Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեւ Երեւան» դաշինքի անդամ. «Ես ավելի քան համոզված եմ՝ Տարոնը վրիպել է»

Մայիս 05,2013 20:30

«Բարեւ Երեւան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը հանրահավաքում վստահեցրեց, որ «Բարեւ Երեւան» դաշինքից որեւէ մեկը բիզնես չի ունենալու, մյուս կողմից էլ ավագանին աշխատավարձ չի ստանում, ինչո՞ւ եք ուզում դառնալ ավագանու անդամ եւ ինչպե՞ս եք ապրելու: «Առավոտի» հետ զրույցում մեր այս հարցին «Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու թեկնածու Նանե Մակուչյանը պատասխանեց. «Ավագանին, ըստ էության, նիստերի եւ աշխատաժամի առումով շատ ժամանակ չի խլում՝ ամիսը 1-2 անգամ նիստեր, այդքան անգամ հանդիպումներ բնակչության հետ, շաբաթը մեկ անգամ էլի ինչ-որ բան, այսինքն ավագանիում ընդգրկված անձինք հնարավորություն ունեն իրենց աշխատատեղերը չլքել, համատեղել եւ իրենց վաստակելու խնդիրն այլ կերպ լուծել՝ առանց օրենքի խախտման: Այսինքն, եթե աշխատանք ունեն, նրանք կարող են իրենց հիմնական աշխատանքով զբաղվել եւ լուծել վարձատրության ու կենսական պայմանների ապահովման հարցը: Բայց ես պիտի  անկեղծորեն ասեմ, առանց սեթեւեթանքների, որ անհասկանալի է ավագանուն չվճարելը: Ինչո՞ւ: Միայն այն փաստը, որ պետք է պատասխանատու որոշումներ կայացնել, որքան էլ ուշ-ուշ, բայց միեւնույն է, պետք է ժամանակ հատկացնել, նիստերը երկար ժամեր են տեւում, դա լրացուցիչ գերհոգնածություն է առաջացնելու: Եթե չեմ սխալվում, Հրանտ Բագրատյանն առաջարկել էր, որ ավագանին պետք է վարձատրվի, այն էլ՝ պատգամավորի աշխատավարձի կեսի չափ: Համենայնդեպս, եղել է նման առաջարկ»:

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ակնկալիքներ ունեք, քանի՞ տոկոս կունենա «Բարեւ Երեւանը»: Նանե Մակուչյանը պատասխանեց.«Ես չեմ կարող կանխատեսել, թե Երեւանի բնակչությունը որքան տոկոս կուղղի իմ քաղաքական դաշինքին, ինչպես կքվեարկի: Չեմ կարող այդպես ստույգ կանխատեսել: Բայց ասեմ իմ կարծիքը եւ տպավորությունը. Ես կարծում եմ, որ «Բարեւ Երեւան» դաշինքի ե՛ւ ծրագիրը, ե՛ւ ընդգրկված անձինք համենայնդեպս չեն զիջում մյուս կուսակցությունների ծրագրերին եւ ընդգրկված անձանց ոչ իրենց ինտելեկտով, ոչ իրենց աշխատանքային կենսագրությամբ, կյանքի հետագծով, նվիրվածությամբ: Նույնիսկ 1 առավելություն էլ ունի՝ երբեք չի եղել իշխանության պատասխանատու: «Ժառանգության» որոշ անդամներ եղել են պատգամավոր, եւ ընդդիմախոսները վաղուց դա օգտագործած կլինեին, եթե նրանցից որեւէ մեկը ուռճացած հարստություն դիզած լիներ, կամ որեւէ խախտում արած լիներ: Ես չեմ կարծում, որ դրանք որպես կոմպրոմատ՝ իրենց դեմ օգտագործած չլինեին: Սա ինքնին փաստ է: Բարոյական, պարկեշտության, հետագծի անաղարտության առումով ես կարծում եմ «Բարեւ Երեւանն» առաջ է:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Տարոն Մարգարյանի ունեցվածքի հետ վերջին օրերի թեժ քննադատությունների հետ կապված ասել էր, որ այդ ունեցվածքը չի կարող լինել օրենքի խախտումով, որովհետեւ որեւէ մեկը խորթ մի բան չէր հայտարարագրի եւ բացեիբվաց չէր ներկայացնի: Այս առնչությամբ Նանե Մակուչյանի խոսքերով՝ «Սա  կուրիոզ է: Ես վստահ եմ, որ Տարոնը «վրիպել» է: Դա  էլ է շատ բնորոշ իշխող կուսակցությանը. այնքան են արհամարհում քաղաքական մրցակիցներին, այնքան չարդարացված վերամբարձ պահվածք ունեն եւ տոնայնություն, հանրային կարծիքի արհամարհման ինչ աստիճանի են հասել, որ այսպիսի վրիպումներ են թույլ տալիս. բացեիբաց հայտարարագրում են այն, ինչ ունեն: Համոզված եմ, որ իրենք էլ այն կարծիքին չեն, թե խնդիր չկա և լրջորեն անհանգստացած են այս աղմուկից :

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031