Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը Ծառուկյանին ու Տեր-Պետրոսյանին խաղից դուրս հանեց առանց կոպիտ շանտաժների»

Հունվար 08,2013 17:13

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով, ինչո՞ւ ԲՀԿ       առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեցին իրենց թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում: Արդյոք պատճառը 2008 թվականին Սերժ Սարգսյանի կողմից ընդդիմադիրներին բանտախցեր ուղարկելն ու աչք վախեցնե՞լը չէր, որը և արդյունավետ դաս եղավ նախագահի աթոռին հավակնող ցանկացած մեկի համար:

«Ես չեմ գտնում է, որ այդպես է. նախ Սերժ Սարգսյանին հաջողվեց ոչ թե կոպիտ շանտաժային մեթոդներով խաղից դուրս հանել երեք խոշոր ուժերին` ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին և ՀՅԴ-ին, այլ հաջողվեց հետևյալ կերպ. ԲՀԿ-ի մեջ մեջ մտնող անձինք մեծամասամբ ներկայացնում են գործարար խավը, և ինքնըստինքյան Հայաստանի Հանրապետությունում ոչ մի գործարար չի կարող գործել ազատ և անկաշկանդ, եթե չունի պետության կողմից հովանավորություն: Ամենառաջին օրինակը, երբ որ սկսեցին շատ ակտիվորեն հետապնդել ԲՀԿ-ական այն պատգամավորին, որը զբաղվում էր ռենտայով, այսինքն վարձակալության էր տալիս իր տարածքները, ես անուն չեմ ուզում տալ, սա արդեն իշխանության կողմից մեսիջ էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որ եթե վերջինս շարունակի իր ակտիվ գործունեությունը, ապա կարող են այլ պատգամավորներ ևս ենթարկվել համապատասխան պատժի: Բացի դրանից, մենք չպետք է մոռանանք, որ բավականին մեծ քրեական գործեր կան հարուցված այն նախարարությունների պահով, որոնք ժամանակին գտնվել են ԲՀԿ-ի ձեռքում, դա թե քաղաքաշինության, և թե առողջապահության նախարարություններն են: Եվ մենք չենք կարող ասել, թե բոլորը մեղավոր են, բացի նախարարներից: Եթե հանրային գրադարանի շենքը խայտառակ վերանորոգման է ենթարկվել, այստեղ պետք է փնտրել նախարարին, եթե առողջապահության ոլորտում ահռելի քանակությամբ կեղծիքներ կան դեղորայքի գնման պահով, ապա ո՞նց կարող ենք ասել, որ նախարարը բացարձակ տեղյակ չէ: Նախարարները չեն պատժվել, որովհետև մինչ այդ պահը ԲՀԿ առաջնորդը երբիցե չէր հայտարարել, որ ինքը կդնի իր թեկնածությունը, եթե դներ, ապա այս ամեն ինչը կլցվեր լրատվական դաշտ և մեծ աղմուկ կբարձրանար: Գագիկ Ծառուկյանը այս պարագայում ավելի շատ մտածեց ոչ միայն իր մասին, այլ իր կուսակիցների մասին, որոնցով ինքը շրջապատված է, և երևի թե այս քայլով զերծ պահեց իր կողմնակիցներին հետապնդումներից», -ասում է քաղաքագետը:

Մեր զրուցակցի կարծիքով, այլ իրավիճակում էր ՀԱԿ-ը: «Այս ուժի նկատմամբ իշխանությունները չեն կարող վերահսկողության սահմանել, որովհետև ինքն իրոք 100 տոկոսանոց օպոզիցիա էր ներկայացնում իրենից, սակայն այստեղ խնդիրն այն է, որ ՀԱԿ-ը իր սխալների պատճառով կորցրեց իր ընտրազանգվածը` կոնկրետ շատ սերտ կապեր հաստատելով ԲՀԿ-ի հետ»:

Քաղաքագետի մեկնաբանմամբ, կարելի է քննարկել այլ վարկածներ ևս: «Բացի այս ամենից, կարող եմ ասել, որ սա միգուցե 3 կուսակցությունների` ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ միջև ձեռք բերված պայմանավորվածություն էր , որով իրենք ոչ բացեիբաց, բայց բոյկոտի են ենթարկում ընտրությունները: Կարելի է այլ վարկած ևս ընդունել, միամիտ տեղը մենք կարող ենք դառնալ մի շատ հետաքրքիր քաղաքական գործընթացի ականատեսը: Հնարավոր է, որ նույն ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն գործող իշխանություններին չխանգարելու դիմաց ևս ներգրավվեն կոալիցիայի մեջ: Այնպես որ, մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, իսկ քաղաքականությունը այնպիսի ոլորտ է, որտեղ չկան մշտական թշնամիներ, այլ կան մշտական շահեր, իսկ շահը իշխանությունն է և փողը», – եզրափակեց Գագիկ Համբարյանը :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031