Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Հայկ Ալումյանը Մատաղիսի գործի մասին. «Նոր մեղադրանքի դեմ պայքարելու ենք նույն եռանդով, ինչ նախորդի դեմ»

Դեկտեմբեր 04,2012 23:33

Այս գործը 9 տարի շարունակ  տարբեր ատյաններում  քննելուց, անգամ Եվրադատարանում հայտնվելուց հետո, այսօր զինվորական դատախազությունը փոխեց 2003 թվականին ԼՂ-ի Մատաղիսի զորամասում զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ   կասկածվող  27-ամյա Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը: Դատախազները  9 տարի անց եկան այն եզրահանգման, որ այս երեք երիտասարդները  իրենց ծառայակից ընկերներին  ոչ թե սպանել են  դիտավորյալ , այլ նրանց մահվան են հասցրել անզգուշությամբ:

Նշենք, որ ամբաստանյալների պնդմամբ, իրենք բացարձակապես անմեղ են, կապ չունեն այդ սպանության հետ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն էլ, 4 տարի շարունակ քննելով գործը, ըստ էության,   չկարողացավ ապացուցել այս երիտասարդների մարդասպան լինելը:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ամբաստանյալների շահերի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց. «Դատավարության ժամանակ որևէ ապացույց ձեռք չբերվեց այս մեղադրանքը  հիմնավորող , հակառակը մի շարք  ապացույցներ ձեռք բերեցին, որոնք  բացառում են էս  մեղադրանքը: Ասենք օրինակ` մենք բերեցինք դեպքի վայրից տեսանյութ, մանրամասն նկարած այն հատվածը, որը էսօր ներկայացված է  որպես դեպքի վայր, և մենք կարողացանք տեսանյութի միջոցով ցույց տալ, որ այնպես, ինչպես մեղադրանքը ներկայացված է , դա էդտեղ տեղի ունենալ  չէր կարող` մի շարք պատճառներով: Այդ տեսանյութից պարզ երևում է, որ այդ մեղադրանքը չի կարող իրականությանը  համապատասխանել: Բայց  տեսանք, որ այնուամենայնիվ  մեղադրանքի կողմը շարունակեց պնդել, որ ամբաստանյալները այդ նույն պարագաներում իբր նույն գործողությունները կատարել են , միայն էնտեղ երանգներ փոխվեցին, երանգների փոփոխություն տեղի ունեցավ,  իբրև իրենք են ծեծելով հասցրել մահվան, բայց չեն գիտակցել, որ մահանալու են, այլ պարզապես մահը անզգուշության հետևանք է: Այսինքն դիտավորյալ ծեծել են , դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք են հասցրել, ուղղակի մահը անզգուշության հետևանք է: Էս մեղադարանքի հետ կտրականապես համաձայն չենք, այս մեղադրանքի դեմ պայքարելու ենք նույն եռանդով, ինչ նախորդ մեղադրանքի դեմ, թեև այս մեղադրանքը անհամեմատ ավելի մեղմ է, բայց մեզ մեղմությունը չէ հետաքրքիր, որովհետև անմեղ մարդու համար էդքան կարևոր չէ իր պատժի  մեղմ լինի, ինչքան որ արդարացվի»: Փաստաբանը  նաև ասաց, որ սպանության իրական կատարողը այսօր այս դահլիճում չէ : «Նա հիմա դուրսն է, և ամենյն  հավանականությամբ քմծիծաղ է տալիս,  երբ որ այսպիսի բաների մասին տեղեկանում է»,- եզրափակեց Հայկ Ալումյանը :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31