Շոուբիզնեսյան ներկայացուցիչներից շատերը 2013 թվականն իսկապես հաջող են սկսել. դա է փաստում նաև այն, որ վերջին շրջանում շոուբիզնեսյան նորությունների զգալի մասը նոր երգերի կամ տեսահոլովակների մասին է:
«Արամ MP3-ն սիրում է, երբ իրեն ներկայացնում են առաջին հերթին որպես երգիչ, հետո` հումորիստ: Նա այսուհետեւ ավելի հաճախ առիթներ կստեղծի իր մասին խոսելու որպես երգիչ, քանի որ բացի ակումբային մենահամերգներից, առաջիկայում պատրաստվում է ներկայացնել տեսահոլովակ, հեղիանկային նոր երգեր ու ձայնասկավառակ», – գրել Bravo.am-ը: Նա գարնանը կներկայացնի «If I Try» նոր երգն ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Երգի երաժշտությունը ստեղծել է DJ Սերժոյի հետ համատեղ, իսկ անգլերեն տեքստը գրել է Գարիկ Պապոյանը. «Փոփի ու բալլադի մեջտեղում գործ է, ռոքային չէ, բայց լրիվ փոփ էլ չէ: Երգին ավելի շատ անգլերենն էր համապատասխանում, բայց չի բացառվում, որ հետագայում հայալեզու գործեր էլ կներկայացնեմ», – հայտնել է Արամ MP3-ն:
Նոր տեսահոլովակ է ներկայացնելու նաև Միհրան Ծառուկյանը. երգը կոչվում է «Թե կուզես»: Երգչի հետ տեսահոլովակում նկարահանվել են «Ամարաս» խմբի աղջիկները, իսկ մյուս մասնակիցներն «Ինդիվիդում քասթինգ»-ի կողմից հրավիրված երիտասարդներ են. «Այս անգամ ես չեմ պարի, բայց պարային հետաքրքիր հատվածներ կլինեն: Լինելու է հերոսուհի, որի դերում հանդես է եկել Մարիաննա Մկրտչյանը, եւ իր ընկերուհին: Որոշ կադրեր էլ տանն ենք նկարելու»,- Bravo.am-ին պատմել է Միհրան Ծառուկյանը:
«Empyray» ռոք խումբը դադարից հետո վերադառնում է նոր տեսահոլովակով, երգը հենց այդպես էլ կոչվում է՝ «Վերադառնում եմ»: Տեսահոլովակի նկարահանման աշխատանքները ընթացքի մեջ են. «Այն հեռուստադիտողի դատին կներկայացվի 15-20 օրից: Երաժշտության և խոսքերի հեղինակը Գիսանե Պալյանն է: Տեսահոլովակի ռեժիսորը` Բաբկեն Ադամյանը: Գաղափարն ու անիմացիոն աշխատանքների միտքը Մուշեղ Գարուկյանինն է: Օպերատորներն են Գևորգ Դարբինյանը և Հակոբ Մխիթարյանը», – գրել է ArmStar.am-ը:
Թաթա Սիմոնյանը զարմացրել է շատերին, նա ձայնագրել էլ զուգերգ Քրիստինա Օրբակայտեի հետ: Երգի հիման վրա ԱՄՆ-ում նկարահանվել է նաև տեսահոլովակ. «Երգը երկլեզու է` հայերեն և ռուսերեն: Խոսքերն Ավետ Բարսեղյանինն են, երաժշտությունը` Մանե Հակոբյանինը: Իսկ թե որն է պատճառը, որ տեսահոլովակը նկարահանվել է ԱՄՆ-ում և ոչ թե, օրինակ, Հայաստանում, Թաթայի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը բացատրել է այն հանգամանքով, որ այդ շրջանում Քրիստինան Մայամիում է եղել, իսկ Թաթան` Լոս Անջելեսում: Պրոդյուսերը նաև նկատել է, որ մինչ տեսահոլովակի պրեմիերան, երգը ոչ մի տեղ չի հնչելու», – այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
Տիգրանուհի Թասլակյան


















































