Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Գոհ եղեք, որ կառավարության թուղթ դակողների հետ չեն հավասարեցրել» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2013 14:39

Առայժմ միակ պատգամավորը, որ այսօր եւ նախորդ երկու օրերին «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ոչ միայն պատգամավորների աշխատավարձը այս կամ այն պաշտոնյայի աշխատավարձի համադրելիության մասին չէր խոսում կամ չէր դժգոհում, թե ինչու պետք է այսինչ պաշտոնյան պատգամավորից ավելի ստանա, այլ հակառակը՝ բարձրաձայնեց հասարակության մեջ առկա կարծիքը, որ ներկայիս պատգամավորներին իրենց այսօրվա աշխատավարձն էլ է շատ` Նիկոլ Փաշինյանն էր:

Իհարկե, դա ասելու համար պատգամավորը ստիպված էր անձնավորել օրենքի նախագիծը, ինչը չանելու կոչ էին անում բոլորը՝ սկսած օրենքը ներկայացրած ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Վաչե Գաբրիելյանից՝ վերջացրած ընդդիմադիր պատգամավորներով: Այս օրենքը որպես քաղաքական փաստաթուղթ գնահատողներն անընդհատ ասում էին այն մասին, որ սա ձեւավորում է որոշակի քաղաքական դիրքորոշում, եւ չպետք է այն դիտարկել անձնավորման դաշտում, չպետք է պոպուլիզմով զբաղվել, եւ, ասենք, «Զբաղվածության մասին» երեկ ընդունված ՀՀ օրենքը, որով վերացվեց գործազրկության նպաստների ինստիտուտը պետք չէ այս օրենքի հետ համեմատել կամ համադրել:

Բայց պարոն Փաշինյանը հենց այդպես էլ վարվեց: Մեջբերելով Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի երեկվա ասածը, թե գործազուրկներին 18 հազար դրամ նպաստ տալն անբարոյականություն է՝ պարոն Փաշինյանը նկատեց, որ այդ «բարոյական թնջուկի» լուծման համար ուղղակի վերացվեց այդ նպաստը, իսկ հիմա քննարկվում է այն հարցը, թե ինչպես ավելի քան 200%-ով բարձրացնել երկրի առաջին երեք դեմքերի աշխատավարձերը, որոնց պաշտոնավարման ժամանակաշրջանում աղքատությունը երկրում մոտ տաս տոկոսով աճել է: Նա նկատեց, որ աշխատավարձի այդ արտառոց բարձրացման պարագայում ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է ընդամենը 4,7%-ով, եւ եթե ուսուցիչը ԿԳ նախարարից 2,3 անգամ պակաս աշխատավարձ էր ստանում, այս օրենքի ընդունումից հետո արդեն 5,3 անգամ քիչ աշխատավարձ է ստանալու:

Պատգամավորն անդրադարձավ նաեւ Փակ շուկայի, Մարտի 1-ի եւ այլ խնդիրների՝ այն համատեքստում, որ այդպիսի խնդիրներ ունեցող կամ հարուցած պաշտոնյաների աշխատավարձերն են բարձրանում:

Նա հետաքրքրվեց, թե ինչու են պատգամավորները վատ զգում, երբ իրենց հավասարեցնում են ոչ թե նախարարների, այլ փոխնախարարների հետ՝ «Գոհ եղեք, որ կառավարության թղթերը դակողի հետ չեն հավասարեցրել, որովհետեւ այստեղ մենակ օրենք դակող եք»: Նա հարցնում էր, թե այդ ինչ ռեալ ցավ են դարմանել երկրից փախչողների համար, որ ուզում են աշխատավարձերը բարձրանան:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու այս օրենքին, որովհետեւ չի կարող կողմ քվեարկել Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ Տիգրան Սարգսյանի աշխատավարձերի բարձրացմանը, որովհետեւ կողմ քվեարկելով կընդուներ, որ նրանք դրան արժանի են, այնինչ ինքը համարում է, որ նրանք արժանի են անհապաղ պաշտոնաթողության՝ առնվազն:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ.Գ.- Ավելի ուշ իրենց ելույթներում պատգամավորների եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը չողջունելու շեշտադրում արեցին նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031