Ընտրական ժողովրդավարության կենտրոնի նախագահ, «Աչքաբաց» ծրագրի ղեկավար Աղասի Եսայանի գնահատմամբ` Երևանի ավագանու ընտրություններում իրենք հանդես են գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ:
«Մենք փորձում ենք թվային տվյալներ ստանալ և անմիջապես ամփոփել ընտրական տեղամասերում գրանցված ընտրողների մասնակցության արդյունքները: Համագործակցում ենք 10 դիտորդական կազմակերպությունների հետ, որոնք տեղակայված են բոլոր 464 ընտրական տեղամասերում և այնտեղից հաղորդագրությունների միջոցով փոխանցում են ընտրություններին մասնակցության տվյալները»,-ներկայացրեց Եսայանը:
Ըստ նրա` նախաձեռնության հիմնական նպատակն այն է, որպեսզի պարզեն, թե որքանով են տարբերվում ընտրություններին մասնակցած և ԿԸՀ գրանցամատյաններում արձանագրված քաղաքացիների պաշտոնական թիվը դիտորդի կամ որևէ վստահված անձի հաշվառած քանակից:
«Ժամը 11-ի դրությամբ այս թվերի միջև տարբերությունը շատ չնչին է, մոտ 0,2 տոկոս»,-նշեց Եսայանը:
Կարդացեք նաև
«Աչքաբաց» ծրագրի ղեկավարի փոխանցմամբ` ընտրություններին առավել ակտիվ մասնակցություն են ցուցաբերում թիվ 1 /Ավան/ և 2 /Նոր Նորք/ ընտրատարածքներում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները:
«Բնականաբար, Տարոն Մարգարյանի` Ավանի բնակիչ լինելու գործոնը որոշակիորեն կարող ենք կապել այս ընտրատարածքում քաղաքացիների ակտիվության հետ»,-նշեց ընտրական ժողովրդավարության կենտրոնի նախագահը:
Նրա հավաստմամբ` մասնակցությունը համեմատաբար ավելի ցածր է Աջափնյակում և Արաբկիրում, սակայն այս առումով որոշակի կանխատեսումներ անելը Եսայանը դեռևս ճիշտ չհամարեց:
Անի ՄԻՐԱՔՅԱՆ


















































