Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, որ Ռուսաստանը Հայաստանից պահանջում է ներկայացնել սանիտարական ստուգումների արդյունքները եւ հստակ ծրագիր՝ ԵԱՏՄ անասնաբուժական ու բուսասանիտարական պահանջները պահպանելու համար։
«Եթե Ռուսաստանի համապատախսան մարմինները մտահոգություն ունեն, մենք թափանցիկ ենք, ասում ենք՝ եկեք ստուգեք, եկեք իրար հետ ստուգենք։ Ինչո՞վ է ավարտվելու այս պատմությունը, այս պատմությունն ավարտվելու է դիվերսիֆիկացիայով։ Այսինքն՝ եթե նույնիսկ հենց հիմա, մեկ ժամից Ռուսաստանի շուկան 100 տոկոս բացվի, միեւնույն է, մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրելու, որ դիվեսիֆիկացիան տեղի ունենա, որպեսզի այս իրավիճակներից մենք մեզ ընդմիշտ ապահովագրենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծին՝ Փաշինյանն ասաց․ «Համապատասխան համաձայնագիրը վավերացման գործընթաց է ապրում, եւ ԹՐԻՓՓ ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն են հիմա ավարտին հասնում։ Նկատի ունեմ՝ ոչ մի խոչընդոտ չկա, պարզ աշխատանքային գործընթաց է, որը ժամանակ է տանում։ Հայաստանի եւ ԱՄՆ ներկայացուցիչներն իրար հետ աշխատում են։ Իսկ խաղաղության հաստատման ոչ մի խոչընդոտ չկա, որովհետեւ խաղաղությունը հաստատված է։ Իրադրությունն այն է, որ խաղաղությունը կա, տեղում է, ուրիշ բան, որ խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ պետք է քայլեր գործադրենք։ Եվ ԹՐԻՓՓ-ն էլ է խաղաղության ինստիտուցիոնալացման քայլերից, որովհետեւ երբ ճանապարհները բացվեն, եւ տեղի ունենա ապաշրջափակում, դա շատ ուժեղ երաշխիք է խաղաղության»,- ասաց նա։
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ աշխատանքը շարունակվելու է, եւ մենք շարունակում ենք ադրբեջանական կողմի հետ այդ թեմայով աշխատել»,- հայտարարեց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































