ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը անդրադարձավ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ֆինանսավորմանը, նախընտրական հիմնադրամներին:
«Բոլորն ընդունում են, որ պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ գործընթացը հնարավորինս պարզ ու թափանցիկ լինի: Գործող «Ընտրական օրենսգիրքը» ապահովում է այդպիսի թափանցիկություն, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ կուսակցությունների կամ դաշինքի ֆինանսներին»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը, որի խոսքով՝ գումարները ծախսվում են դահլիճների եւ քարոզչական նյութերի համար:
«Ինչպես նախորդ ընտրություններում, այնպես էլ այս անգամ կուսակցությունները նախապատվությունը տվել են ԶԼՄ-ների միջոցով քարոզչություն իրականացնելուն, ու այս առումով առաջատար է ԲՀԿ-ն, որի համար կուսակցությունը ծախսել է 35.696.000 դրամ, ապա ՀՀԿ-ն` 33.368.000 դրամ, եւ ՕԵԿ-ը` 14.110.000 դրամ: Պասիվություն է նկատվել՝ կապված դահլիճների ծախսերի հետ. կուսակցությունները հիմնականում օգտվել են անվճար հիմունքներով տրվող դահլիճներից: Երեք կուսակցություն` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը, վարձակալել են դահլիճներ: Արտաքին գովազդային վահանակների առումով էլ «Առաքելությունը» վարձակալել է 4, ԲՀԿ-ն` 25, «Բարեւ Երեւանը»` 18, ՀԱԿ-ը` 56, ՀՅԴ-ն` 11, ՀՀԿ-ն` 72 եւ ՕԵԿ-ը 9 վահանակ: Քարոզչական եւ տպագիր նյութերի վրա ծախսած գումարների առումով առաջատար է ՀՀԿ-ն` 16.938.341 դրամ, ապա ՕԵԿ-ը` 6.085.208 դրամ, եւ ԲՀԿ-ն` 2.874.586 դրամ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































