Լրահոս
Օրվա լրահոսը

Ասադը խաղաղություն հաստատելու նոր ծրագրով է հանդես եկել

Հունվար 06,2013 19:39
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կիրակի օրը հանդես է եկել պատերազմից ավերված երկրում խաղաղություն հաստատելու նոր նախաձեռնությամբ:

Դամասկոսի Օպերայից հեռուստատեսային ուղերձով դիմելով սիրիացիներին` Ասադը առաջարկել է ազգային հաշտության գագաթնաժողով անցկացնել եւ նոր Սահմանադրություն մշակել:

BBC-ի փոխանցմամբ` սա անցյալ տարվա հունիսից ի վեր Ասադի առաջին հանրային ելույթն էր: Իր ելույթում Սիրիայի նախագահը ընդդիմադիրներին անվանել է «արեւմտյան խամաճիկներ» եւ ասել, որ Սիրիան ուզում է բանակցել «ոչ թե ծառաների, այլ տիրոջ հետ»: Ասադը հայտարարել է, որ Սիրիան չի մերժել դիվանագիտական քայլերը, սակայն նաեւ պնդել, որ չի բանակցի «ահաբեկչական գաղափարներ ունեցող մարդկանց հետ»:

«Կան մարդիկ, որոնք ուզում են մասնատել Սիրիան եւ թուլացնել այն: Բայց Սիրիան ավելի ուժեղ է եւ կմնա սուվերեն պետություն: Եվ սա է, որ տխրեցնում է Արեւմուտքին», – ասել է Ասադը, ում ելույթը ժամանակ առ ժամանակ ընդհատվել է ներկաների ծափողջույններով եւ բացականչություններով:

Իր ելույթում Սիրիայի նախագահը նաեւ ասել է, որ իր նախաձեռնությունը կարող է իրականանալ, եթե Արեւմուտքի եւ տարածաշրջանի երկրները դադարեն ֆինանսավորել «մարդասպան հանցագործներին»:

Սիրիայի ընդդիմադիր ազգային կոալիցիան արդեն մերժել է Ասադի առաջարկությունը: Կոալիցիայի խոսնակ Վալիդ Բուննին Reuters-ին ասել է, որ ընդդիմության համար որեւէ լուծում ընդունելի չէ, եթե այն չի ներառում Ասադի եւ նրա կառավարության հրաժարականը:

Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Բաշար ալ-Ասադը պետք է հրաժարական տա: «Արյան ամենամեծ բաժինը նրա ձեռքերին է», – ասել է նա:

ՄԱԿ-ի տվյալներով` կառավարական զորքերի եւ ընդդիմության միջեւ արդեն 21 ամիս տեւող բախումների ընթացքում 60 հազարից ավելի մարդ է զոհվել Սիրիայում:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031