Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկի նորահռչակ թեմի եկեղեցիներում տրվեց Սուրբ Ծննդյան ավետիսը

Հունվար 07,2013 12:54

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ

ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ

Այս խոսքերով հունվարի 5-ի երեկոյան Արթիկի նորահռչակ թեմի եկեղեցիներում տրվեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը:

Եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ («ճրագալույց» նշանակում է ճրագ վառել, որը խորհրդանշում է Բեթղեհեմյան Աստղը): Այդ երեկո եկեղեցիները լեփ-լեցուն էին մարդկանցով, հատկապես մեծ էր երիտասարդների թիվը, որոնց ձեռքերին վառված ճրագները խոսում էին նրանց սիրո և հույսի մասին, որ նրանք հավատով պատրաստվում էին տանել իրենց տները:

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության սքանչելի տոնը ժողովրդի ամենասիրված և սպասված տոներից է, որը տոնում են մեծ խանդավառությամբ:

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագներ տեղի ունեցան Արթիկի Լմբատավանքում, Սուրբ Գևորգ եկեղեցում (Վարագատանը), Լեռնակերտի Սուրբ Հովհաննես եկեղեցում` ձեռամբ Արթիկի հոգևոր հովիվներ` Տեր Սողոմոն քհն. Մինասյանի, Տեր Լևոն քհն. Հովհաննիսյանի և Տեր Եղիշե քհն. Նազարյանի: Լեռնակերտի Սուրբ Հովհաննես եկեղեցում Սբ. Պատարագին ներկա էր նաև Գերաշնորհ Տեր Հովակիմ եպս. Մանուկյանը: Նա քարոզով հանդես եկավ և իր բարեմաղթանքներն ու շնորհավորանքները հղեց ներկաներին:

Հաջորդ օրը` հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Արթիկի թեմի առաջնորդի և հոգևորականաց դասի կողմից կատարվեցին Սբ. Ծննդյան Պատարագներ և Ջրօրհնեքի արարողություններ Լմբատավանքում և Արթիկի Վարագատանը: Պեմզաշենի Սուրբ Աստվածածին, Մեծ Մանթաշի և Արևշատի նույնանուն եկեղեցիներում և Մեղրաշենի Լույս Գերեզման եկեղեցում Սբ. Պատարագը մատուցվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների կողմից:

Լմբատավանքում Սբ. Պատարագը մատուցեց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովակիմ եպս. Մանուկյանը: Պատարագին մասնակցում էին նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գևորգյան Ճեմարանի, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի և Հառիճի ընծայարանի սաները: Ներկա էին Արթիկի քաղաքապետը և քաղաքապետարանի այլ աշխատակիցներ: Սրբազանը ժողովրդին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորանքներն ու պատգամը սուրբ տոնի առթիվ:

Սբ. Պատարագի ավարտին կատարվեց Ջրօրհնեքի արարողություն: Հատկապես մեծ օրհնություն էր բոլոր ներկաների համար, երբ Սրբազանը Հորդանանից բերված ջրով և Մյուռոնով կատարեց ծիսակարգը:

Սուրբ Ծննդյան տոնը ջերմությամբ լցրեց բոլորի հոգիները և հուսանք, որ նոր 2013 թվականին այս տոնի մեծ ու հրաշալի խորհուրդը կնպաստի մեր քաղաքացիների և հայրենակիցների հոգևոր ծաղկունքին, աստվածպաշտությանը և ի Քրիստոս հավատքի զորացմանը:

Դիվան Արթիկի Թեմի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել