Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդության հավաքը` հայության համախմբման մի նոր փորձ ու հանգրվան

Ապրիլ 16,2013 12:38

ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 22-ից 24-ը մայրաքաղաք Երևանում տեղի կունենա «Հայերենն իմ սրտում» համահայկական երիտասարդական համաժողովը, որը մի նոր քայլ է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, լեզվամշակութային խնդիրների արծարծման, համազգային շահերի և իրավունքների պաշտպանության ճանապարհին:

Նախարարությունն արդեն տևական ժամանակ իր առաջնահերթություններից է համարում համաժողովների կազմակերպումը, քանզի սրանք դառնում են հայահավաքի ուշագրավ ազդակներ և ցրում այն թյուր պատկերացումները, թե աշխարհի հայազանգվածն ապրում է հատվածական շահերով` իրարից զատված ու հեռացած: Սփյուռքի նախարարության գոյությամբ արդեն լուծվում են մի շարք համազգային խնդիրներ, մասնավորաբար համաժողովների շնորհիվ հայտածվում են հիմնահարցեր, որոնք իրենց լուծումներին են սպասում: Նախորդ բոլոր համաժողովները հաստատել են, որ անջատ-անջատ գործելով՝ անհնար է հասնել միասնության ու միակամության, մինչդեռ այսօր իբրև համազգային գերխնդիր է ներկայանում հարցը: Որևէ մեկին գաղտնիք չէ, որ Սփյուռքն էլ ինչ-որ տեղ գնում է դեպի կազմաքանդումն ու տարրալուծումն այլ մշակութային շերտերի մեջ, Սփյուռքի մի շարք հատվածներ կորցնում են լեզուն, հայեցի կրթությունը, մշակութային այն հարուստ ժառանգությունը, որը ձևավորվել է մոտ հարյուր տարվա ընթացքում: Հետևաբար, այսօր հենց համաժողովների ու համախմբումների նախաձեռնությունների միջոցով է անհրաժեշտ հասնել միասնական համազգային նպատակների: Սփյուռքի նախարարությունն այս անգամ իր սևեռման կենտրոն է բերել երիտասարդությանը: Եվ սա ողջունելի է, քանզի հենց երիտասարդությունն է այսօր կանգնած ուշացման, ազգային արժեքներից օտարման ցավալի ճանապարհին: Տարբեր առիթներով նշել ենք, որ Սփյուռքի լեզվապահպանության այնպիսի կարևորագույն հանգրվաններ, ինչպիսիք են գրականությունը, թատրոնը, այլևս կորցնում են երիտասարդ ուժերի: Ազգային կառույցներից ևս ոչ միտումնաբար դուրս է մղվում երիտասարդությունը: Եվ հենց Սփյուռքի նախարարությունն է իր վրա վերցրել երիտասարդություն-հայրենիք կապի ամրակայման գործառույթը` հավատալով, որ ամեն մի նոր նախաձեռնություն կարող է մի նոր քայլ լինել դեպի հայապահպանությունն ու հայահավաքը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ աշխարհասփյուռ հայության, հայ երիտասարդության համար արդի մարտահրավերներին դիմագրավելու առաջնահերթ և կարևորագույն պայմանը համախմբվելն է: Մենք պետք է գիտակցենք, որ հայության փրկությունը իր հավաքական ուժի մեջ է: Առանց միասնության, առանց ջանքերի միավորման մենք կենսունակ չենք ու չենք կարող դիմագրվել մեր գոյությանը նետված մարտահրավերներին: Հենց այսպես են մտածել Սփյուռքի նախարարությունում` նախաձեռնելով երիտասարդության համաժողովը, որի ընթացքում լսվելու են

տարբեր զեկուցումներ` նվիրված հայապահպանության տարբեր խնդիրներին: Համաժողովի ենթահիմքում այն մտայնությունն է, որ ներկա իրավիճակում ողջ հայ ժողովրդի համար բացառիկ գերակայությունն ունեցող խնդիրը անկախ Հայաստանի և հայոց պետականության ամրապնդումն ու հզորացումն է: Տնտեսապես, սոցիալապես հզոր Հայաստանն է այն վահանը, որ կարող է պաշտպանել համայն հայությանը: Այստեղ շատ անելիքներ ունեն ոչ միայն հայաստանաբնակները, այլև Սփյուռքը: Մենք պետք է գիտակցենք, որ եկել է ժամանակը պատմական հայրենիքի նկատմամբ զգացմունքային վերելքի մթնոլորտից տեղափոխվելու գործնական աշխատանքի դաշտ, միասնաբար ընդգրկվելու Հայաստանի խնդիրների լուծման գործընթացներին: «Հայաստանը բոլոր հայերիս հայրենիքն է» կարգախոսով Հայաստանի հզորացմանը, հայ պետականության վերելքին, ամրապնդմանն ու զարգացմանը ծառայելը պետք է դառնա յուրաքանչյուր հայ երիտասարդի կյանքի հիմնական ու նվիրական կոչումը: Համաժողովը, բնականաբար, անդրադարձ է կատարելու ինչպես Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրներին, որոնք այսօր համազգային ծրագրի բաղկացուցիչ մաս են կազմում, այլև հայացք է հառելու Լեռնային Ղարաբաղի խնդրին` իբրև ազգային գոյության ճանապարհի կարևորագույն հանգրվաններից մեկի: Իրապես, համազգային կարևորագույն խնդիր է մնում Արցախի հիմնահարցը որպես ոչ միայն հայության մի հատվածի, այլև համայն հայության հետագա առաջընթացի և զարգացման, համազգային միասնության ու համախմբվածության խնդիր: Այսօր Հայաստանն ու Սփյուռքը հաստատակամորեն հայտատարում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության պայքարին մեր նվիրվածության մասին՝ օգտագործելով միջազգային իրավունքի ընձեռած բոլոր հնարավորությունները: Ելնելով վերոհիշյալից՝ համաժողովը կոչ է անելու Հայաստանի, Սփյուռքի երիտասարդությանը ակտիվորեն մասնակցել այդ պայքարին, քարոզչության միջոցով ազդել միջազգային հանրության, միջազգային կառույցների քաղաքական ղեկավարության վրա՝ եզրահանգելու, որ Արցախի ժողովուրդը պետք է ապրի ազատ, անվտանգ և կառուցի իր պատմությունը: Այսօր մենք պետք է համաշխարհային ահազանգ հնչեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ագրեսիվ հարևանից պաշտպանելու համար: Համաժողովն իր ուշադրությունն է սևեռելու համազգային կյանքի կարևորագույն խնդիրներից մեկին՝ Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդման և զարգացման հիմնախնդրին:: Սփյուռք-Հայրենիք գործակցությունը բազմաշերտ է և բազմաբնույթ, և հատկապես երիտասարդության դերակատարությունը շատ մեծ է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազգային մշակույթի և ավանդույթների ապահպանումն ու զարգացումը, կրթական ծրագրերի մշակումն ու իրագործումը, Սփյուռքի և Հայրենիքի երիտասարդների միջև գիտական արդյունքների և նորամուծությունների փոխանակումը, տնտեսական և մշակութային համագործակցության ակտիվացումը և այլն: Համաժողովի հրավիրման գաղափարն ընդգծում է նոր մարտահրավերների համատեքստում հայապահպանության, ազգային ինքնության, հայոց լեզվի, մշակույթի, սովորույթների պահպանման անհրաժեշտությունը՝ որպես Սփյուռքում ուծացման դեմ պայքարի կարևոր գործոն: Սփյուռքի նախարարության գոյությունը և

հրավիրած սույն համաժողովը վկայում է Հայրենիքի հետ Սփյուռքի կապերի որակական նոր մակարդակի մասին, ուստի նախաձեռնողներն ամեն ինչ են անելու` այն ավանդական դարձնելու համար: Այսօրվա մարտահրավերներն առաջին հերթին շոշափում են երիտասարդների շահերը: Ներկա կոնֆլիկտային աշխարհում բախումների, պատերազմական ընդհարումների հորձանոտում ամենից շատ տուժում և զրկանքներ է կրում հենց երիտասարդությունը: Ուստի հենց Հայրենիքն ու Սփյուռքը համատեղ ջանքերով պետք է լծվեն խաղաղության մշակույթի և ժողովրդավարության զարգացման գաղափարի իրագործմանը: Երիտասարդությունն է առաջին հերթին տառապում տնտեսական ճգնաժամից, սոցիալական ցնցումներից, և բնականաբար հենց սա պետք է գիտակցել և ակտիվորեն մասնակցել կայուն զարգացման գաղափարի իրագործմանը: Ուրախությամբ պետք է արձանագրել, որ արդեն ստացվել է շուրջ 300 հայտ աշխարհի 20 երկրից, իսկ սա նշանակում է, որ Սփյուռքում շատ երիտասարդներ գիտակցում են համաժողովի դերն ու նշանակությունը:

Լևոն Մութաֆյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930