Այսօր կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ ուսման վարձերի թանկացման դեմ:
Ցուցարարները կոչ էին անում ուսման վարձերը սահմանելիս չհամեմատվել զարգացած երկրների հետ, որովհետեւ մենք հեռու ենք զարգացած երկիր լինելուց. «Դա ծիծաղելի եմ համարում: Զարգացած երկրներում աշխատավարձը չափազանց բարձր է, իսկ մեր պետական աշխատողի աշխատավարձը նույնիսկ չի բավարարում ուսման վարձի նույնիսկ կեսը վճարելու համար»,- ասաց ակտիվիստ Արթուր Հայրապետյանը:
Հաշվի առնելով, որ բողոքի ակցիային չէին մասնակցում ուսանողներ, Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչքանո՞վ են ուսանողներն այսօր համախմբված՝ ուսման վարձերի թանկացման որոշումը կասեցնելու դեմ: Արթուր Հայրապետյանը պատասխանեց. «Ուսանողներից շատերը չեն էլ իմանում, որ վարձերը բարձրացել են, թեեւ պայմանագիրն արդեն իրենք ստորագրած պիտի լինեին:Կարծում եմ՝ սեպտեմբերից ամեն ինչ պարզ կլինի»:
Թե թանկացումներն ինչով են պայմանավորված՝ ցուցարարներն ունեն իրենց բացատրությունը՝ «ՀՀԿ-ն փորձում է հարվածել հայ քաղաքացու գրպանին: Հարվածել, թալանելով փորձում է այս անգամ վարձով խաղեր տալ: Վարձավճարների թանկացումն ինքնանպատակ է: Աշոտյանը երբ ասում է՝ ռեկտորների խորհուրդն է որոշում, մեր նպատակն այն է, որ եթե, պարո՛ն Աշոտյան, դուք լրիվ ձեռնպահ եք եւ չեք փորձում, այսպես ասած, ոլորտը կառավարել, ուրեմն դուրս եկեք բողոքեք: Եթե դուք ասում եք՝ ինձ էլ ձեռք չի տալիս թանկացումը, խնդրեմ, մեզ հետ դուրս եկեք, թող ռեկտորները որոշեն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































