Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև ռեադմիսիայի մասին համաձայնագիրը

Ապրիլ 19,2013 19:10


Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարին:

 

Ապրիլի 19-ին Բրյուսելում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը և ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոտգոմերին ստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը:

Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց. «Հայաստանն ավելի քան մեկ տասնյակ Եվրոպական Միության անդամ պետությունների հետ ռեադմիսիայի համաձայնագրեր էր ստորագրել և անգամ այն պետությունների հետ, որոնց հետ նման համաձայնագրեր չէին կնքվել, մենք իրականացնում էինք դա որպես բարի կամքի դրսևորում։

Այս համաձայնագրով մենք հիմք ենք դնում կանոնակարգված ռեադմիսիայի գործընթացներին Հայաստանի և Եվրոպական Միության բոլոր պետությունների միջև»։

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ 2011թ-ի հոկտեմբերին Եվրամիության հետ ստորագրվել է Շարժունակության գործընկերության վերաբերյալ հռչակագիրը, որի նպատակն է օրինական և աշխատանքային միգրացիայի ավելի լավ կառավարումը։  «Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցությունը շարժունակության, միգրացիայի և մարդկային շփումների ամրապնդման ոլորտներում զգալի առաջընթաց է ապրել վերջին տարիների ընթացքում»,-ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Եզրափակելով խոսքը` Էդվարդ Նալբանդյանը շեշտեց. «Մենք ակնկալում ենք 2012թ. դեկտեմբերին ստորագրված մուտքի արտոնագրի տրամադրման դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի շուտափույթ վավերացումը Եվրոպական Միության կողմից, որը հնարավորություն կստեղծի բանակցություններ սկսել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ»:

Նույն օրը տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի  և Ընդլայնման ու հարևանության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հանդիպումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Շտեֆան Ֆյուլեն անդրադարձան արդեն ստորագրված մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ռեադմիսիայի մասին համաձայնագրերին, ինչպես նաև ավարտական փուլում գտնվող Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցություններին՝ գոհունակություն հայտնելով դրանց արդյունավետ ընթացքի կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանում բարեփոխումների աջակցության դոնորների համաժողովի հրավիրման նախապատրաստական աշխատանքները:

Բանակցությունների օրակարգում էին ս.թ. սեպտմբերին Երևանում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցեր։

 

 ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930