Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական ծանր վիճակը` մարմնավաճառության ծաղկման հիմնական պատճառ

Նոյեմբեր 08,2012 20:45

Լոռու մարզի մարմնավաճառները հիմնականում սոցիալապես անապահով կանայք են: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասում է «Հույս եւ օգնություն» հասարակական կազմակերպության Լոռու մասնաճյուղի տնօրեն Հայարփի Էդիլյանը:

Կազմակեպությունը արդեն 8-րդ տարին է, ինչ Վանաձորում, մեկ տարի առաջ էլ Սպիտակում սեռավարակների վերաբերյալ իրազեկում է իրականացնում վճարովի սեռական ծառայություններ մատուցող կանանց շրջանում: «Մարմնավաճառները հիմնականում սոցիալապես անապահով մարդիկ են, նրանք որ ունեցել են ամուսիններ, ովքեր որ ամուսնալուծված են, ում  ամուսինները մեկնել են արտագնա աշխատանքի ու, ընտանիքին  թողնելով բարձիթողի, այլեւս չեն վերադարձել »,ասում է Հ. Էդիլյանը: Նա նշում է, որ մեծ մասամբ աղջիկներն ու կանայք նման քայլի են դիմում այն ժամանակ, երբ ծայրահեղ ծանր վիճակն ու հացի խնդիրը այլընտրանք չեն թողնում: «Մարմնավաճառների համար ֆինանսական խնդիրը առաջնային է, մենք երկրաշարժ տեսանք, պատերազմ, արտագաղթ, մարդը դարձավ խոցելի, նրանց պետք է այդ հացը վաստակել »,-ասում է Էդիլյանը:

Քանի որ կազմակերպությունն ի վիճակի չէ բարելավել ավելի քան 450 շահառուի սոցիալական պայմանները,  ուստի աշխատանքներ է տանում այս մարդկանց շրջանում ՄԻԱՎ/ՉԻԱՀ-ի կանխարգելման ուղղությամբ: «Երբ մենք նրանց  հետ խոսելու ընթացքում փորձել ենք համոզել, որ չանեն այդ քայլը, նրանք  պատասխանել են` խնդրեմ, ինձ օրական 5000 դրամ փող տվեք կամ գործի տեղավորեք, որ ես կարողանամ փող աշխատել, ես դա չեմ անի: Եվ քանի որ մենք չենք կարող նրանց ապահովել, դրա համար էլ ընտրվել է կանխարգելիչ ճանապարհը,  որ գան, ստանան պահպանակներ, տեղեկատվություն վարակների տարածման հնարավոր եղանակների մասին: Ու այդ ամենը անանուն»:

Թեեւ հասարակության ոչ բոլոր շերտերն են ընդունում կազմակերպության նման գործելակերպը, այնուամենայնիվ, Հայարփի Էդիլյանը բացատրում է, որ այս քայլը ուղղված է ոչ միայն մարմնավաճառների առողջությանը, այլեւ միտում ունի հասարակության շրջանում նվազեցնել վարակների տարածումը. «Չնայած մարդկանց մեղադրանքներին ուղղված մեզ` փորձում ենք բացատրել, որ դա ընդհանուր բնակչության առողջության համար է, որովհետեւ, որքան էլ քարկոծեն, այնուամենայնիվ, օգտվում են նրանց մատուցած ծառայություներից:  Եթե պահանջարկը չլինի մարդկանց կողմից, նրանց առաջարկը օդում կմնա: Ուրեմն, եթե մարմնավաճառին կարողանանք բացատրել, թե ինչպես իրեն պաշտպանի սեռավարակներից, ապա հաճախորդն էլ պաշտպանված կլինի` այդկերպ նպաստելով ողջ հասարակության առողջ լինելուն»:
Հայարփի Էդիլյանը փաստում է, որ շատ հաճախ հասարակության ոչ միանշանակ վերաբերմունքն ու անհանդուրժողականությունն էլ իր հերթին նպաստում է, որպեսզի «Ճահճում» հայտնված կինը չկարողանա դուրս գալ այնտեղից. «Մեր քաղաքը փոքր  է, բոլորը հստակ գիտեն` ով ինչով է զբաղվում, գիտեն, թե ով է մարմնավաճառ, ով ոչ, եւ եթե այդ մարմնավաճառը փորձում է ուրիշ տեղ աշխատանք գտնել, թեկուզ հավաքարարի, նրանց չեն ընկալում որպես նորմալ մարդ, նրանց աշխատանք չեն տալիս: Մարմնավաճառը`  որպես մարդ, որպես կատեգորիա, չկա, նա ամենացածրն է  մեր բնակչության աչքերով »:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930