Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանի մասնակցությունից մինչև Աստղիկ Սաֆարյանի նոր երգ

Հունիս 15,2013 16:03

Արդեն գիտեինք, որ այս տարի Հայաստանը առաջին անգամ մասնակցելու է «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» միջազգային մրցույթին, որը տեղի էր ունենալու հունիսի 14-ին Լեհաստանում, Հայաստանի մասնակիցն էլ Վահագն Մարգարյանն էր: Եվ ահա մրցույթը կայացավ ու հաղթողի կոչմանն արժանացավ Նիդերլանդների ներկայացուցիչը:

Մասնակիցները նախ հանդես եկան անհատական պարով, այնուհետև խմբակային: Պրոֆեսիոնալ ժյուրին ընտրեց երկու մասնակցի` Գերմանիայի ու Նիդեռլանդների ներկայացուցիչներին, այնուհետև հաղթողին, այս մասին գրել է panorama.am-ը:

Մեկ այլ մրցույթում հաջողություն է ունեցել «Eva RockBand» խմբի վոկալիստ Եվա Ոսկանյանը: Խոսքը Գերմանիայում տեղի ունեցած «Կոմիտասյան երգի» մրցույթ-փառատոնի մասին է, որին Եվան երկրորդ տարին է մասնակցում, և երկրորդ անգամը նրան մեծ հաջողություն բերեց, նա հաղթեց մրցույթում. «Առաջին անգամ անցյալ տարի եմ մասնակցել, բայց միայն փառատոնի հատվածում՝ ներկայացնելով Կոմիտասի «Դլե յաման» երգն ու արժանանացել հանդիսատեսի համակրանքին»,- esyes.am-ի հետ զրույցում ասել է երգչուհին, ով այս տարի մասնակցել է նաև մրցութային փուլին` կատարելով Կոմիտասի «Գարուն» և «Դլե յաման» երգերն ու կրկին արժանացել People’s Choice Award (հանդիսատեսի համակրանք) մրցանակին: «Այս տարվա մասնակցությունս շատ պատահական եղավ. երգեցի կոմիտասյան երկու երգ` ավելի ռոքային ոճում, ինչպես նաև՝ ժողովրդական «Կիլիկիա» երգը, որը, ի դեպ, 4 տարեկանից երգում եմ»,- նշել է Եվան:

Վերջերս ծննդյան 11-ամյակը նշած երգչուհի Անգելինա Գասպարյանը առաջին ձայնասկավառակը թողարկելուց հետո անգործ չի նստել: esyes.am –ի տեղեկությունների համաձայն՝ Անգելինան այս ընթացքում զուգերգ է պատրաստում «Եվրատեսիլ 2008»-ին Ուկրաինան ներկայացրած երգչուհի Անի Լորակի հետ: Անգելինան և Անի Լորակը զուգերգով հանդիսատեսին կներկայանան առաջիկայում կայանալիք «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթին:

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, ով վերջին տարիներին ապրում և սովորում է Բարսելոնայում, վերջերս վերադարձել էր Հայաստան, և արդեն նորություններ ունի: 168.am-ը հետաքրքրվել է նրա նոր երգի մասին, որի ձայնագրությունն արդեն ավարտել է. «Այժմ սպասում եմ, որ երգը բերվի վերջնական պատրաստի տեսքի: Համագործակցել եմ Leon Gris-ի և Deep Danny-ի հետ: Տղաների հետ միասին որոշեցինք, որ երգը պետք է լինի համատեղ աշխատանք: Երգի գործիքավորումը գրվեց նրանց կողմից, իսկ ես գրեցի երգի երաժշտությունն ու խոսքը: Շատ գեղեցիկ, նոր և հետաքրքիր գործ է ստացվել, ակումբային House երաժշտական ոճի և Pop/Rock ոճի համատեղ մի աշխատանք է»:

Շաբաթվա պրեմիերաները. Արամե «Մամա», Մի քանի հոգի «Էս պահին», Տիգրան Համասյան «Road song», Լիլիթ Հովհաննիսյան «Գնչու»

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930