Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ վ է մեղավոր «օդից վերցրած» ուղեվարձի համար` Սամվել Բալասանյա՞նը, թե՞ Վարդան Ղուկասյանը

Ապրիլ 04,2013 21:34

 

Գյումրու թիվ 24 երթուղայինի գիծը շահել են Վարդան Ղուկասյանի օրոք, սակայն  ուղեվարձը  20 դրամով թանկացրել Սամվել Բալասանյանի օրոք :

Երեկ  Aravot.am-ին բողոք -նամակ էր հասցեագրվել ֆեյսբուքային օգտատեր Արա Մելիքջանյանից այն մասին, որ  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը,  առանց ավագանու նիստ  գումարելու, ինքնագլուխ թանկացրել է թիվ 24 համարի երթուղու վարձը`  նախկին 50 դրամի փոխարեն դարձնելով 70 դրամ: Նամակում մասնավորապես գրված է .«Այս մասին քաղաքի բնակիչները տեղեկացել են ապրիլի 2-ին՝ ճիշտ այն օրը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը  հանրահավաք անցկացրեց Գյումրիում: Քաղաքի ամենաէժան երթուղու՝ 24 համարի, որը նախկինում աշխատում էր 6 համարի տակ, ուղեվարձը 50 դրամ էր: Այդ սակագինը հաստատվել էր դեռևս Վարդան Ղուկասյանի օրոք՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ երթուղին կարճ է և 4-5 կանգառ ունի: Սակայն Գյումրու համայնքի ղեկավարի կամայական որոշումը զայրույթի մեծ ալիք է բարձացրել բնակչության շրջանում: Գյումրեցիների համար անհասկանալի է, թե առանց որևէ հիմնավորման և առանց ավագանու որոշման, ինչու է  «օդից վերցրած » ուղեվարձ սահմանվել: Նախօրեին Բալասանյանի մամուլի քարտուղարը հավաստիացնում էր, որ այդ երթուղին սպասարկողները մրցույթը շահել են 150 դրամով, բայց տարիներ շարունակ աշխատել են 50 դրամ սակագնով: Այժմ՝ աշխատելու են 70 դրամով: Սա էր Գյումրու համայնքապետարանի հիմնավոր «պարզաբանումը»:

Ի դեպ, նամակագիրը նաև  անդրադարձել է  Սամվել Բալասանյանի  որդուն` նշելով, որ վերջինիս պատկանող ընկերությունների  միջոցով է  իրականացվում հացի ու սննդի մատակարարումը  նախակրթարաններին: «Սամվել Բալասանյանը` որդու օֆշորային ընկերությունների միջոցով, իր ձեռքն է վերցրել Գյումրու նախակրթարանների սննդի և հացի մատակարարումը, քաղաքի արտաքին լուսավորության ցանցի համար չինական լամպերի ներկրումը, որի համար բյուջեով արդեն նախատեսել է 180 մլն դրամ: Ըստ գյումրեցիների շրջանում տարածված խոսակցությունների՝ տրանսպորտի գնի թանկացումը քաղաքապետի «ատկատների» ոլորտից է», -գրված է բողոքում:

Aravot.am-ը Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանից  հետաքրքրվեց, թե ի՞նչ հաշվարկների արդյունքում են  20 դրամով թանկացրել  ուղեվարձը, որին ի պատասխան նա  պարզաբանեց. «Այդ երթուղու  մրցույթը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին, այսինքն այն ժամանակ, երբ դեռ Գյումրու քաղաքապետը Սամվել Բալասանյանը  չէր: Մրցույթի  արդյունքները հոկտեմբերի 5-ին  հաստատվել է նախկին քաղաքապետի կողմից ,  շահել է Գյումրու  «Ամուր» հիմք ՍՊԸ-ն , որին երթուղին շահագործման է հանձնվել 3 տարի ժամկետով: Այսինքն  ներկա քաղաքապետն ու նրա թիմը ընդհանրապես կապ չունեն  այս ամենի հետ: Այս նամակը գրողը կամ իրականության զգացողությունն է կորցրել կամ որ չեմ ուզում  հավատալ` այստեղ  չարամտություն կա: Նա գրում է` տարիներով  շագահործվել է գիծը,  տարիներով գիծը չէր կարող  շահագործվել, ընդամենը մի քանի ամիս է շահագործվել, քանի որ կրկնում եմ `ամսի 2-ին է եղել մրցույթը: 2-րդը՝ եթե ոչ պարոն Բալասանյանի  օրոք կատարված  մրցույթը  հաղթել են 150 դրամով, ըստ  էության 150 դրամով շահելու դեպքում 50-70 դրամ դարձնելը շահող ընկերության լիազորությունն  է , նրանք կարող են մինչև 150 դրամ էլ դարձնել :Այս նամակագիրը  եթե նման ջանասիրությամբ էր ցանկանում պաշտպանել քաղաքացու  շահերը, ինչպես որ իր գործողություններից  է գոնե երևում առաջին հայացքից, նա կարող էր այն ժամանակ պաշտպանել շահերը: Նա կարող է հիմա դիմել ընկերությանը ,  եթե այդքան ազնիվ են նրա մղումները, նա կարող է  պահանջել 50 դրամից իջեցնել 30 դրամ, ոչ թե դիմել քաղաքապետարանին, որը արդեն ոչ մի լիազորություն  չունի: Մենք չենք անցկացրել այս մրցույթը և մենք չենք սահմանել գինը»:

Aravot.am-ի այն հարցին, այդ դեպքում  ո՞վ է  կանխելու  թանկացումը , բնակիչները պետք է 3 տարի սպասե՞ն,  մինչև շահագործման ժամկետն  անցնի ՞ , մեր զրուցակիցը պատասխանեց . «Կա  «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենք, որի 12-րդ հոդվածում նշվում են  այն դեպքերը, համաձայն որոնց   կարող են   շահած մրցույթը կասեցնել , լիզենցիայից զրկել ուղևորափոխադրող  ընկերությանը:Սակայն դա լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի, այսինքն  մեր կողմից համապատասխան  բողոքներ պետք է լինեն, համապատասխան փաստեր պետք է արձանագրվեն»:

Սամվել Բալասանյանի որդու  ընկերությունների միջոցով  նախակրթարաններին սննունդ  ու հացը ապահովելու  հետ կապված էլ, Զոհրապ Եգանյանն ասաց. «Չգիտեմ նամակագիրը ում հետ է շփոթում Միսակ Բալասանյանին, ասեմ որ դա բացարձակ սուտ է, նախ օֆշորային ընկերություն չէ, օֆշորային գոտում գտնվող ընկերություն է , եթե զուտ գրական հայերենի տեսակետից նայեք: 2-րդ. քաղաքապետարանի ցանկացած գործունեություն  բաց և թափանցիկ է լրատվամիջոցների համար,  կարող են գալ ու հետաքրքրվել, թե որ ընկերությունը  ինչ գործունեություն է  ծավալում: Միսակ  Բալասանյանը բացառապես  զբաղվում է իր գարեջրի գործարանի աշխատանքներով: Նա  օգնում է  իր քաղաքին իր  միջոցներով,  երբ որ օգնություն է պետք լինում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Սարգիս says:

    Ի գիտություն այս երիտասարդի, օֆշորային լինում են ոչ միայն գոտիները, այլև՝ հենց ընկերությունները, որոնք, ցավոք, արդեն հիմա ցանկացած տեղ կարող են գործունեություն ծավալել, այնպես , որ գրական հայերենը այստեղ կապ չունի: Բայց ինձ մի բան ա հետաքրքրում.մարդիկ ոնց են վճարելու 70 դրամը? ասենք՝տեխնիկապես միշտ պետք ա էդ երթուղու համար 10 ու 20 դրամանոցներ պահեն, որ վարորդների հետ խնդիրներ չունենան? Այ այդ մասին պետք է մտածեր Գյումրու քաղաքապետարանը, երևի, կամ էդ ինչ նոր վարձի չափ ա ու ինչի չի կարա քաղաքապետարանը հսկի մրցույթը չահած ընկերություններին:Էդպես, որ լինի , առանց հիմնավորման, կարան 150 դրամ սահմանեն ու քաղաքապետարանը, թեկուզ Երևանի, ասի՝մրցույթը շահել ա,մենք ինչ կարանք անենք? Տենց չի լինում, սխալ եք մեկանաբել , ընկեր ջան:

  2. Ani says:

    Իսկ հետաքրքիր է, չգիտի արդյոք հոդվածագիրը, կամ Եգանյանը, որ այդ երթուղին ու էլի մի քանի երթուղիներ պատկանում են Վարդանի Ղուկասյանի եղբորը?

  3. Սարգիս says:

    Ես մի բան գիտեմ՝Վարդանի ժամանակ 6 համարը 50 դրամ էր, հիմա՝70 դրամ: Ի դեպ, թանկացել են նաև տարբեր ձևաթղթերի դիմաց սահմանված գները՝բնակվարչությունում այդ մասին իմացա: Ասացին, անցյալ տարեվերջին ավագանու որոշում է եղել ու, օրինակ իրավապահ մարմիններին տրվող տեղեկանքի գումարը նախկինում 500 դրամ է եղել, այժմ՝ 1500 դրամ է: Բնակարանների վարձակալության պայմանագրերի գումարը դարձել է 3000 դրամ, նախկինում այն 500 դրամ էր: Օտարերկրյա քաղաքացիներին տրվող տեղեկանքի համար քաղաքացիները պետք է վճարեն 4000 դրամ, հյուպատոսարան ներկայացվող օտարերկրյա քաղաքացիներին տրվող տեղեկանքի գումարը 5000 դրամ է: Հետաքրքիր է բոլորի փոխարեն պատասխանող Բալասանյանի խոսնակը, հիմա ինչ է ասելու, արդարացնող ինչ բառեր է գտնելու?; Էս ինչ բիզնես է, ում ենք կերակրելու մեր փողերով?:Հա , ասեմ , նաև, որ մորաքրոջս աղջկան , մեզ անհայտ պատճառներով, սպառնում են կրճատել նախակրթարանից, ինչքան է սա շարունակվելու?Գիտեք, ինքը կթքի դուրս կգա, եթե շատ զզվացնեն, բայց հետո չասեն՝դիմում գրեց գնաց:Եթե մարդը ամեն ինչից զզված հազիվ իր գլուխն է պահում, ու դա շատ են համորւմ, ուրեմն, մենք էս քաղաքում էլ տեղ չունենք, մնում է գնալը:Հիշում եմ կատակում էինք երկրի լույսերը մարող՝ հայրենիքից վերջին գնացողի թեմաներով, հիմա ոնց որ էդ մարղն էլ չի լինելու:Դաժան է այս ամենը:

  4. Gaspar says:

    Դե պետք է ընդունենք, որ Վարդանիկը 13 տարի քաղաքի հերն անիծել է, բայց մեղավորը ինքը չէր, այլ մեղավորն այն ժամանակվա իշխանություններն էին, որ թողեցին Վարդանիկին ազատ: Հիմա լավ է, գոնե Սերժը վիճակը շտկեց, Բալասանյանը էնպես չի, որ գյումրեցիների աչքի լույսն է, բայց էլի գոնե կռիմինալ չէ, աշխատասեր մարդ է,շատ երիտասարդների է հավաքել իր մոտ, իրա խոսնակին շատ են հավանում օրինակ, Շանթի մեկնաբանն էլ է իր մոտ, տրանսպորտի պետն է երիտասարդ, Նախշքարյանն էլ կրթության բաժնի պետն է: Շատ չերկարացնեմ, ուզում եմ, որ Բալասանյանին հանգիստ թողնեն, որ աշխատի

  5. Տիգրան says:

    Ինձ հետաքրքիր է՝ ինչու չեն անդրադառնում կադրային այն կրճատումներին, որ նախաձեռնել են Գյումրու քաղաքապետարանում?:Հիմա նոր մեխանիզմ են աշխատեցնում՝սկզբում ազատման դիմում են գրել տալիս,հետո՝ աշխատանքի ընդունման, բայց գիտեք որ աշխատանքի համար?՝հավաքարարի, պատճառաբանելով, որ էդ աշխատատեղն է թափուր ու դրա պահանջը հիմա կա:Կարող է դա հերքի խոսանակը?այսինքն՝ ինքը հենց դրա համար էլ վճարվում է՝առավել լավ սուտ ասել լրագրողներին:Ես վերևում կարդացի նյութը, ուզում եմ հարցնել էդ խոսնակին, ինքը գիտի օֆշորային հաշիվները, բանկերը, տրաստերը և այլն., ինչ են նշանակում, եթե օֆշորային են կոչվում: Պետք չէ հրապարային լեզվա և մտավարժանքներով զբաղվել,հատկապես, որ փայլելու համար, ակնհայտ է իմացական գիտելիքների պակասը:

  6. Կարլոս says:

    Հոդվածագիրը ճիշտ կաներ` ուսումնասիրեր այն փաստերը, որոնք հերքում է խոսնակը: Հստակ փաստեր են նշված, ինչու չուսոիմնասիրել՝հերքման փոխարեն:Չէ, որ լամպերի մասին ինֆորմացիա եղավ և անգամ ասվեց, որ նոր լամպերից 4 հատը տեղադրվել են Ջիվանու փողոցում՝Բալասանյանի ապրած փողոցում:

  7. Ani says:

    Ես հավատում եմ Բալասանյանին, լավ մարդ է, աշխատող է ինքը քաղաքը կսարքի

  8. Ani says:

    Տեսեք, գնահատել է պետք մարդիկ աշխատում են https://www.emedia.am/hy/1365142848

  9. Աշոտ says:

    Վերևում գրող Գասպարը պարզ է , որ Գյումրու իրականությունից հեռու մարդ է, կամ ինքն էլ է Բալասանյանի կողմից աշխատքի բերվել: Չգիտեմ, թե դրա արած որ գործը պետք է փառաբանել, որ մենք`գյումրեցիներս չենք տեսնում, ու ինքը`Գասպարը տեսնում է: Հըլը մի հատ ասես Վարդանը բացի կառուցելուց, ինչ է քանդել քաղաքում:Ամոթ է , ստեր մի խոսի, դու, չգիտեմ որ օրվա գյումրեցիներս ես ու գյումրեցի ես արդյոք, բայց , էնպիսի մարդկանց ես գովաբանում Բալասանյանի բերածներից, որ ասելիք չունեմ:

  10. Աշոտ says:

    Քաղաքը գրեթե սարքած էր, պետք էր այն պահել, ոչ թե փոշու, աղի մեջ կորցնել:Իսկ թե ով է լավ ղեկավարը, ժողովուրդը 13 տարի շարունակ տեսել է, իսկ գրառում թողնող աղջիկը կա?րող է 13 տարվա լավագույն պատգամավորի անունը տալ`չի կարող , որովհետև բացի գարեջրի գործարանը խաբեությամբ ձեռք բերելուց, Երևանում “Պոլոզ Մուկուչ” ռեստորան ու խանութներ ունեցողը, Գյումրու որ խնդիրն է լուծել իր դիրքերում`ԱԺ-ում: Հո միայն երկրի 4-րդ մարդու մասին ցինիկ պարծենկոտությամբ արված արտահայտությումբ չէ, որ պետք է տեղը նշմարել կյանքում: Բան չունեմ ասելու, կարող է իրոք եղել է 4-րդ մարդը, բայց 1560 -րդ ցուցակի `տակից 4-րդ համարը:

  11. Maxim says:

    Գյումրեցին հաստատեց, որ նրան գնել չեն կարող՝, ի տարբերություն արարատյան դաշտավայրին:
    Մնացածը ժամանակի հարց է, որը շատ մոտ է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930