Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ սոցապի նախկին 12 աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով դատական արտագնա նիստ է անցկացնում Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (կապված դահլիճի հնարավորությունների հետ): Մեղադրանքի կողմը՝ հանձին Հովհաննես Ենոքյանի, ներկայացրեց Վազգեն Խաչիկյանի, առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանի, վճարումների ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանի, Երեւան քաղաքի վճարային խմբի նախկին տեսուչ Վիգեն Գեւորգյանի, տեղեկատվական համակարգերի մշակման բաժնի նախկին պետ Վահագն Խաչատրյանի եւ Շենգավիթի տարածքային նախկին պետ Սամվել Էլբակյանի առաջադրված մեղադրանքով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Ամբաստանյալներն իրենց ոչ միայն մեղավոր չեն ճանաչել, այլ մի քանի անգամ պարզաբանում են պահանջել, նրանց թվում՝ նաեւ նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը, որպեսզի 3 մեղադրողները կարողանան մատչելի եւ կոնկրետ ներկայացնել մեղադրանքի էությունը:
Պաշտպանական կողմը գտնում էր, որ չի որոշակիացված, թե ինչպես են իրենց պաշտպանյալները մասնակցել պետբյուջեից կենսաթոշակառուների եւ հանգուցյալների գումարների հափշտակմանը, ինչքան գումար են անհատապես հափշտակել: Սամվել Էլբակյանի պաշտպանը նկատեց, որ մեղադրանքը ընդհանրական, շաբլոնային բնույթի է: Թեեւ Վ. Խաչիկյանը հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքը, անհասկանալի է մեղադրանքի էությունը եւ որպես իրավաբան թեեւ չունի իրեն պաշտպանելու պարտավորություն, սակայն կպաշտպանի իրեն: Մեղադրանքի կողմին այս պահին դատարանը տվել է 10 րոպե ժամանակ, որպեսզի գոնե Ս. Էլբակյանի եւ առհասարակ 13 ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրգործով մեղադրողները կարողանան պարզաբանում տալ, թե ինչ արարքների համար են նրանք մեղադրվում: Մեղադրողներն առայժմ նշված ամբաստանյալների մասով հայտնել են, որ նրանք Վ. Խաչիկյանի գլխավորությամբ ստեղծել են կայուն խումբ, չարաշահել են իրենց լիազորությունները՝ կեղծ դիմումներ պատրաստելով՝ կենսաթոշակառուների եւ հանգուցյալների ստորագրություններ կեղծելու միջոցով հափշտակել են ՀՀ պետբյուջեից 29 մլն դրամ: Մեղադրողները եզրափակիչ մասը հրապարակելով, մասնավորապես՝ Աշոտ Աբրահամյանի, Հովհաննես Գրիգորյանի, Վիգեն Գեւորգյանի հետ կապված հայտնեցին, թե Վերահսկիչ պալատին կաշառք տալու պատրվակով նրանք շտեմարաններից հանել են կենսաթոշակառուների տվյալները, որոնք ներկայացվել են վճարման բաժիններ, կեղծվել են ստորագրությունները եւ ստացել գումարները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































