Լրահոս
Օրվա լրահոսը

Շոումեն Սամվել Գրիգորյան. ԱՄՆ-ում Մերիին նմանեցրին Քիմ Քարդաշյանին

Նոյեմբեր 21,2012 14:57

Վերջերս Գլենդելի (ԱՄՆ) «Ալեքս» թատրոնում կայացել է «Armenian Golden Star» մրցանակաբաշխությունը: Ի թիվս այլ անվանակարգերի, առանձնացվել է «Տարվա լավագույն երգչուհին» (Սիլվա Հակոբյան), «Տարվա լավագույն երգիչը» (Արմենչիկ), «Տարվա լավագույն վոկալիստը (Համլետ Գեւորգյան),

«Տարվա լավագույն ժողովրդական երգիչը» (Գեւորգ Չաքմանյան) եւ այլք:

Այսօր «Վարկած» ակումբում հյուրընկալվել էին Armenian Golden Star-ի հատուկ մրցանակակիր Մերի Մակարյանն ու Սամվել Գրիգորյանը: Մերին ճանաչվել է «Տարվա լավագույն դերասանուհի», իսկ Սամվելը՝ «Տարվա լավագույն շոումեն-երգիչ»:

Խոսելով «Armenian Golden Star»-ի մասին՝ Սամվել Գրիգորյանն ասաց, որ այն ամփոփում է համահայկական երաժշտական իրականության մեջ կատարվող ամեն բան, ու պատահական չէ, որ միջոցառման ժամանակ առաջին շարքում նստած են եղել այնպիսի անվանի դեմքեր, որոնց թվում են Կոնստանտին Օրբելյանը, Պապին Պողոսյանը, Արաքսյա Վարդերեսյանը: Ինչ վերաբերում է Մերի Մակարյանին, նրա հետ արդեն համագործակցում է շուրջ մեկ տարի, միջոցառումների շրջանակներում այցելում են սփյուռքահայ գաղթօջախներ: Երգիչ-շոումենը նշեց, որ հունվարին էլ Փարիզ են գնալու ու իրենց հետ տանելու են հայերեն այբբենարաններ:

Մերի Մակարյանը տպավորված էր ինչպես ԱՄՆ այցելությունից, այնպես էլ մրցույթից. «Շատ հուզիչ էր, ասես հայկական գեղեցիկ, փոքրիկ հավաքույթ լիներ: Բոլորը կարոտած աչքեր ունեին ու հարմար առիթով հայրենիք վերադառնալու ցանկություն»:

Aravot.am-ը «Դժվար ապրուստ» սերիալից հայտնի դերասանուհուց եւ հաղորդավարուհուց հետաքրքրվեց՝ ոչ թե սերիալում, այլ ֆիլմում նկարահանվելու առաջարկներ ստացե՞լ է այլ ռեժիսորներից: «Այո, եղել է մի քանի առաջարկ, բայց մինչեւ այս նախագիծը չավարտվի, դրանք չեմ կարող քննարկել»,-պատասխանեց Մերին, որը մասնագիտությամբ բանասեր է, նաեւ ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Իսկ երբեւէ աշխատե՞լ է մասնագիտությամբ: «Դասավանդել եմ ավագ դպրոցում»,- պատասխանեց նա:

Սամվել Գրիգորյանն էլ մի զվարճալի միջադեպ պատմեց. «Բեւերլի Հիլզում ծանոթացանք մի երիտասարդի հետ, որը մի ժամանակ աշխատանքային, իսկ այժմ ընկերական հարաբերությունների մեջ էր Քիմ Քարդաշյանի հետ: Երբ նա տեսավ Մերիին, բացականչեց՝ օ՜, ինչ նման եք դուք իրար: Ապա ցանկություն հայտնեց, որ հաջորդ ԱՄՆ այցելության ժամանակ անպայման ծանոթացնի Մերի Մակարյանին ու Քիմ Քարդաշյանին»:

Մրցանակակիրները, պատասխանելով հարցին, նշեցին, որ մրցանակը ֆինանսական չէր, բայց այդ գումարը չէր կարող ավելի ուրախացնել իրենց, քան այն գեղեցիկ արձանիկը, որ ստացել են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930