Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբան. «Չենք վճարելու 150 դրամի» հաղթանակն ապացուցեց, որ նախորդ ցույցերում լիդերներն անարդար էին»

Հուլիս 26,2013 20:23

Սա թերեւս մեկ անգամ էլ հաստատում է, որ նախորդ լիդերները հետեւողական չէին, կամ ընթացքում իրենց հիմանական գծից շեղվել էին, կամ ժողովրդի նկատմամբ անարդար մի բան էին կատարել, որ մասսաները կամաց-կամաց պակասում էին:

Շատերի համար գուցե կասկածելի էր, որ «Չենք վճարելու 150 դրամ» բողոքի ակցիան հաջողություն կունենա: Մենք բազմաթիվ բողոքի ակցիաներ ենք ունեցել, նույնիսկ հզոր քաղաքական լիդերների գլխավորությամբ տեղի ունեցած բողոքի ցույցերը հաջողություն չունեցան, իսկ, այսպես ասած՝ տրանսպորտային ցույցը, որն ինքնաբուխ էր, առանց լիդերի ու մեծամասամբ երիտասարդների մասնակցությամբ հաղթանակ գրանցեց:

Aravot.am-ը  հոգեբան  Խաչատուր Գասպարյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ այս պայքարում առանց լիդերի ու որեւէ մեկի գլխավորության հասարակությունը հաղթանակ գրանցեց, իսկ լուրջ քաղաքական  լիդերներով պայքարները, կարելի է ասել՝ ձախողվեցին:

«Լիդերները սպառվել են հասարակության աչքերում, այն լիդերները, որոնց հետեւից հասարակությունը ոգեւորված գնում է, մեկ էլ մի պահ է գալիս, որ նրանք, մի տեսակ կարծես  հրաժարվում են հեգեմոնից, գերիշխողից, առաջնորդից: Նրանք չեն կարողանում շարունակել, արժեզրկվում են, լիդերների ինքնագնահատականն է փոխվում դեպի վատը, եւ իրենք կարծես մի կողմ են քաշվում: Նույնը եղավ մարտի 1-ի դեպքերի ժամանակ՝ գնացին, գնացին, գնացին՝ մեկ էլ վերջին պահին պարզվեց լիդերը չի կարող գալ, ժողովուրդը մնաց առանց լիդերի: Այս պարագայում բողոքի ակցիան խոսում է այն մասին, որ հասարակության մեջ կան հակասական տրամադրություններ. այդ ինքնաբուխ դրսեւորման ձեւն ինձ համար շատ դրական էլեմենտ ուներ, քանի որ հասարակության տարբեր շերտերից համախմբվածություն ցուցաբերեցին, որը նախորդ պարագաներում, այդ քաղաքական անցուդարձի մեջ, ես վախենում էի թե կորցրած կլինեինք: Սա թերեւս մեկ անգամ էլ հաստատում է, որ նախորդ լիդերները հետեւողական չէին, կամ ընթացքում իրենց հիմանական գծից շեղվել էին, կամ ժողովրդի նկատմամբ անարդար մի բան էին կատարել, որ մասսաները կամաց-կամաց պակասում էին»:

Պարոն Գասպարյանը վերջին բողոքի ակցիան համեմատեց արցախյան պատերազմի հետ. Այն ժամանակ էլ ինքնաբուխ համախմբվածություն եղավ: Իսկ «Չենք վճարելու 150 դրամ» պայքարում համախմբվածությունը, ըստ հոգեբանի, ապացուցեց, որ վերահաս վտանգի դեպքում մեր ժողովուրդն էլի համախմբվելու է. «Ես մի պահ մինչ այս վերջերս, վախ ունեցա, որ այն տրամադրությունները, որ կային, եթե պատերազմ լինի արդյո՞ք մենք նորից կհամախմբվենք: Վերջին բողոքի ակցիան ապացուցում է, որ մենք երկու հարցի շուրջ միշտ համախմբվում ենք. Մեկը՝ տրավմայի հարցն է, տեսեք ապրիլի 24-ին որքան մարդ է հավաքվում, կամ մահացածի  ընտանիքում հայերն որքան պատրաստակամ են եւ աջակցող: Սա խոսում է այն մասին, որ տրավմայի ժամանակ մենք հավաքվում ենք եւ վերահաս վտանգի պարագայում էլ, մենք ունենք մի յուրահատուկ ազգային գիծ՝ կարողանում ենք համախմբվել, ի սկզբանե մեր ինքնության մեջ դա կա: Այս ակցիայի ժամանակ ես յուրահատուկ ներքին հրճվանք ապրեցի, որ մենք չենք կորցել էմպատիայի՝ ուրիշների ապրումներին հաղորդակից լինելու զգացումը: Մի տեսակ զգացում կար, որ յուրաքանչյուր մարդ սկսել է էգոցենտրիկ ապրել՝ իր տարածքի, եսի, ընտանիքի համար: Իսկ ակցիան ցույց տվեց, որ մենք իսկապես կարող ենք համախմբվել, շատ դրական եմ գնահատում որպես հոգեբան»:

Որոշ քաղաքական գործիչներ այս բողոքի ակցիան 50 դրամանոց բունդ համարեցին, ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանն էլ հայտարարեց, որ եթե իշխանություններն ուզեին՝ կցրեին ակցիան: Ինչի՞ մասին է սա խոսում՝ սպառնալի՞ք, թե վախ, մեր այս հարցին էլ հոգեբան այսպես պատասխանեց. «Դա նշանակում է նրանք վախեցած էին, որոշում կայացնելն էլ քաղաքականացրեցին, երբ հիմքում տնտեսական խնդիրն էր, հաշվարկները եւս քաղաքականացվեցին, այս երկրում ամեն ինչ քաղաքականացվում է: Ես սպասում էի, որ ՀՀ նախագահը մի բան պիտի ասի, որովհետեւ մինչ նախագահը մի բան չէր ասում, հարցը լուծում չէր ստանում, այս անգամ ոնց որ թե նման բան չեղավ: Ես կարծում եմ, որ եթե սա կանխամտածված քայլ էր՝ որ մենք հետ քայլ անենք, հետո էլի շարունակենք առաջ, դա եթե մտածված է՝ ժամանակը ցույց կտա ամեն ինչ: Իսկ եթե նրանք վերահաս վտանգ զգացին, եւ որոշեցին չբարդացնել իրավիճակը, սա ինձ թվում է լավ նախապայման է. ժողովուրդը հասկացավ, որ երբ  համախմբվում են, հաջողության կարող են հասնել: Սա 50 դրամանոց բունդ չէր, 50 դրամի ետեւում կար սոցիալական անարդարության զգացում, սոցիալական անպաշտպանվածության զգացում, երիտասարդությունը որոշել է իր իրավունքների տերը լինել, սա շատ կարեւոր իրադարձություն է եւ իր հետեւանքն ունենալու է»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031