Լրահոս
Օրվա լրահոսը

Սանահինը երկրորդ կյանք կապրի

Հունիս 22,2013 20:00

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքով այժմ արդեն պետությունը սկսել է  ուշադրություն դարձնել երկրի կարեւորագույն համալիրներից մեկին՝ Սանահինին: «Սանահինի վանական համալիրը մեր ամենաակնառու եւ լավագույն համալիրներից է: Սանահինը եւ Հաղպատն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՈ-յի մշակութային ժառանգության մեջ: Նրա նկատմամբ ամենամեծ ուշադրությունը պետք է լինի: Կառավարությունը մոտ երեք հարույր միլիոն դրամի վերականգնողական աշխատանքներ պետք է անի»:

Ըստ նրա միայն սեփականատերը չէ, որ պետք է հետեւողական լինի, այլ բոլորս: Ինչպես ասաց՝ պետք է ամենօրյա խնամք, ուշադրություն եւ  հսկողություն լինի այն հուշարձանների նկատմամբ, որոնք արդեն փոքրիշատե վերանորոգված են եւ շահագործման մեջ են գտնվում:

«Սեփականատերը պետք է բացառիկ ուշադրություն ցուցաբերի, այդ հաստ ծառի բներն ասում են նրա մասին, որ դրանց վերաբերյալ ոչ մի հսկողություն չի եղել»,- ասաց նա:

«Փրկենք Սանահինի եկեղեցին» նախաձեռնության անդամ, պատմական գիտությունների դոկտոր Գեւորգ Մելքոնյանն էլ հայտնեց, որ իրենք առաջիկայում նախատեսել են ստեղծել հիմնադրամ, որը կաջակցի համալիրի վերանորոգմանը: «Եկեղեցուց քարեր են թափվում, դա փաստել են նաեւ տեղի բնակիչները: Իսկ սա նշանակում է, որ այն պետք է ամբողջովին վերականգնվի, որպեսզի խուսափենք հետագա փլուզումից»,- նշեց նա:

Բանախոսն ասաց, որ հիմնադրամը գործելու է  նվիրատվությունների միջոցով,  դիմելու են տարբեր կառույցներին: Հիմնադրամի խնդիրը լինելու է այն, որ իրենք զբաղվեն վերականգման հարցերով, քանի որ, ըստ նրա, դա միայն մշակույթի նախարարության խնդիրը չէ: Նաեւ պատրաստվում են հրատարակել Սանահինի պատմության մասին գիրք, ձեւավորել են ուսանողներից կազմված կամավոր խմբեր, որոնք իրենց օգնությունը կցուցաբերեն:

Բանախոսները փորձում էին արդարեցնել թե կառավարությանը, թե Հայ Առաքելական եկեղեցուն` Սանահինում տեղի ունեցածի համար: «Քսան հազար նման վանքային հուշարձանների պահպանմամբ հասկանում ենք, որ չի կարող մշակույթի նախարարությունը զբաղվել, այդքան գումար չկա, բայց այն ինչ հանձնված է ինչ-որ մեկին որպես սեփականություն՝ վերջինս պետք է աչքի լույսի պես պահի: Մեզանից յուրաքանչյուրը պետք է հետեւողական լինի եւ ուշադրություն դարձնի նման համալիրներին»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

Նրա պարզաբանմամբ, որպեսզի երկարացնենք հուշարձանի կյանքը, անհրաժեշտ է  ժամանակ առ ժամանակ մաքրել որոշակի լուծույթներով, որպեսզի մոլախոտեր չգոյանան. «Մեր բոլոր հուշարձանները, որոնք աչքից դուրս են այդ վիճակում են: Ջրերը ծածկասալերի վրա են իրենց բացասական ազդեցությունը թողել, իսկ այն, որ ասում են, թե պատը թեքվել է, մեր հետազոտությունները ցույց են տվել, որ այդպես չէ»:

Բանախոսները փաստեցին նաեւ, որ եթե ավելի շուտ ուշադրություն դարձվեր խնդիրն այսքան չէր բարդանա, եւ շատ գումար ծախսելու կարիք չէր լինի:

2016 թվականին լրանում է Սանահին եկեղեցու 1050-ամյակը:

 

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930