Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնկալում ենք Սերժ Սարգսյանի հստակ քայլերը՝ նման լկտի, քրեորեն պատժելի պահվածք թույլ տված ՀՀԿ-ական պատգամավորի հանդեպ

Դեկտեմբեր 20,2012 11:15

 ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, երեկ հերթական անգամ ինքնադրսեւորվել է՝ «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին ասելով. «Դավայ, դավայ, յալլա, կտամ ծնոտդ կպոկեմ։ Կապներդ լրիվ կտրել եք»։ Ընդ որում, նա դա ասել է ԱԺ միջանցքում՝ առանց անգամ լրագրողի հարցը լսելու, եւ շատ լավ իմանալով, որ այդ ամենը տեսագրվում է։ Այսինքն՝ Թոխմախի Մհերը լրիվ կապը կտրել է եւ բացարձակապես թքած ունի բոլորի, այդ թվում եւ՝ ընդամենը հինգ օր առաջ ապահով Հայաստան կառուցելուց խոսող իր կուսակցապետ Սերժ Սարգսյանի հեղինակության վրա։ Հիշեցնենք, որ իր երկարաշունչ ելույթում Սերժ Սարգսյանը հավատացնում էր. «Հայաստանցիների նոր սերունդն անպատժելիության այլեւս հանդիպելու է միայն ծնողների հուշերում»։ Նաեւ հավաստիացնում՝ «մեր հավաքական կամքը դեմ հանեցինք ամենաթողության դրսեւորմանը, մենք արմատապես մերժեցինք լրագրողների հանդեպ ուժի կիրառման պրակտիկան, մենք աղբանոց նետեցինք ուժի դիրքերից հանրային խոսքը»։ Սակայն երեկվա միջադեպից հետո ստիպված ենք արձանագրել, որ Թոխմախի Մհե՛րն իր վարքագծով աղբանոց նետեց ՀՀԿ ղեկավարի խոսքը։ Ու որքան էլ ցավալի է, բայց շատ էլ լավ արեց։ Որովհետեւ հենց նույն Սերժ Սարգսյանը նրան բերեց ԱԺ։ Թերեւս շատերն են հիշում, որ անցած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական քարոզարշավը Սերժ Սարգսյանը սկսեց հենց Էրեբունուց՝ կոչ անելով մեծամասնական ընտրակարգով ընտրել Թոխմախի Մհերին։ Եվ հատուկ շեշտենք, որ արդեն դրանից մեկ ամիս առաջ Մհերն իրեն գրեթե նույնպիսի լկտիությամբ էր պահել ՀՀԿ գլխավոր գրասենյակի մուտքի մոտ, երբ լրագրողներից մեկը փորձել էր նրան նկարել։ Այդ ժամանակ էլ նա խոստացել էր լուսանկարողի գլուխը ջարդել։ Ասել է թե՝ Թոխմախի Մհերի նման վարքագիծն ամենեւին էլ նորություն չէր Սերժ Սարգսյանի համար։ Ու երբ նա այդքանից հետո Ազգային ժողովը լցրեց նման տարրերով, դրանով հերթական անգամ ապացուցեց, որ իր ճռճռան ելույթները ոչինչ չարժեն։

Եվ եթե հասարակության մեջ դեռեւս կային հատվածներ, որոնք ոգեւորվում էին Սերժ Սարգսյանի հմուտ ճառագիրների գրած գեղեցիկ ելույթներով, ապա «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը հնչեցնելուց ընդամենը մեկ օր հետո համացանցում հայտնված ԱԺ երկու պատգամավորների զրույցի գաղտնալսված ձայնագրությունն ու լրագրողի ծնոտը պոկելու երեկվա սպառնալիքը վերջնականապես ի ցույց դրեցին ՀՀ քաղաքացիների անապահովության աստիճանը։ Իսկ եթե դա այդպես չէ, եթե մենք, այնուամենայնիվ սխալվում ենք, ապա այդ դեպքում ակնկալում ենք Սերժ Սարգսյանի հստակ քայլերը՝ մասնավորապես մեր գործընկերոջ նկատմամբ նման լկտի, քրեորեն պատժելի պահվածք թույլ տված ՀՀԿ-ական պատգամավորի հանդեպ։ Նաեւ՝ պահանջում ենք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից՝ Թոխմախի Մհերի (կարծում ենք, որ այս պարոնն արժանի չէ, մականունից բացի, այլ դիմելաձեւի) հարցը քննարկել ԱԺ էթիկայի հանձնաժողովում։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31