Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացած զինծառայողի մայր. «Ի՞նչն էր պատճառը, որ իմ ջահել երեխու կյանքը տարաք, չհասցրեց 19 տարեկանը լրացնի»

Դեկտեմբեր 12,2012 16:51

«Երեխուս ստամոքսի միջից շիլայանման զանգված են հանել, իբր ալկոհոլ են գտել` արյան մեջ: Երեխես ձյուդոիստ էր, սկի կոֆե չէր խմում` իր սպորտի համար: Երեխես մի կաթիլ անգամ ալկոհոլ խմած չկա: Ի՞նչ են սարքում, ինչի՞ են սարքում, հանուն ինչի՞ եք կեղծում, ո՞ւր պիտի հասնեք»,- այսօր նախագահական նստավայրի մոտ հոնգուր-հոնգուր լացելով` բղավում էր մահացած զինծառայող Հովսեփ Մկրտումյանի մայրը` Գրետա Մնացականյանը: Նա եկել էր մասնակցելու «Բանակն իրականում նախաձեռնության » կազմակերպած բողոքի ակցիային` ի պաշտպանություն Մատաղիսի գործով մեղադրվող Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի եւ Ռազմիկ Սարգսյանի:

Գրետա Մնացականյանի որդին ծառայել է Ղարաբաղի Մատաղիս գյուղի զորամասում: Նրա համոզմամբ` որդու դին գտել են հունվարի 9-ին, հանել են գետից ու դեռ քթից թարմ արյուն է հոսել, բայց դատական գործում ներկայացվում է, իբրեւ թե Հովսեփին սպանել են դեկտեմբերի 24-ին. «Հունվարի 2-ին երեխուս անվան դիմաց գրված է, որ պիտի գնա մարտական հենակետ են ասում: Եթե մահացած էր,ո՞նց է գնում հերթապահության, ո՞ւր պիտի հասնեն կեղծիքներով, ի՞նչն էր պատճառը, որ իմ ջահել երեխու կյանքը տարաք: Չհասցրեց 19 տարեկանը լրացնի երեխես: Ո՞ւմ համար էր գնում: Սիրով գնում էր` հայրենիքին պաշտպան, մեռներ էդ հայրենիքը: Երեխուս խոհարար էին տանում, ասի` գնա գրվի, ասեց չէ, մամ, գնում եմ հասարակ զինվոր: Մենք քեֆ ենք արել, քեֆով-ուրախությունով ճանապարհեցի երեխուս: Հիմա էլ դատարաններում ձգում են ու ձգում են, չգիտեմ ինչ են որոշում»:

Նա վստահեցնում էր, որ Հովսեփի սպանության համար դատապարտվածների ոչ մեկի ցուցմունքը իրար չի բռնում: Մեղադրյալները չեն իմացել անգամ, որ Հովսեփը ցածրահասակ է եղել. «Ասում էին` բոյովին գցել ենք էս կամուրջից: Դա իմ տղան է եղել, նա բոյով չէ»:

Նա պահանջում է պատժել իրական մեղավորներին` հրամանատարին, որը ոչ մի դատական նիստին չի եկել. «Ասե՞ղ էր, որ կորավ դեզի մեջ, չեն կարողանում գտնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31