Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջեց 6 եւ 5 տարի ազատազրկում՝ 38,5 միլիոն դրամի գողության համար

Դեկտեմբեր 12,2012 14:46

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, Բերդ քաղաքում դեկտեմբերի 11-ի դատական նիստում մեղադրողը՝ Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Ներսես Չիլինգարյանը պահանջել է Կորյուն Ալավերդյանին դատապարտել 6, իսկ Մասիս Խաչատրյանին՝ 5 տարվա ազատազրկման:

Ամբաստանյալների պաշտպաններ Մհեր Դավթյանը եւ Ռուբեն Հակոբյանը դատարանից պահանջել են արդարացնել իրենց պաշտպանյալներին:

Այս դատավարությունը սկսվել է հոկտեմբերի 23-ին: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Կ. Ալավերդյանը, Մ. Խաչատրյանը Վանաձորի բնակիչ Վահե Թումասյանի հետ 2012թ. հունվարի 18-ին Բերդ քաղաքի բնակիչ Վլադիմիր Վանեսյանի ննջասենյակի պահարանից 38 միլիոն 488 հազար դրամ ընդհանուր արժեքով կանխիկ գումար եւ ոսկեղեն են գողացել: Վահե Թումասյանը հայտնաբերված չէ, նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Կորյուն Ալավերդյանը եւ Մասիս Խաչատրյանը նախկինում դատված են: 1970թ. ծնված Կորյուն Ալավերդյանը հաշվառված է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում, սական բնակվել է Բերդում, Մասիս Խաչատրյանը հաշվառված է եւ բնակվել է Վանաձորում: Կ. Ալավերդյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասին 1-ին եւ 1.1. կետերով, իսկ Մ.Խաչատրյանին՝ 177 հոդվածի 3-րդ մասին 1-ին եւ 1.1. կետերով:

Ավելի քան 38 միլիոն դրամ արժողությամբ գողոնից ոստիկանները հայտնաբերել են միայն մեկ ոսկե մատանի:

Ամբաստանյալները դատավարության ընթացքում հայտարարել են, որ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն համարում:

Այս գործով դատական հաջորդ նիստի օրը դեռ որոշված չէ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31