Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունը վերսկսվո՞ւմ է

Մարտ 14,2013 23:13

 Բնությանը պատճառված վնասի համար քրեական գործ չի հարուցվել:

 

Մարտի 15-ին  ՀՀ բնապահպանության նախարարությունում կկայանա «Խաչաղբյուր-2» փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարության  հետ կապված քննարկում, որին, մասնագետներից զատ, կմասնակցեն Իջեւանի տարածաշրջանի  Գետահովիտ համայնքի բնակիչներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանին, ով  մասնակցելու է այդ քննարկմանը, հարցրինք, թե համայնքի բնակիչներն ինչպե՞ս են վերաբերում  ՓՀԷԿ-ի շինարարությանը: Նա ասաց, որ համայնքում կան շինարարության կողմակիցներ եւ   հակառակորդներ: Նաեւ ասաց, որ իրենց  համար կարեւոր է այդ հանդիպման ժամանակ մասնագետների կողմից  ներկայացվելիք բնապահպանական  եզրակացությունը:

Նշենք, որ 2012թ. աշնանը Գետահովիտ համայնքի բնակիչների  բողոքի արդյունքում   դադարեցվեց ՓՀԷԿ-ի  շինարարությունը: 2012թ. դեկտեմբերին Գետահովտի բնակիչները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ առանց շինարարական թույլտվության  ՓՀԷԿ-ի կառուցման ժամանակ բնությանը պատճառված վնասի համար քրեական գործ հարուցելու համար: Այդ դիմումը ուղարկվել է Տավուշի մարզի  դատախազություն, այնտեղից՝  ոստիկանության Իջեւանի  բաժին: Բաժնի պետ Ա. Եգանյանը  Իջեւանի հակակոռուպցիոն կենտրոնին  հայտնել է , որ  այդ առնչությամբ նյութեր են  նախապատրաստվել, իրենք սպասում են ՀՀ բնապահպանության նախարարության   մասնագիտական եզրակացությանը, որից հետո կորոշվի՝ բնությանը պատճառված վնասի համար քրեական գործ հարուցել, թե՝ ոչ:

Այս ընթացքում «Խաչաղբյուր-2»  ՓՀԷԿ-ի շինարարությունն իրականացնող «Մեգաէնէրջի» ՍՊԸ ղեկավարության կողմից   Գետահովիտ համայնքում  զանազան ծրագրեր իրականացնելու խոստումներ են տրվել:  Նախընտրական այցի  ընթացքում հունվարի 26-ին Սերժ Սարգսյանը Իջեւան քաղաքում ունեցած  ելույթում խոսեց նաեւ  մարզի էներգետիկ ռեսուրսներն օգտագործելու անհրաժեշտության մասին, ինչից Իջեւան քաղաքի եւ դրա հարակից Գետահովիտ համայնքի բնակիչները ենթադրեցին, որ չնայած բնության պատճառված վնասին,  «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունը շարունակվելու է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031