Լրահոս
Օրվա լրահոսը

Գարիկ Հայրապետյան. «Անհրաժեշտ է գոնե անապահով խավին անվճար հակաբեղմնավորիչներ տրամադրել» (Տեսանյութ)

Հունիս 28,2013 14:13

Չնայած Հայաստանում արդեն քանի տարի է ներդրվել է ծննդօգնության սերտիֆիկատը, որով հղիները կարող են անվճար ծննդօգնություն ստանալ, սակայն սա չի բարձրացնում ծնելիության մակարդակը մեր երկրում: Այսօր «Դեբատ» ակումբում նման կարծիք հայտնեց Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Թադեւոսյանը: Սեռով պայմանավորված աբորտներն ու անպտղությունը, ինչպես նաեւ սոցիալական պայմաններն են հիմնական պատճառները ծնելիության ցածր մակարդակի: Բժշկուհու դիտարկմամբ, գուցե անհրաժեշտ է արգելել պտղի սեռը ծնողներին ասել, եւ նույնիսկ աբորտներն արգելել, բացառությամբ բժշկական ցուցումների:

Այս առնչությամբ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Գարիկ Հայապետյանն ասաց, որ շատ ավելի լուրջ խնդիր է երկրորդական անպտղությունը. առաջնային անպտղությունը 3-4% է, իսկ երկրորդայինը՝14%: Պարոն Հայրապետյանի ներկայացմամբ, երկրորդային անպտղությունը ընդամենը վտանգավոր  աբորտների եւ սեռավարակների հետեւանք  է, մինչդեռ սա շատ հեշտ կանխարգելելի խնդիր է. Անհրաժեշտ է վերարտադրողական տարիքի գոնե անապահով խավին անվճար հակաբեղմնավորիչներ տրամադրել, սա, ՄԱԿ-ի հաշվարկներով, պետբյուջեի վրա կնստի ընդամենը տարեկան միջինը 100-120 հազար դոլար:

Անդրադառնալով ժողովրդագրական խնդիրներին, պարոն Հայրապետյանը նշեց, որ բոլոր չափման ցուցանիշներով՝ ծնելիություն, միգրացիա, ծերություն, Հայաստանում իրավիճակը շատ ծանր է. «Ծնելիությունը երկու անգամ անկում է ապրել Սովետական միության փլուզումից հետո:12%-ից ավելի ծերացած ազգաբնակչություն ունենք եւ պատկանում ենք ծերացող ազգերի թվին: Վերջին 10 տարիների ընթացքում մեր ազգաբնակչության 1%-ին կորցնում ենք միգրացիայի պատճառով, ինչը մեծ ճոխություն է մեզ համար»:

Ինչ վերաբերում է աբորտների արգելմանն ու պտղի սեռը չբացահայտելուն, պարոն Հայրապետյանը կարծիք հայտնեց, որ դա շատ վտանգավոր երեւույթների կհանգեցնի. «Շատ վտանգավոր դաշտ ենք մտնում, արգելել աբորտները, Հայաստանում վերջին տաս տարիներին կին չի մահացել: Աբորտը պետք  է լինի ցանկալի եւ պետք է անպայման լինի հնարավորություն պարզապես պաշտպանվել նման բաներից»:

Ինչ վերաբերում է սեռով պայմանավորված աբորտներին, ապա այս ցուցանիշով էլ առաջատար ենք աշխարհում: Օրինակ Շիրակում եւ Գեղարքունիքում ծնված 124 տղայի դեպքում, ծնվում է 100 աղջիկ, մինչդեռ նորմալ ցուցանիշը 100/106-է:  Այս տեմպերը, եթե շարունակվեն, ըստ ՄԱԿ-ի վերլուծության, ապա 25 տարի հետո մոտ 93 հազար մայրեր չեն ծնվի, ազգաբնակչությունը կպակասի 80 հազարով:

Գարիկ Հայրապետյանը խոսելով սեռով պայմանավորված աբորտների արգելման ու սեռի բացահայտման մասին, ասաց, որ սա ընդամենը կոռուպցիայի ռիսկն է բարձրացնելու. «Եթե հիմա 5 հազար դրամ են վերցնում սեռը նայելու համար, հետո 15 հազար կվերցնեն: Հայաստանում տղա երեխային 6 անգամ շատ են գերադասում»:

Մանրամասները ՝տեսանյութում

Ասուլիսի մյուս մասնակից, ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն էլ ներկայացնելով տվյալներ, նշեց, որ վերջին տարիներին ծնելիության ցուցանիշն առանձնապես չի փոփոխվել. Մեկ կինն ունենում է 1.6 երեխա. Սա պարզ վերարտադրություն չի ապահովում:

Մանրամասները`  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930