Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրանդ փղիկը ծերանում է, բայց ես իրան շատ եմ սիրում ». Այսօր կենդանիների պաշտպանության միջազգային օրն է (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 04,2012 22:21

Այսօր`  հոկտեմբերի 4-ին, նշվում է կենդանիների պաշտպանության միջազգային օրը: Ինչպես տեղեկանում ենք www.vkapane.ru-ից, օրը ընտրվել է ի հիշատակ Ֆրանցիսկ Ասիզսկին (Feast Day of St Francis of Assisi), որը 1226թ. հոկտեմբերի 1-ին մահացել է: Նա եղել է կենդանիների պաշտպանը ու հովանավորը:
Որոշումն ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում, բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ:

Օրվա կապակցությամբ, Երեւանի կենդանաբանական այգին եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) այսօր իրականացրին մի շարք միջոցառումներ: Այգու կրթական կենտրոնում կազմակերպվեց դասընթաց կենդանիների իրավունքների պաշտպանության թեմայով: Ցուցադրվեց ֆիլմ` «Երկու պատմություն » խորագրով, նկարահանված Գյումրիի Արեւորդի էկո ակումբի սաների կողմից: Կենդանաբանական այգու մամուլի պատասխանատու Կարինե Մուրադյանի խոսքով` միջոցառման հատուկ հյուրերի թվում են այգու կենդանիների խնամակալները, ովքեր անմիջական մասնակցություն ունենան կենդանիների կերակրման եւ խնամքի գործում. «Սա շատ հետաքրքիր է, երբ յուրաքանչյուր կենդանուն ներկայացնելու է ոչ թե գիդը, այլ հենց կենդանին խնամողը: Նրանցից շատերն անգամ կրթություն չունեն, բայց այնքան խնամքով, սիրով ու հոգատարությամբ են կատարում իրենց աշխատանքը եւ ներկայացնում տվյալ կենդանուն, թռչնին կամ սողունին` միջոցառման մասնակիցներին տալով հնարավորինս շատ տեղեկատվություն: Այստեղ աշխատող յուրաքանչյուր աշխատող իր գործի նվիրյալն է »,-ասում է նա: Միջոցառման ընթացքում առանձին տաղավարներով ներկայացվեց կենդանիների  ցուցադրական կերակրումը: Ուշագրավ էր Գրանդ փղի համար նախատեսված սառցե տորթը, որը պատրաստված էր մրգերով, բանջարեղենով եւ խոտով: Փղի առջեւ խնդիր էր դրված կողմնորոշվելու եւ գտնելու սննդին հասնելու ուղիները: Տորթը շփոթության մեջ էր դրել փոքրիկներին. նրանք կարծել էին, թե այսօր Փղի ծննդյան օրն է, մինչդեռ այն ընդամենը կերակրման աշխատանքը հետաքրքիր դարձնելու նախօրոք մտածված տարբերակ էր: «Գրանդ փղիկը ծերանում է, բայց ես իրան շատ եմ սիրում: Էսօր իր ծնունդն է »,-ասում է 4-ամյա Էլենը:  Միջոցառման ընթացքում հնչում էր դասական երաժշտությունը, որն ապահովում էին Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողները: «Ավելի գեղեցիկ բան մտածել չէին կարող: Հաճելի է, երբ նման միջավայրում հնչում է այսպիսի երաժշտություն: Երեխաների հետ հանգիստ զբոսնում ենք, դիտում ցուցադրվող կենդանիներին եւ ամենակարեւորը չմտահոգվում, թե այս պահին երեխաներն ինչ երաժշտություն են լսում »,-ասում է փոքրիկի տատիկը:

Այգում խնդիրներ միշտ էլ եղել են, սկսած ճաղավանդակներից վերջացրած մաքրությունից: «Տարածքը փոքր է վայրի կենդանիների համար եւ այդ բացը փորձում ենք այլ ճանապարհով լուծել: Եթե նախկինում միսը պարզապես կենդանու առջեւ էր դրվում, ապա այսօր այն վերեւից կախվում է, որպեսզի այդ կենդանին թռիչք կատարի եւ հասնի սննդին: Կենդանու մոտ այնպիսի զգացողություն առաջանա, ասես նա որսաց իր կերը: Խնդիրներից մեկն էլ մաքրությունը պահելն է: Այցելուներից շատերի մոտ դեռ բացակայում է այն գաղափարը, որ այգին նախատեսված չէ աղբը թափելու կամ բնական կարիքները հոգալու համար»,-ասում է Կարինե Մուրադյանը:

Այնուամենայնիվ, խնամակալների խոսքով, անկախ օրվանից, իրենք ամեն բան անում են կենդանիների իրավունքները պաշտպանված լինելու համար եւ մտահոգ են յուրաքանչյուր կենդանու ճակատագրով:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031