Լրահոս
Օրվա լրահոսը

Երթ` նվիրված Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրվան (ֆոտոշարք)

Նոյեմբեր 25,2012 15:56

Նոյմեբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրն է: Արդեն  7 տարի է Կանանց ռեսուրսային կենտրոնը այդ օրն իրականացնում է երթ: Այս տարի այն մեկնարկեց Ավետիք Իսահակյանի արձանի մոտից եւ ավարտվեց «Մոսկվա» կինոթատրոնի առջեւ: Ընթացքում անցորդներին բաժանվում էին ինֆորմացիոն թերթիկներ:

Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Նառա Ահարոնյանը Aravot.am-ին ասաց, որ իրենց երթը ուղղված է հասարակության իրազեկության բարձրացմանը:
«Սա անում ենք միասնական լուծումներ գտնելու համար»,-նշեց Ահարոնյանը: Ըստ նրա, կանանց խնդիրներն այսօր շատ են` ընտանեկան բռնությունից մինչեւ սեռական բռնություն:

«Ընտանեկան բռնության մասին օրենք չկա: Կարծում եմ այս երթը նախնական քայլն է մեր նպատակին հասնելու համար: Սակայն միայն օրենքը բավարար չէ: Պետք է աշխատենք նաեւ կարծրատիպերի վրա, մոտեցումների վրա»,- փաստեց Կանանց ռեսուրսային կենտորնի ներկայացուցիչը:

Ահարոնյանը կարծում է, որ նախորդ տարիներին անցկացրած երթերի հետեւանքով մարդկանց իրազեկությունը բարձրացել է եւ կանայք ավելի քիչ են վախենում ու դիմում են իրենց. «Մեր թեժ գծի զանգերի թիվը շատացել է եւ եղել են դատական պրոցեսներ: Եթե չկա տեղեկատվությունը, ապա մարդիկ շատ դժվարությամբ են արձագանքում»:

Կանանց ռեսուրսային կենտրոնի կազմակերպած երթին մասնակցում էր մոտ յոթ կազմակերպություն:
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը առաջին անգամ էր մասնակցում նախաձեռնությանը: ՀԿ-ի հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության պատասխանատու Զառա Բաթոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հաշմանդամ կանայք եւ աղջիկները ավելի խոցելի են, դրա համար իրենք էլ են մասնակցում միջոցառմանը. «Երբ մենք խոսում ենք բռնության մասին, մոռանում ենք, որ նրանք նույնիսկ տարրական պաշտպանության միջոցներից են զրկված: Ցավոք, կանանց խնդիրներով զբաղվող շատ կազմակերպություններ չեն ներառում հաշմանդամ կանանց խնդիրները, ծառայություններ նրանց չեն մատուցում: Հաշմանդամ կանայք եւ աղջիկները շատ բաներից տեղյակ չեն եւ ունեն տեղեկատվության ու ռեսուրսների կարիք: Դրա համար էլ միացել ենք երթին»:

Բաթոյանն ասաց, որ աղջիկներ կան, ովքեր զրկված են կրթություն ստանալու իրավունքից եւ թվում է` ընտանիքը հոգ է տանում նրանց մասին:
«Հաշմանդամություն ունեցող աղջիկը կախված է լինում ընտանիքի անդամներից: Շատերը, ունենալով այլ աղջիկներ, ում պետք է ամուսնացնեն, ամոթ են համարում իրենց համար հաշմանդամ աղջիկ ունենալը: Նույնն է նաեւ տղաների դեպքում: Սա կարծրատիպերի արդյունք է եւ պետք է կոտրել դրանք»,- ասաց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության պատասխանատուն:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930