Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ-ականներին. «Աշխատեիք այնպես, որ չվախենայիք գնալ ժողովրդի հետ հանդիպման»

Ապրիլ 07,2013 18:15

«Մենք մունետիկներ չենք ուղարկելու Երևանի բակերը, որպեսզի երևանցուն պատրաստեն ինչ-որ մի անձի գալուն»,- այսօր «Մոսկվա» կինոթատրոնում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկին հայտարարեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ ԲՀԿ-ն այսօրվանից սկսում է քարոզարշավը, բայց դա չի նշանակում, որ այսօրվանից են իրենք շփվելու ժողովրդի հետ:

«Եթե շատ քաղաքական կուսակցությունների համար միայն քարոզարշավի ժամանակ է սկսվում շփումը հասարակության հետ, մենք ամեն օր ենք կապի մեջ ժողովրդի հետ»,- ասաց տիկին Զոհրաբյանը: Հավանաբար դիմելով բոլոր նրանց, ովքեր նման գործելաոճով են աչքի ընկնում, տիկին Զոհրաբյանը նշեց. «Աշխատեիք այնպես, որ չվախենայիք գնալ ժողովրդի հետ հանդիպման: Իսկ մենք բաց ճակատով ենք գնալու հանդիպման յուրաքանչյուր երևանցու հետ»:

Տիկին Զոհրաբյանը ի հեճուկս իշխող կուսակցության ներկայացուցիչների պարբերաբար հնչեցրած հայտարարությունների, փաստեց, որ այս ընտրությունները ԲՀԿ-ի համար միայն ՏԻՄ ընտրություն չեն, այս ընտրության քաղաքական արժեքը շատ մեծ է, քանի որ փոփոխությունները սկսելով Երևանից, «Բարգավաճ Հայաստանը» շարունակելու է ամբողջ հանրապետությունում. «Մենք գնում ենք հաղթելու և ունենք այն թիմն ու ծրագիրը, որ ունակ է երևանցուն, քաղաքացուն տալ այն ամենը, ինչի մասին երազում է ու ինչին արժանի է: Մենք չենք ասում, որ Երևանը բրոնյա ենք արել, իսկ բացի այդ` Երևանը Ստալինգրադը չէ, որ կրծքով պաշտպանեն… Փոխարենը պետք է աշխատեին այնպես, որ դուրս գային փողոց ու բաց ճակատով նայեին քաղաքացուն»:

Նաիրա Զոհրաբյանը չի կասկածում, որ ԲՀԿ-ն հաղթելու է: Ի դեպ, նրա այս հայտարարություները ուղեկցվում էին բուռն ծափահարություններով եւ դահլիճում մեծ ոգեւորություն էին առաջացնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930