ԵԽ ավելի քան 10 անդամ երկրների 23 պատվիրակներ բոլոր քաղաքական խմբերից միջնորդություն են ներկայացրել «Զանգվածային գաղտնալսումը Եվրոպայում» խորագրով բանաձևի ընդունման համար: Այն քննարկման կդրվի օգոստոսի 31-ին: Բանաձևի նախագիծը շրջանառության մեջ է դրվել Նիդերլանդները ներկայացնող պատվիրակ Փիթեր Օմզիգի (լոևսանկարում) կողմից:
Բանաձևի նախագծով կոչ է արվում ԵԽ անդամ երկրներին կարգավորել և կազմակերպել հսկողություն ազգային նշանակության գաղտնիքների պահպանության առումով: Միջնորդության նպատակն է հետաքննություն սկսել, որը կիրականացնի ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը: Հանձնաժողովի ներկայացրած զեկույցի հիման վրա հնարավոր կլինի բանաձևը լրամշակել, կրկին դնել քննարկման և հասնել նրան, որ Վեհաժողովն ընդունի այն:
Նախագծում, մասնավորապես ամրագրված է. «ԵԽԽՎ-ն վկայակոչում է, որ դատական և խորհրդարանական վերահսկողությունը երկրի կառավարության գործունեության, այդ թվում հատուկ ծառայությունների հսկողության հարցում ունի կենսական նշանակություն՝ օրենքի գերակայության և ժողովրդավարության ապահովման առումով»:
Կոչ է արվում խորացնել համագործակցությունը անդամ երկրների միջև պետական նշանակության գաղտնիքների պահպանության ապահովման խնդրի հարցում: Այնուհետև կարևորվում է ահազանգումը, տագնապի բարձրացումը՝ որպես մասնավոր և պետական հատվածներում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի լավագույն հնարավորություն:
Կարդացեք նաև
Բանաձևի նախագիծը ստորագրած պատվիրակները կոչ են անում ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 52-րդ հոդվածի ներքո հարցում ընդունել: Իսկ գործընկեր պատվիրակներին կոչ է արվում, ուսումնասիրել սեփական երկրում գոյություն ունեցող իրավիճակը և եթե անհրաժեշտ են, ներդնել անկախ մեխանիզմներ հատուկ ծառայությունների վերահսկողության համար: Կարևորվում է նաև առանձնահատուկ միջոցների ներդրումը քրեական և քաղաքացիական դատարաններում պետական անվտանգության ապահովմանն ուղղված պետության համար հատուկ կարևորություն ունեցող տեղեկատվության բեռնաթափման ուղղությամբ:
Փաստաթուղթը ստորագրել են նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նշենք, որ «Լրագրողների առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը ևս իր աջակցությունն է հայտնել այս միջնորդությանը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































