Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնասիրության տվյալներով` հայաստանյան ԶԼՄ-ներում առավել հաճախ հիշատակվել է գործող նախագահը

Հունվար 16,2013 17:36

Երեւանի մամուլի ակումբն իրականացրել է Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում 2013թ-ի  նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկում՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԵՄ աջակցությամբ: Այսօր այս մասին «Հենարան» ակումբում հայտնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նա նշեց, որ հետազոտության «օբյեկտ» է հանդիսացել համազգային 6 հեռուստաալիք՝ «Հ1», «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Հ2», «Շանթ», «Արմնյուզ»:

Հետազոտության առաջին փուլի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, Հայաստանի ԶԼՄ-ները քաղաքական ուժերի կամ ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուների հանդեպ  խտրականություն եւ կողմնակալություն չեն դրսեւորել: Սակայն կարելի է ասել, որ ԶԼՄ-ները ընտրողներին ըստ պատշաճի չեն օգնել կողմնորոշվելու հարցում, ինչի պատճառը ստեղծված ներքաղաքական իրավիճակն է:

Ուշագրավ է, որ ուսումնասիրության երկրորդ փուլի արդյունքների համաձայն՝ հնարավոր թեկնածուներին եթերում  խոսքի տրամադրման հաճախակիության առումով առաջատար է «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ում անունն ի վերջո չի հայտնվել ցուցակում: Հնարավոր թեկնածուների` եթերում բոլոր հիշատակումների 43,0 տոկոսը  բաժին է ընկել այն ութ թեկնածուներին, ովքեր ի վերջո կմասնակցեն նախահագական աթոռի համար պայքարին»:

Նավասարդյանի խոսքով. «Քաղաքական ուժերի եւ հնարավոր թեկնածուների հանդեպ ամենամեծ ուշադրությունը ցուցաբերել է «Արմնյուզ» հեռուստաալիքը, իսկ ամենաքիչը` «Շանթը» եւ «Արմենիան»:

Ինչ վերաբերում  է  քաղաքական ուժերին, հայաստանյան հեռարձակվողների ուշադրության կենտրոնում է հայտնվել հինգ քաղաքական ուժ` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», իսկ «Օրինաց Երկիրը» քիչ ուշադրության է արժանացել: Ընդհանուր առմամբ, հետազոտության ողջ ժամանակահատվածում հնարավոր թեկնածուներից առավել հաճախ հիշատակվել է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031