Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը, որը ներկա է գտնվել ավագանու նիստի ժամանակ ընդդիմության եւ իշխանության միջեւ ծայր առած քաշքշուքին ու ծեծկռտուքին, լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասաց. «Տեղի ունեցավ այն, որ ելույթները դարձան շատ ավելի խորը քաղաքական՝ կապված ընտրությունների արդյունքների հետ։ Նորմալ ավագանու նիստ էր եւ իրականում դա սկսվեց իշխանությունից։ Հետո՝ տեղից խոսքեր, արձագանքներ, պատասխաններ… Պետք է նշեմ, որ որեւէ կերպ չեմ ուզում արդարացնել նաեւ իշխանության պահելաձեւը, որովհետեւ իրենք պետք է լինեին իրավիճակը հանդարտեցնողը եւ ոչ թե որոշակիորեն սրացման տանեին»։
Փոխքաղաքապետի հայտարարությանը, թե ինքը փորձեց, բայց չստացվեց, ավագանու անդամը հակադարձեց. «Չստացվե՞ց, ուրեմն ընդմիջում հայտարարեիք։ Ընդհանրապես, վարման պատասխանատուն ո՞վ է։ Իշխանությունն է, չէ՞։ Եթե բնականոն ընթացքից դուրս է գալիս, ուրեմն իշխանությունը պետք է ինչ-որ լուծումներ գտնի։
Ես խստորեն դատապարտում եմ ծեծկռտուքը։ Այս էլ որերորդ դեպքն է՝ համայնքային կառույցների աշխատակիցները հենց այս նույն տեղը հարձակվում են, ավագանու անդամների վրա, ծեծում են։ Դա ո՞նց հասկանանք։ Սա, իրոք, խայտառակություն եւ ամոթ էր»։
Իշխանական թեւի պնդումների մասին, թե ընդդիմությունը հրահրել է, Արամ Թորոսյանն ասաց. «Գնացեք, տեսաձայնագրությունները նայեք։ Առաջինը «Քաղաքացիական պայմանագրի» անդամն է սկսել։ Սա փոքր դրվագ է։ Բայց եթե իշխանությունը գնում է այս մեթոդներին՝ ավտորիտար, բռի, ուժով կառավարելուն, դա լինելու է կամ տոտալ հաղթանակ, ենթադրենք, բոլշեւիկների նման, կամ հակահեղափոխություն։ Ինչի՞ եք պետությունը դրդում քաղաքացիական կռիվների, բախումների։ Պետք է ավելի զուսպ լինեն, առավել եւս, եթե իրենց համարում են հաղթանակած»;
Կարդացեք նաև
Իսկ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի՝ դուրս գալու սպառնալիքի վերաբերյալ ավագանու անդամը ասաց. «Անընդունելի խոսելաոճ՝ պետական, համայնքային կարեւորագույն նիստի ընթացքում։ Ով ուզում է՝ ասի դուրս գան, դրսում խոսանք, անընդունելի է։ Ուզում եմ եւ իշխանություններին եւ հակառակ կողմին խորհուրդ տալ։ Եղեք զուսպ եւ պատասխանատու։ Որովհետեւ այն, ինչը որ դուք տարածում եք, սկսած Նիկոլ Փաշինյանից, այդ խոսույթը, այդ բռի խոսքը, դա բերում է բնակչության ներսում լարվածության։ Մենք հասել ենք նրան, որ Մասիսում նախընտրական շրջանում ԵԿՄ անդամը կարող է գնալ եւ կնոջ խփել. այն մարդը, որը պետք է երկրի սահմանները պաշտպաներ»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































