Լրահոս
Օրվա լրահոսը

55-ամյա Հայաստանի Երաժշտական ընկերությունը ամուր հիմք է դրել

Մայիս 07,2013 16:15

Օրերս «Առավոտը» ներկա էր «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 6-րդ մրցույթի գալա համերգին եւ մրցանակաբաշխությանը: Այն նվիրված էր Հայաստանի երաժշտական ընկերության հիմնադրման 55-ամյակին:

Հայաստանի երաժշտական ընկերությունը, որն իրավահաջորդն է Հայաստանի երգչախմբային ընկերության, իր գործունեության ընթացքում ունեցել է երկու անվանի նախագահ՝ կոմպոզիտոր Թաթուլ Ալթունյան (հիմնադիր) եւ խմբավար Էմմա Ծատուրյան, իսկ նախագահության անդամներ՝ դարձյալ ճանաչված խմբավարներ Մ. Մազմանյան, Ա. Տեր-Հովհաննիսյան, Կ. Զաքարյան, Ե. Սահառունի, Հ. Վերանյան, Ջ. Գյոզալյան, Ռ. Աթայան, Ն. Սնգրյան եւ այլն: 1996-ից Երգչախմբային ընկերությունը վերանվանվել է երաժշտականի, որն էլ մինչ օրս նախագահում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը (լուսանկարում): Նրա առաջարկով ու անմիջական ղեկավարությամբ ընդլայնվեց նախկին Երգչախմբային ընկերության գործունեությունը: Օրինակ, երկու տարին մեկ անցկացվում են Գոհար Գասպարյանի, Տաթեւիկ Սազանդարյանի, Պավել Լիսիցյանի, Արշավիր Կարապետյանի անվան, ինչպես նաեւ ժողովրդական նվագարանների, հայ երգեցողության եւ ազգագրական խմբերի մրցույթներ: Երկու տարի առաջ էլ ՌԴ հայերի միության հետ համագործակցության արդյունքում Երաժշտական ընկերությունն անցկացնում է սիրողական եւ պրոֆեսիոնալ երգչախմբերի մրցույթ-փառատոներ:

«Առավոտը» հիշեցրեց իր ղեկավարած կառույցում 1964թ. մինչեւ 2008-ը գործող Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի մասին, որը Հայաստանի պետական ակադեմիական կապելլային զուգահեռ հնչեցնում էր Կոմիտասից մինչեւ հայ կոմպոզիտորների երկեր ու նմուշներ համաշխարհային խմբերգային գրականության գանձարանից: Այս առիթով պարոն Ղազարյանն ասաց. «Այդ երգչախումբը նաեւ բազմաթիվ խմբավարների, այդ թվում՝ Գրիգոր Սանդալջյանից Դավիթ Զալյան, Հովհաննես Միրզոյանից Նատալի Գալստյան, ապա Գրիգոր Նաջարյան, Արմեն Ամիրխանյան, Կոմիտաս Քեշիշյան եւ մյուսների համար եղել է իսկապես անգնահատելի դպրոց: Ժամանակին, Էմմա Ծատուրյանի ղեկավարման տարիներին հենց այդ երգչախումբը մեծ դերակատարություն ունեցավ Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետային բեմադրության մեջ: Քանի որ մեր ընկերությունը հասարակական կազմակերպություն է, պարզ ասած՝ ֆինանսապես ի վիճակի չէինք այն պահելու: Իհարկե ափսոս, որ մեծանուն խմբավարի անունը կրող երգչախումբը գոյություն չունի»:

Անդրադառնալով «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 6-րդ մրցույթին, Դավիթ Ղազարյանը նշեց, որ իրենց նախաձեռնությամբ մրցույթներն իրականանում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, իսկ այս մրցույթի կազմակերպիչներից է նաեւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան: «Մանկական խմբերգն ընդհանրապես մի պարզ մեղեդու, մի քանի քառյակ իմաստուն ու դաստիարակչական բանաստեղծության միջոցով կարողանում է արտահայտել խորունկ միտք՝ արթնացնելով հաճելի զգացումներ ու կրթելով մի ողջ մատաղ սերունդ: Վերջին տարիներին գրվել եւ կատարվել են մերօրյա անվանի կոմպոզիտորների մանկական խմբերգերի ժողովածուներ՝ սկսած Մանսուրյանից, Մավիսակալյանից, Ամիրխանյանից մինչեւ երիտասարդ ստեղծագործողներ: Այս նպատակով մենք համագործակցում ենք ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության հետ, նախապես հայտարարելով մանկական խմբերգերի մրցույթ: Հաջողված ստեղծագործությունները տեղ են գտնում հրատարակված ժողովածուներում: Ի դեպ, «Երգող Հայաստանն» ունի հիմն, որի հեղինակն է Ռոբերտ Ամիրխանյանը»,- հայտնեց մեր զրուցակիցը: Նա հավելեց, որ այս տարի մրցույթին մասնակցել է 81 երգչախումբ՝ Հայաստանի ու Արցախի հանրակրթական ու երաժշտական դպրոցներից: Հանրապետության ճանաչված խմբավարները՝ Ռոբերտ Մլքեյանը, Տիգրան Հեքեքյանը, Աթանես Առաքելյանը, Սոնա Հովհաննիսյանը եւ մյուսները վարպետության դասընթացներ են վարել հանրապետության մարզերում գործունեություն ծավալած խմբավարների հետ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031