Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է քվեարկելու ՀԱԿ-ը կամ քվեարկելո՞ւ է արդյոք՝ առայժմ գաղտնիք է

Հոկտեմբեր 01,2012 22:50

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթից հետո անհասկանալի էր՝ վաղը ՀԱԿ-ը կո՞ղմ է քվեարկելու, թե՞ դեմ Օսկանյանին անձեռմխելիությունից զրկելու մասին ՀՀ դատախազի միջնորդությանը, մասնակցելո՞ւ է քվեարկությանը, թե՞ չի մասնակցելու: Մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանից բացի ՀԱԿ խմբակցության որեւէ անդամ այս առնչությամբ որեւէ ձայն չհանեց, ելույթ չունեցավ, հարց չտվեց՝ Aravot.am-ը ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին հարցրեց՝ ի վերջո ի՞նչ դիրքորոշում իրենք ունեն եւ ինչպե՞ս են պատրաստվում քվեարկել. «Նիկոլը չի ասել, թե ինչ է քվեարկելու կամ  քվեարկելու է, թե չի քվեարկելու: Նիկոլն ընդամենը իրականությունը ներկայացրեց՝ այն, ինչ որ մտածում է: Նիկոլն ասեց այն, ինչ իրականությունն է: Այսինքն այն, ինչ բոլորս գիտենք: Միայն մեր  հայտարարությունից եւ ելույթից հետո ձեզ համար հստակ կդառնա մեր որոշումը: Առայժմ՝ ոչ մի բան»:

Մեր հարցին՝ այսինքն՝ ՀԱԿ-ը արդեն ունի՞ հստակ որոշում, թե ինչպես է վարվելու եւ այնպես չի, որ թողնված է ամեն պատգամավորի հայեցողությանը՝ ում խիղճն ինչ կթելադրի, տիկին Սարգսյանը պատասխանեց. «Ասեմ, որ դա պարտադրանք չի ոչ մեկիս: Ամեն մեկն իրավասու է ինքն իրեն քվեարկելու, բայց մենք որպես  խմբակցություն կարողանում ենք գալ ընդհանուր հայտարարի, որովհետեւ ընդհանուր տրամաբանության մեջ մենք հասկանում ենք ինչ է կատարվում»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այսօրվա հարցուպատասխանը, Վարդան Օսկանյանի՝ այդքան մանրակրկիտ բացատրությունները ի՞նչ փոխեցին ձեր կարծիքով՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Մեզ համար ոչինչ չփոխեցին, որովհետեւ հասկանում ենք իրականում ինչ նպատակ է հետապնդում Հանրապետական կուսակցությունը: Դրա համար Օսկանյանը եթե ոչինչ էլ չասեր՝ մեզ համար հստակ էր, թե ինչ է կատարվում»:

Ըստ Լյուդմիլա Սարգսյանի, ՀՀԿ-ն հաշվեհարդար է տեսնում առաջին հերթին Վարդան Օսկանյանի հետ այն բանի համար, որ ՀՀԿ-ից անցել է ԲՀԿ-ի շարքերը եւ քննադատում է այսօրվա կառավարությանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031