Լրահոս
Օրվա լրահոսը

«Դինո գոլդ»-ի Գեղանուշի պոչամբար տանող խողովակաշարի վթարի հետեւանքով շրջակա միջավայրին հասցրած վնասը կազմել է 2 մլն 888 հազար դրամ

Նոյեմբեր 18,2012 17:40

ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը հաշվարկել է նոյեմբերի 15-ին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությանը պատկանող Գեղանուշի պոչամբար տանող խողովակաշարում տեղի ունեցած վթարի հետեւանքով շրջակա միջավայրին հասցրած վնասի չափը: Նշենք, որ հինգշաբթի օրը Կապանից Ծավ տանող ճանապարհի երկայնքով կառուցված պոչամբարի խողովակաշարի վրա անցք էր բացվել, որտեղից էլ պոչամբար հոսող թափոնների արտահոսք է եղել մերձակա ճանապարհ եւ ասֆալտապատ տարածքին հարող հողատարածք:

Խողովակաշարի վթարը տեղի է ունեցել Կապան-Ծավ ճանապարհի առաջին կմ-ում, որի մասին տեսչությունն ահազանգ ստացել էր ընկերության աշխատակիցներից: Նույն օրը ընկերության կողմից վերացվել է վթարը, վնասը նվազեցնելու համար վնասված խողովակաշարը փոխարինվել է պահեստային խողովակներով, իսկ շրջակայք արտահոսած թափոնները բարձվել են մեքենաները եւ  տեղափոխվել պոչամբար:

«Մեր կողմից հանձնարարական էր տրվել տարծքը մաքրել եւ լվանալ թափոններից, ինչն էլ արվել էր: Տեղում կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ  վթարի հետեւանքով աղտոտվել էր  ասֆալտապատ տարծքը հարող 288 ք.մ հողատարածքը, ջրային ռեսուրսներին ոչ մի վնաս չէր հասցվել: Ընկերության կողմից շրջակա միջավայրին հասցրած վնասի չափը կազմել է 2 մլն 888 հազար դրամ: Հավանաբար պոմպի հզորության տակ հոսող այդ ջրերի խողովակաշարի ցնցումների պատճառով էր, որ խողովակների միացման տեղում անցք էր  բացվել եւ թափոները լցվել էին շրջակայք», – տեղեկացրեց բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը, ով հավելեց, որ արձանագրված դեպքը այս տարվա թվով երկրորդ վթարն է, որը գրանցվել է «Դինո գոլդ»-ում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930