Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում շաբաթական մեկ անգամ վավերագրական ֆիլմեր կցուցադրվեն

Ապրիլ 04,2013 13:50 Share

Կազմակերպիչները փաստում են, որ վավերագրական ֆիլմերը շատ արդյունավետ գործիք են մարզում առկա հիմնախնդիրները բարձրաձայնելու հարցում:

Այսուհետեւ վանաձորցիները հնարավորություն կունենան շաբաթական մեկ անգամ տարաբնույթ թեմաներով վավերագրական ֆիլմեր դիտելու եւ դրանց շուրջ քննարկումներ ծավալելու:

Հնարավորությունը նրանց ընձեռում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ հ/կ-ն: Այն բանից հետո, երբ վերջերս CAUCADOC ծրագրի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ հ/կ-ի, չեխական «People in Need» հ/կ-ի եւ Հարավային Կովկասի՝ «Սակդոկ ֆիլմ» ու Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հ/կ գործընկեր կազմակերպությունների համագործակցության շնորհիվ Վանաձորում կազմակերպված վավերագրական ֆիլմերի եռօրյա փառատոնի ակտիվ ընթացքը հուշեց հ/կ-ի աշխատակիցներին, որ վավերագրությունը լավագույն միջոցներից մեկն է՝ առկա հիմնախնդիրները վերհանելու եւ դրանց շուրջ քննարկումներ ծավալելու համար, ֆիլմերի ցուցադրությունը դարձավ օրակարգային: «Երեք օր շարունակ ցուցադրվեց օտարերկրյա վեց ֆիլմ՝ յուրաքանչյուր օր 2-ական ֆիլմ: Ցուցադրվեցին բնապահպանության, քաղաքացիական ակտիվության, միգրացիայի, ռասիզմի, ֆիզիկական արատներով երեխաների ինտեգրման թեմաներով ֆիլմեր, որոնց թեմատիկան քիչ թե շատ առնչվում էր մեր իրականության հետ: Մեր մարզի հիմնախնդիրների հետ եւս որոշակի զուգահեռներ տարվեցին, վեր հանվեցին մարդու իրավունքների հետ կապված որոշակի հիմնախնդիրներ»,-«Առավոտի» հետ զրույցում նշում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ հ/կ-ի «Ֆիլմերը որպես հասարակական խնդիրների վերհանման միջոց» ծրագրի ղեկավար Սյուզան Հովսեփյանը՝ տեղեկացնելով, որ յուրաքանչյուր ֆիլմի ցուցադրությունից հետո հաջորդած բուռն քննարկումներն ու հանդիսատեսի պահանջն էլ առիթ դարձան ֆիլմերի ամենշաբաթյա ցուցադրության համար: «Թեեւ մինչ այս վավերագրական ֆիլմը չի օգտագործվել որպես կրթական, հիմնախնդիրներ վերհանելու, բարձրաձայնելու, ինչպես նաեւ քննարկումներ կազմակերպելու միջոց, այնուամենայնիվ, փառատոնը հասկացնել տվեց, որ վավերագրական ֆիլմերը շատ արդյունավետ գործիք են հիմնախնդիրների վերհանման, բարձրաձայնման եւ տվյալ հիմնախնդրի շուրջ քննարկում ապահովելու համար»,- ասում է Սյուզան Հովսեփյանը: Նա հույս է հայտնում, որ վավերագրական ֆիլմերի ցուցադրությունն ու դրանց շուրջ ծավալվող քննարկումներն ապագայում հաջողված նախապայման կդառնան՝ այդերպ նպաստելով նաեւ քաղաքացիական հասարակության շրջանում մարդկանց ակտիվության բարձրացմանը: «Կա ցանկություն, մեր հեռահար նպատակներից մեկն էլ նաեւ սեփական միջոցներով մեր տարածքին բնորոշ հիմնախնդիրների վերհանումն ու վավերագրական ֆիլմեր ստեղծելն է՝ ավելի մեծ արդյունքի հասնելու համար»,- եզրափակում է Սյուզան Հովսեփյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930