանցնեն` ոչ թե էն պատճառով, որ իրենց թարմությունն ու հրատապությունը չեն կորցրել, այլ էն պատճառով, որ էդ ու մյուս ոտանավորներս էնպիսի խառը ժամանակներում ու էնպիսի նվազ տպաքանակով են լույս տեսել, որ նույնիսկ պոեզիայիս ջատագովները կարդացած չեն լինի, եւ էս վեպիս տարածքում առիթով ու անառիթ բանաստեղծություններս հիշելով, հիշեցնելով ու մեջբերելով` ոչ միայն ձեզանից շատերի ցանկությունն եմ կատարում, այլեւ էսպես ու էս ձեւով կարոտս եմ առնում իմ իսկ ոտանավորներից, եւ, դրանից էլ բացի, էսպես ու էս ձեւով բանաստեղծություններիս անդրադառնալով` ինքս ինձ էլ եմ հաճելի պահեր պարգեւում, որովհետեւ շատերիդ պես ինքս էլ եմ իմ պոեզիան ու մանավանդ անտիպոեզիան ժամանակ առ ժամանակ սիրում ու կարոտում, բայց, ի տարբերություն իմ պոեզիան ու անտիպոեզիան միանգամայն անշահախնդրորեն սիրողների ու կարոտողների, ես գիտեմ, որ պոեզիա վերադառնալու որեւէ տարբերակ չունեմ, որովհետեւ զգում ու գիտակցում եմ, որ հիմա հանգավոր ինչ էլ գրեմ, նախորդներիս ընդամենը թույլ կրկնությունն է լինելու` ճիշտ այնպես, ինչպես մյուս բանաստեղծների հետ է պատահում ու տեղի ունենում:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930