Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստ. «Պատժախուցը տրամադրող միջավայր է` կարդալու եւ մի քիչ մտածելու համար»

Դեկտեմբեր 14,2012 15:59

«Խուլիգան ոստիկաններ», «Ոչ քաղաքական հետապնդումներին» եւ նման ցուցապաստառներով այսօր կոնգրեսականները ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների, գլխավոր դատախազության մոտ հերթական բողոքի ակցիան էին անցկացնում:

Ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երեկ Վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել, եւ եթե մի քանի ժամ էլ ուշացնեին` հնարավոր է՝ արդեն կալանավորված լինեին: Մեկ ամսվա ընթացքում Վճռաբեկ դատարանը կա’մ պետք է բողոքն ընդունի վարույթ, կա’մ մերժի, որից հետո ողջամիտ ժամկետում պետք է որոշում կայացնի` դատարանի որոշումը բեկանի՞, թե՞ թողնի նույնը: Սարգիսը որեւէ ակնկալիք չուներ Վճռաբեկից էլ:

Մեր հարցին` հոգեբանորեն արդեն պատրա՞ստ եք ազատազրկման` Սարգիսը պատասխանեց. «Հոգեբանորեն մենք պատրաստ ենք սրան այն օրվանից, երբ մտել ենք այս պայքարի մեջ: Որեւէ անակնկալ չկար այստեղ: Առաջին օրվանից էլ մենք տրամադրված ենք եղել իշխանության ամենաբիրտ մեթոդներին, որը կարող էր լինել մեր նկատմամբ` ազատազրկում, ֆիզիկական ներգործություն: Այնպես որ, տրամաբանական էր այս գործի ընթացքն էլ: Մենք բազմիցս ապացուցել ենք իշխանությանը, որ մենք պատրաստ ենք եղել այդ կռվին: Մենք ազատազրկման վայրից էլ կռիվ կանենք»:

Մեր դիտարկմանը, որ դու կարող էիր ամենասովորական ուսանող լինեիր, քեզ համար գնայիր դասի-գայիր, չմտնեիր քաղաքական պայքարի մեջ ու քեզ չէր սպառնա այս ազատազրկումը, չե՞ս զղջում հիմա, որ քո կյանքից մի քանի տարի փաստորեն կորելու է` նա պատասխանեց. «Բացարձակ չեմ փոշմանել, որովհետեւ երբեք չեմ հավակնել ապրելու հարմարավետ կյանքով, բայց անտեսել այն, ինչ կատարվում է երկրում, անտեսել այն երեւույթները Հայաստանում առկա, որոնք ուղղակի Հայաստանը դեպի կործանում են տանում: Այս երեք տարվա ընթացքում ես մենակ շահել եմ թե’ կրթության առումով, թե’ ժամանակի արդյունավետ ծախսման առումով: Իմ ամեն օրը հիմա ես համարում եմ, որ օգուտ է Հայաստանի ապագայի վերականգնման գործում: Այդ առումով ես բացարձակապես չեմ փոշմանում: Եթե անգամ պահանջվի եւս 5 տարի, ես, միեւնույն է, եւս 5 տարի կմնամ այդ նույն դիրքերում»:

Մեր հարցին` պատկերացնո՞ւմ ես քեզ պատժախցում` նա պատասխանեց. «Ես էլի եմ եղել պատժախցում: Տրամադրող միջավայր է` կարդալու եւ մի քիչ մտածելու համար: Ինչքան էլ որ մեզ ազատազրկում են պատերով, մենք այնտեղ մեզ չենք համարում կալանավոր, մենք գիտենք հստակ, թե ինչի համար ենք այնտեղ ու գիտենք, որ մենք այնտեղ ենք, որովհետեւ իշխանությունները վախենում են այն պրոցեսից, որը գնում է հիմա: Մենք այնտեղ ենք լինելու այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները վախենում են մեզնից: Եթե այդ վտանգը վերանա, ուրեմն մենք մի բան սխալ ենք անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31