Լրահոս
Օրվա լրահոսը

60 հազար ձայնի վրա խաչ քաշեցիք, ի՞նչ մաթեմատիկական հնարքով հաջողվեց․ Խամոյանը՝ ԿԸՀ նախագահին

Սեպտեմբեր 17,2026 15:30 Share

«Առավել հետաքրքիր կլիներ, եթե դուք պատմեիք մեզ, թե ինչպես 60 000 քաղաքացու կամքի վրա խաչ քաշեցիք, և այսօր ընդդիմադիր երրորդ ֆրակցիան այս նիստերի դահլիճում ներկայացված չէ»,- խորհրդարանում դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Դուք ձեր հաղորդման մեջ հիմնավորում եք, որ ընտրական խախտումների հետևանքները գնահատելիս չպետք է անտեսվեն այն ընտրողների իրավունքները, որոնք արդեն օրինական կերպով արտահայտել են իրենց կամքը։ Խոսքը մեծամասնության մասին է։ Բայց շուրջ 60 000 քաղաքացի ևս արտահայտել է իր կամքը։ Դուք Վենետիկի հանձնաժողովին եք մեջբերում անում և ասում եք, որ ընտրությունների արդյունքների ամբողջական կամ մասնակի չեղարկումը պետք է լինի բացառիկ և համաչափ միջոց։ Ինձ հետաքրքիր է՝ ԿԸՀ-ն ինչպե՞ս է գնահատել արդյունքների չեղարկման համաչափությունը, երբ դրա հետևանքով փոխվել է խորհրդարանի քաղաքական կազմը, և ընդդիմադիր ուժը զրկվել է մանդատներից։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ Վենետիկի հանձնաժողովը նաև ասում է, որ չեղարկումը չպետք է ոտնահարի այն ընտրողների իրավունքները, որոնք արդեն իսկ կատարել են իրենց ընտրությունը։ Բայց նորից եմ շեշտում՝ 60 000 քաղաքացի ևս կատարել է իր ընտրությունը։ Ի՞նչ մաթեմատիկական հնարքով ձեզ հաջողվեց ԲՀԿ-ի ձայները գողանալ, ինչպե՞ս ձեզ հաջողվեց երրորդ ընդդիմադիր ուժին հեռացնել այս նիստերի դահլիճից»,- ասաց Ագնեսա Խամոյանը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ, այսպես ասենք, անօրինական որոշում չի կայացրել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր իրավական դիրքորոշումն արտահայտել է հունիսի 14-ի իր որոշմամբ, որտեղ որ ձեր բարձրացրած հարցերը հետագայում արդեն ավելի մանրամասն քննարկվել են Սահմանադրական դատարանում։ Եվ Սահմանադրական դատարանին բոլոր, այսպես ասենք, բացատրությունները, բոլոր պարզաբանումները տրվել են, և Սահմանադրական դատարանն իր որոշմամբ, ըստ էության, հաստատել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման իրավաչափությունը»,- պատասխանեց Վահագն Հովակիմյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել