Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

13-ամյա աղջկա բռնաբարության մեջ մեղադրվող երիտասարդը 1 եւ 2 տարեկան երեխաներ ունի

Մարտ 26,2013 21:39

 

Ամբաստանյալը չընդունեց  իր մեղքը:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում սկսվել է Նոյեմբերյան քաղաքից սերված, Կողբ գյուղում ժամանակավորապես բնակվող, 1988թ. ծնված Անուշավան Մաճկալյանի դատավարությունը:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 30-ին, ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի «Միստրեստ» հանդամասում, օգտագործելով Բերդավանի բնակչուհի, 1999թ. ծնված աղջկա անօգնական վիճակը, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:

Անուշավան Մաճկալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով («Անչափահասի նկատմամբ բռնաբարությունը»): Նրան այդ հոդվածով սպառնում է 8-15 տարի ազատազրկում: Ա. Մաճկալյանը նախկինում դատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով («Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում»), նրա դատվածությունը մարված չէ: Նշենք, որ նա  ամուսնացած է, ունի անչափահաս երկու երեխա՝ երկու եւ մեկ տարեկան:

Մարտի 26-ին կայացավ սույն գործով դատական նիստ: Մեղադրանքը դատարանում պաշտպանում է Տավուշի մարզի դատախազի տեղակալ Սպարտակ Անտոնյանը, ամբաստանյալին պաշտպանում է  փաստաբան Անահիտ Ալոյանը: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը հարցրեց Անուշավան Մաճկալյանին, թե նա առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է: Վերջինս ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:  Դատախազի կողքին նստել էր տուժած աղջիկը: Նա, ըստ քրեական գործի տվյալների, մտավոր  զարգացման խնդիրներ ունի:

Դատախազ Ս. Անտոնյանը, նկատի ունենալով, որ քրեական գործը վերաբերում է անչափահասին եւ  նրա  հետ կատարված սեռական գործողությանը,  միջնորդեց  ապացույցների հետազոտությունը կատարել դռնփակ ռեժիմով: Ամբաստանյալը կողմ էր  հրապարակային, դռնբաց դատավարությանը: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը պարզաբանեց, որ նման գործերով ապացույցների հետազոտումը  դռնփակ է անցկացվում, որ դա քրեական դատավարության օրենսգրքի պահանջն է: Այնուհետեւ դատական նիստն ընթացավ դռնփակ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031