Լրահոս
Օրվա լրահոսը

Դինո գոլդում տեղի ունեցող կրճատումները հանգեցրել են բախումների

Հոկտեմբեր 26,2012 20:57

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունում վերջերս տեղի ուենցող կրճատումները կամ աշխատողներին տարբեր պատճառներով աշխատանքից ազատելու հոսքը մեծ լարվածություն է առաջացրել Կապանի բնակչության ու  կոմբինատի աշխատողների շրջանում:

«Դինո գոլդի» կողմից  վարած քաղաքականության եւ տեղի ունեցող կրճատումների վերաբերյալ  դժգոհություններ եւ  բազմաթիվ ահազանգեր ենք ստացել նաեւ մենք, որ վերջին ամիսներին արդեն վեց տասնյակից ավելի մարդկանց ազատել են աշխատանքից, նրանցից շատերը ընտանիքներում  ֆինանսական միակ աղբյուրն էին հանդիսանում  եւ հազիվ էին կարողանում հոգալ ընտանիքի ծախսերը: Մեզ հասած տվյալներով, իրավիճակն այնքան է սրվել, որ ընկերությունում վերջերս նույնիսկ բախումներ, ծեծկռտուք է եղել աշխատողների ու վերադասի միջեւ` ի դժգոհություն շարունակվող նորանոր կրճատումների:

Նշենք, որ Կապանում բնակիչները հիմնականում «Դինո գոլդում» են աշխատում, եւ կոմբինատն է հանդիսանում մարզկենտրոնի բնակչության աշխատատեղերի ապահովման հիմնական աղբյուրը: Ընկերությունում տեղի ունեցող ցանկացած միջադեպ անմիջականորեն է անդրադառնում սոցիալական խնդիր ունեցող մարզկենտրոնի կյանքի բնականոն ընթացքի վրա, առավելեւս, երբ մազկենտրոնում գործազրկության մակարդակը բարձր տոկոս է կազմում:  «Տարբեր բաժիններում կրճատումներ են եղել` տարբեր պատճառաբանություններով, վերջերս էլ ավելի շատ սկսել են կրճատումների համար պատրվակներ բռնել ընկերությունում տեղի ունեցող գողությունները: Ցավալին այն է, որ աշխատանքից ազատում են նաեւ  գողության հետ կապ չունեցող մարդկանց, միայն այն պատճառով, որ էդ տարածքում են եղել: Անարդար մեթոդ են ընտրել` մեկի կատարած մեղքի պատիժը մյուսների վրա նույնպես կիրառելով: Կապանցին էսօրվա դրությամբ աշխատելու ուրիշ տեղ չունի, այլընտրանք չունի, եղած-չեղածը մի կոմբինատ է, էդ մարդկանց անհիմն հանել են գործից գցել փողոցները: Եթե սենց շարունակվի` դժգոհության ալիք կբարձրանա, ինչպես նախկինում է եղել», – նշում են մեզ դիմած բնակիչները, ովքեր չցանկացան ներկայանալ:

Կոմբինատի արդեն նախկին աշխատակից Սասուն Հայրապետյանը 4 օր առաջ է ազատվել գործից: Մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ Դինո գոլդի  անազնիվ արարքը նաեւ իր  վրա է կիրառվել, երբ աշխատանքից ազատել են առանց հիմնավորման: Սասունը մոտ 9 տարի է կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայում էր աշխատում` որպես մատակարար եւ 113-115 հազար դրամ գումար էր ստանում: 12 օրից կլրանար կոմբինատում աշխատելու 9-րդ տարին: «Տնօրինությանն ասում եմ`  ինչի՞  եք ազատում, ասում են` տենց ենք ուզում, չենք ուզում դու ստեղ աշխատես, մենք ենք էստեղ որոշում:  20 օր առաջ էլ հանքում աշխատող եղբորս են աշխատանքից ազատել: Երեք եղբայրներով էստեղ էինք աշխատում, երրորդ եղբորս մեկ տարի առաջ էին կրճատել, բայց դատարանով վերականգնվել է, եւ արդեն 15 օր է անցել է նորից աշխատանքի կոմբինատում: Հենց դատարանով վերականգնվեց, սկսեցին ինձ ու եղբորս անհիմն պատճառներով ազատել աշխատանքից, ասեցին օրենքը թուլ է տալիս` 3 ամսվա գումար ենք տալիս եւ կրճատում: Ասեցի գոնե մի պատճառ ասեք, եթե թեկուզ մի պատճառ ասեք ինձ ազատելու համար, հենց հիմա ներողություն կխնդրեմ, դիմումս էլ կգրեմ դուրս կգամ: Բայց իրանց արարքը հիմնավորելու փոխարեն ասեցին, թե  մենք ենք էստեղ ասողը: Ես էլ ոնց հարկն էր պատասխանեցի ու չեմ փոշմանում, համբերությանս բաժակը լցվել էր: Արհմիությունն էլ չի աշխատում, ոչ մի հարցում մեզ չի աջակցում, փոխարեն աշխատողներին օգնի, մեր շահերը պաշտպանի,  մենք ենք իրեն ընտրել, անցել ա տնօրինության կողմը: Ինչ հարցով դիմում ենք, ասում ա` ես չեմ կարող», – նշեց «Դինո գոլդից» ազատված Սասուն Հայրապետյանը:

«Դինո գոլդ մայնինգում» տեղի ունեցող իրադարձություններին մանրամասն կանդրադառնանք առաջիկայում, որտեղ նաեւ կներկայացնենք ընկերության պարզաբանումները:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031