«Սասուն» ազգագրական երգի–պարի համույթի ղեկավար, «Գաթա Բենդ» խմբի համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանի, նրա փաստաբաններ Առնոլդ Վարդանյանի, Լեւոն Բաղդասարյանի, Ալբերտ Կանդալյանի բակային ասուլիսից հետո («Բակային ասուլիս «շինհրապարակում»», սեպտեմբերի 22), ուր բարձրաձայնվեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանի՝ Թումանյան 5 հասցեում գտնվող տան հետեւում անօրինական վեր խոյացած բազմաբնակարան շենքի կառուցման ( «Օկտագոն» ընկերության կողմից), սեփականության իրավունքների ոտնահարման մասին, որեւէ արձագանք չի եղել, ընդհակառակը, փոխվել է քննիչը, չորրորդ քննիչն է Կենտրոնի քննչականից Վահրամ Առաքելյանը։ Այս ընթացքում բազմաբնակարան շենքին կից կիսավեր տան վրա շինաշխատանքներ են կատարվում, «աբալովկա են» քաշել, ինչպես տեղեկացնում է Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։ Վերջինս երեկ «Առավոտին» հայտնեց, որ օրեր առաջ չորս անգամ ոստիկանություն է կանչել, նրանք չեն արձագանքել, դիմել է Երեանի քաղաքապետարանի «թեժ գծին», հայտնել է իր տարածքում շինարարների կողմից կտրված ծառերի մասին, ասել են՝ «դա մասնավոր տարածք է, իրավունք չունենք միջամտել», հարկադիրն էլ ասել է՝ «փորձագետ է պետք»։ Ասես դիտավորյալ են անում, որ ըստ Անդրանիկ Մանուկյանի, զավթված հողը տիրություն անեն, մնա իրենց։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը անցած տարվա հուլիսի 4-ին հրապարակեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանի գործով իր որոշումը, որով որոշվեց՝ Դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով («Անդրանիկ սարկավագ Մանուկյանը հողազավթման գործով հաղթեց Սահմանադրական դատարանում», «Առավոտ», 2025, հուլիսի 9)։
Ներկայացնենք Անդրանիկ սարկավագ Մանուկյանի խոսքից մի հատված
Վախենալով ապրող մարդիկ ամեն պահի կարող են ուրանալ
«Ցավ տվին անձիս, ասացի՝ ոչինչ կանցնի, վերք թողին մարմնիս, ասի՝ ոչինչ կանցնի, հասցրին հոգուս, հոգիս ասաց՝ ոչինչ կանցնի, բայց դու խոսի, ամեն բան կանցնի, ես էլ կխոսեմ, դուք էլ միշտ լսեք։ Իմ պոռթկումը շատերին զարմացրեց, իրարանցումը կամաց սկսվեց, որ իմ ցավին դեղ ու դարման արվի։ Վարչապետն իր աշխատակազմից Դավիթ Գեւորգյանին ինձ մոտ ուղարկեց, որ տեսնի, խոսի, լսի և ասաց. «ամեն բան ոչինչ, կշտկվի, կանցնի»։ Սակայն ամեն բանի մեջ մարդը պետք է ունենա պատասխանատվություն և ամոթ, եթե չկա, լավ բան մի սպասի։ Իսկ իմ պարագայում՝ առավել եւս։ Մարդկային առումով ինչ-որ տեղ խաղաղվեցի, բայց ներքուստ անհանգիստ էի՝ իմանալով մարդուն իր տարբեր որակների եւ դրսևորումների մեջ, թե ինչպես կարող է մարդը ուրանալ, զրպարտել, բռնանալ, սուտ խոսել՝ այլասերելով ամեն բան եւ սրբություն հանուն իր անձնական եսի, շահի, հնարավորությանը հասնելուն եւ իր հնարավորությունները ընդլայնելու, իշխելու եւ չկորցնելու դրանք։ Դավիթ Գեւորգյանն այս բոլոր խնդիրներից տեղեկանալով՝ ասում է, որ «այստեղ ոչ մի մասնագետ պետք չի, որ հասկանա, թե ինչ է տեղի ունենում, այստեղ անզեն աչքով էլ են երևում բոլոր կեղծիքները և խախտումները»։ Ասաց, որ այս ամենը զեկուցելու է վարչապետին և ամեն տեղ բարձրաձայնելու է այս կարգի անմարդկային, անօրեն գործողությունները և որ շատ արագ կկանխվի այն և հարցին լուծում կտրվի։ Ամեն բան սկսվեց վարչապետին զեկուցելուց հետո: Շինարարությունը կասեցվեց նույն այն քննչական կենտրոնում, որտեղ տարիներ շարունակ քննում էին իմ տան գործերն առանց արդյունքի, չնայած որ քննչականում էին Երևանի քաղաքապետարանից առգրավված շինարարական կեղծ փաստաթղթերը և մինչ օրս էլ դրանցից տեղեկություն չկա. մեկ տարի շարունակ նույն քննչականի կողմից իմ տան մեջ դրվեց ոստիկանական շուրջօրյա ծառայություն, այդպես էլ չհասկացա՝ ոնց դրվեց, ում կողմից, ինչի համար և ոնց հանվեց։
Կարդացեք նաև
Շինարարության կասեցումը բերեց մի պարզ քաղաքական, քաղաքակիրթ առևտրի, սեփականատեր Լևոն Օրդուխանյանը ամեն տեղ ներկայացնում է իմ և իր միջև իբր թե եղել է մարդկային ջերմ հարաբերություններ, սակայն իր փաստաբան Տիգրան Խուրշուդյանի հետ իմ անձը վարկաբեկելով, կեղծ ցուցմունքներ տալով, աշխատել են իրենց միջավայր ստեղծել, ընդհուպ վարչապետի աշխատակազմում, սակայն ի տարբերություն իրենց, ես իմ ապրածով և գործունեությամբ որպես փաստ ներկայացրել եմ իմ հոգևոր մշակութային աշխարհը, որպես հայ, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Եվ միշտ փորձեցին հայկական կենցաղային և բակային մտածելակերպով, հասկացողությամբ լուծեն անօրինական և ոչ մարդկային գործելաոճը, որը ինձ և իմ նմանների համար անընդունելի է և փորձեցին տարբեր որակի մարդկանց ուղարկել ինձ մոտ, որպես «սուրհանդակ», սակայն իմ կողմից անարդյունք, որովհետև ես պատրաստ չեմ իմ անձը վաճառել դրամին, թեպետ դրամի կարիք շատ ունեմ, բայց դրամին գերի չեմ, նույնպես դիմում եմ հայ մարդուն որպես քաղաքացի, որ իմանա իր բոլոր իրավունքները, որպեսզի իր հետ չվերաբերվեն, որպես ենթակա մարդ, այլ հավասարը հավասարի, անկախ դիրքից, պաշտոնից, թե հնարավորությունից։ Ըստ օրենքի՝ ամենամեծ արժեքը մարդն է և օրենքի առջև բոլորը պատասխանատու են։ Հիշեք մի բան, առաջնորդներն են գալիս մեր դռները, խնդրելով, ասելով, որ ամեն բան անելու են, որպեսզի բոլորի ապրելակերպը լինի խաղաղ և արդյունավետ ի նպաստ երկրի, պետության շենացման, զարգացման։ Եթե այս ամենը դառնում է գործարք երկու կողմանի, լավ բան մի սպասեք, մի օր պայթելու է, մեղքը օր օրվան է կուտակվում և բերում քաոս, թե որ սերունդը ինչի է պատրաստ և ինչ է ստանալու, ժամանակը ինքն է վկան և ասողը։ Այնուհետև Լևոն Օրդուխանյանը և իր փաստաբան Տիգրան Խուրշուդյանը հասկանալով գործի բարդությունը, փորձում են տարբեր մարդկանց միջոցով իրենց խնդիրներին լուծում տան։ Լևոն Օրդուխանյանը Նաիրի Սարգսյանի հետ ոնց են հանդիպում Դավիթ Գևորգյանի հետ, ինչ են քննարկում Արայիկ Հարությունյանի հետ և ինչ է զեկուցվում վարչապետին, նույն Դավիթ Գևորգյանը, ով հակված էր օրենքով, կարգով հարցին լուծում տալուն, այս մարդկանց հետ հանդիպումներից հետո փոխվեց, փոխվեց օրենքով հարցին լուծում տալը, ինչպես նաև խաղի կանոնները, ինձ հետ Դավիթը հանցագործությունը կանխելու փոխարեն, սկսեց խոսել տունը վաճառելու թեմայով, որը ինձ համար անհասկանալի և անընդունելի էր, հատկապես, որ ասում էի Դավիթին և մտածում, թե ինչը փոխվեց․ անօրինական գործը պատժելու, շտկելու փոխարեն ուզում են ինձ իմ բնօրրանից զրկել և խնդրին լուծում տան։ Ես կտրուկ Դավիթին պատասխանեցի և ասացի, որ առաջին մեր հանդիպման ժամանակ ամեն բանի մասին ես քեզ թե փաստաթղթերով եմ ներկայացրել, թե պատմել եմ բոլոր մարդկանց անօրենությունները, առավել ևս՝ հիմա ինչ-որ առաջարկում ես ինձ, դա ինձ համար անընդունելի է, եթե պետությունը իր հանցագործներին չի պատժում, ես ինչ կարող եմ անել, ինձ կտրելու եք իմ բնօրրանից, ես էլ նեղացած և անզորությունից պետք է հեռանամ իմ տնից ու երկրից, իսկ Դավիթը մինչև վերջ փորձում էր հասկանալ՝ վաճառելու եմ, թե չէ, ասում էր, որ այդ ամենի մասին տեղյակ են թե վարչապետը, թե Արայիկ Հարությունյանը, և հավելում էր, որ այս ամեն խոսակցությունը մնա մեր մեջ, ես մինչ օրս Դավիթի հետ խոսացածը քննարկման նյութ չեմ դարձրել, բայց Դու, համակարգի որոշ անձինք և Լևոն Օրդուխանյանը ձեր արարքներով և գործելաոճով ստիպեցիք ինձ խոսել, և այդ օրվանից փոխվեց ամեն բան։ Հանցագործությունը շարունակվում է, ժամանակ շահելով, կեղծ փորձագետների եզրակացություններ տալով, անիրավ դատավորների տարրական, ոչ ճիշտ որոշմամբ, ովքեր նույն ժամանակ ոչ մարդկանցից են ամաչում, ոչ Աստծուց վախենում, քանի որ նյութը ամեն բանից վեր են դասում։ Ունենալով «ՀՀ քաղաքաշինության մասին» օրենքը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի որոշումները, ՀՀ հրդեհային և տեսչական մարմնինը, հիմնական երեք ինստիտուտները տալիս են իրենց եզրակացությունները, որոնք պետք է հարգի պետության ցանկացած մարդ և համակարգ, առավել ևս, որ ՀՀ հրդեհային և տեսչական մարմինը կից է եղել ՀՀ վարչապետի աշխատակազմին, ասում է, որ խախտված է շենքի տեղադիրքը, չի պահպանվել շինարարական ոչ մի նորմ, և ինքնակամ շինություն է ու դրա վերաբերյալ որպես հանցագործություն հաղորդում է ներկայացրել դատախազություն։ Դրանք բավարար են տեղեկանալու, թե ինչ է տեղի ունեցել այստեղ և ինչ է տեղի ունենում։ Ինձ իմ բնօրրանից կտրել են․ իմ ազգային և հոգևոր ծառայությունից զրկելու քայլերը սկսվել են դեռ 2018թ.- ից, շեշտում եմ այս պահը փաստաթղթերից ելնելով՝ իմ տները, մշակութային և հոգևոր երեք հարկանի տունը վթարային դարձնելով, օր օրի տան հիմքերը թուլացնելով, 10-12 մետր փոսորակի բացվածքով Աստծու կողմից տրված լույսը իմ 3 անչափահաս երեխաների վրա փակելով, զրկելով, բոլորիս սթրեսների ենթարկելով, ցավատեր դարձնելով, քանդել են և զավթել են նաև իմ մեկ հարկանի տները, որտեղ ես ոչ մի կերպ մուտք ու ելք անել չեմ կարող, տեղյակ եմ պահել բոլոր պետական գործող պատկան մարմիններին, իսկ վերջինը դիմել եմ վարչապետին և հիմա արդյունքները տեսնում եմ»։
Անդրանիկ սարկավագ Մանուկյան
«Առավոտ» օրաթերթ
14.11.2026


















































