Լրահոս
Օրվա լրահոսը

«Վայ Հայաստանին, եթե Գագիկ Ծառուկյանը լինելու է ՀՀ նախագահ»

Նոյեմբեր 13,2012 13:38

ՀԱԿ-ի անդամ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ շարունակվող սիրախաղի մասին

ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ նախանշվող սիրախաղը՝ միմյանց փոխլրացնող հայտարարությունների տեսքով, ՀԱԿ անդամ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին բնավ չի զարմացնում, քանզի այն նախապատմություն ունի՝ խորհրդարանական ընտրությունների վերահսկման միասնական շտաբի տեսքով: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԲՀԿ-ն հրապարակեց խորհրդարանական կառավարման եւ 100 տոկոսանոց համամասնական համակարգերին անցնելու առաջարկներ, դրան հետեւեց ՀԱԿ-ի հակընդդեմ առաջարկը՝ ընդլայնել քննարկումների օրակարգը, մասնավորապես՝ դրանում «ներառելով առաջիկա նախագահական ընտրություններում ռեժիմի դեմ հասարակական եւ քաղաքական ուժերի համախմբման առարկայական մեխանիզմների եւ քայլերի ավելի ընդհանրական ծրագիր»: Ապա հրապարակվեցին նաեւ ՀՅԴ-ի «համալիր» առաջարկները, որին հետեւում է փակ հանդիպումների շարքը: Համանման մի հանդիպում կայացել է շաբաթ օրը՝ ԲՀԿ-ՀՅԴ ֆորմատով, որը կողմերը գնահատել են «արդյունավետ», երեկ կայացել է ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը, որից հետո ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը չբացառեց, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գան՝ չմանրամասնելով, թե ով ում թեկնածուին կսատարի, իսկ ուշ երեկոյան արդեն կայացել է նաեւ ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպումը:

Քաղաքական դաշտի համախմբման հետագա հնարավորությունների մասին դատողություններ անելու փոխարեն՝ մեր զրուցակիցը պարզապես վերլուծում է, թե ինչ տվեց ընտրությունների վերահսկման համատեղ աշխատանքը, եւ արդյոք կա՞ր էդպիսի աշխատանք, թե՞ դա ձեւական բնույթ էր կրում: «Ռեժիմը վերարտադրեց իր էական ՀՀԿ-ական մեծամասնությունը պառլամենտում, փոքր մասեր բաժանեց մնացածին, եւ դրանով ավարտվեց: Էդպիսի մանդատների առկայության դեպքում այդ կուսակցություններն ի վիճակի չեն երկրի առջեւ ծառացած ֆունդամենտալ հարց լուծել՝ անկախ հարցի բնույթից»,- եզրակացնում է մեր զրուցակիցը: Գառնիկ Մարգարյանն, ընդհանուր առմամբ, դրական է համարում ՀՅԴ-ի առաջարկները, բայց. «Մինչեւ երկրում համակարգային փոփոխություն չլինի եւ չմաքրվի երկիրը կոռումպացված այս ռեժիմից, ոչ մի պառլամենտական կամ նախագահական պետականություն չի փրկի երկրում ստեղծված իրավիճակը: Իսկ սրա մասին խոսք չկա: Ճիշտ է, խոսվում է հակակոռուպցիոն մարմին ձեւավորելու ու այն ընդդիմությանը տալու մասին, բայց դա լոզունգ է: Հայաստանում այսօր կոռուպցիան նպաստում է հիասթափության, արտագաղթի, մարդկանց հավատի կորստի. դրանց մասին այսօր եւ շատ ռեալ պետք է մտածել: Ես, ընդհանրապես, առաջարկներ, լոզունգներ՝ վաղվա, ապագայի, 15-20 թվականների, չեմ ընդունում»: Մեր զրուցակիցը «հիմա գործելու» տարբերակին հավատարիմ է ու այսօրվա առաջնային պահանջը համարում է «թալանը կանգնեցնելը՝ պատասխանատվության ենթարկելով, վերացնելով այս օլիգարխիկ համակարգը, դուրս բերելով նրանց պառլամենտից եւ այլն»: Նաեւ. «Մինչեւ կատարվածի համար՝ «հոկտեմբերի 27», «ապրիլի 13», «մարտի 1» եւ այլն, պատասխանատվության հարց չլուծվի, այդ բոլորը լոզունգներ կմնան: Մինչեւ չլուծվի Ռոբերտ Քոչարյանի եւ նրա տիպի չինովնիկների թալանած միլիարդների՝ հանրապետություն վերադարձի հարցը, արտագաղթը չի վերանա, հավատը չի վերականգնվի»: ՀԱԿ-ի առաջարկների մասով մեր զրուցակիցն ասում է, որ որեւէ առաջխաղացում չի տեսնում առավել ակտիվ գործունեության մասով իրենց ներկայացրած մոտեցումները կյանքի կոչելու համար: Ինչ մնում է ԲՀԿ-ին. «Ստեղծված իրավիճակի մեղքի լրջագույն բաժինը ԲՀԿ-ինն է: Իհարկե, ժողովրդի մի լրջագույն զանգված գնում է ԲՀԿ-ի հետեւից, հանդիպումների, հանրահավաքների: ԲՀԿ-ն ռեյտինգ ունի, բայց այդ բարեգործությունը ո՞ւմ փողերով է արվում: Ինչո՞ւ բարեգործությունը չի վերածվում գիտության, կրթության, արդյունաբերության, մշակույթի եւ այլն: Որտեղի՞ց Ծառուկյանը խոշոր բարեգործ դարձավ»: Գառնիկ Մարգարյանն ասում է՝ ուրախ կլինի, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն նման մոտեցում դրսեւորեն. «Պրակտիկ գործ է պետք, ոչ թե լոզունգներ»:

Վերլուծելով իրենց երկօրյա մարզային այցելությունները եւ կուսակիցների հետ հանդիպումները՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ կուսակցականների շրջանում դոմինանտ կարծիքն այն է, որ Գագիկ Ծառուկյանը պետք է առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Հավանական համարո՞ւմ է մեր զրուցակիցը, որ հենց Ծառուկյանն էլ կլինի ընդդիմության միասնական թեկնածուն. «Չեմ կարծում, որ ՀՅԴ-ն կամ ՀԱԿ-ը գնան այդպիսի քայլի: Վայ Հայաստանին, եթե Գագիկ Ծառուկյանը լինելու է ՀՀ նախագահ»:

Եթե ամեն դեպքում նման սցենարներ զարգանան, «Հայրենիք ու պատիվը» կլքի՞ ՀԱԿ-ը՝ «Առավոտի» հարցին Մարգարյանը պատասխանեց. «Ես մի կողմ եմ թողել նեղ անձնական խնդիրները, եւ մեր կուսակցությունը ՀԱԿ է գնացել… վերջերս էլ լակոտներն ասում են՝ փոքրաթիվ կուսակցություն է, Մարգարյանը Միշիկոյի պատվերն է կատարում, ո՞վ է էդ Միշիկոն՝ չեմ հասկանում: Էդ լակոտը չի հասկանում, որ Մարգարյանը 20 տարի կռվում է, երեք անգամ կալանքի է ենթարկվել, զրկվել է պաշտոնից եւ այլն: Սա հարցի մի կողմն է: Ես ՀԱԿ եմ գնացել, որովհետեւ 2007-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը բավականին համարձակ մտավ քաղաքականություն եւ ուզում էր երկիրը փրկել: Բոլորը լավն են, բայց նրանք չեն կարող հակակշիռ լինել ստեղծված հանցավոր ռեժիմին եւ պայքար ծավալել»: Հետաքրքրվեցինք նաեւ՝ իր կարծիքով՝ հիմա առաջին նախագահը կարո՞ղ է հակակշիռ լինել Սերժ Սարգսյանին, հնարավո՞ր է երկրորդ անգամ բոցավառել նույն կրակը, քանի որ ՀԱԿ-ը կորցրել է իր նախկին դերը, եւ հասարակությունն էլ հիասթափված է: Մարգարյանը կարծում է, որ հնարավոր է, միայն պետք է ցանկանալ եւ լավ աշխատել. «Մարդիկ որ վճռականություն եւ հանդգնություն տեսնեն՝ ավելի մեծ մասսա կգա ՀԱԿ-ի ետեւից, քան նախկինում էր գալիս»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930