Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախահայությունն ապրեց հերթական արհավիրքի ծանր տարիները …

Հոկտեմբեր 26,2013 20:24

«Վահե ջան, Էրեվնու բանմ չե՞ս փերել, կարդանք…»: Ջավախքցի պարզ ու շիտակ մարդու այս նույնքան պարզ ու հարցական նախադասությունն իրականում իր մեջ մեծ փլիսոփայություն է պարփակում: Բազմիմաստ ու ենթաշերտերով հարուստ այս հարցմունքին անհնար էր տալ բացասական պատասխան: «Փերել եմ.»: Բայց…

2009 թ. վերջերն էին: Սովորականի պես մեկնում էի Երևանից Հայրենի Ջավախք: Ինչպես միշտ՝ հետս վերցրել էի լրագրերի մի փոքրիկ տրցակ՝ գյուղում և այլուր հանդիպող ծանոթ մարդկանց տալու համար: Ոլորտի աշխատակից բարեկամներս էին տվել՝ «Եղբայր, էնքան էլ հնացած չեն, ափսոս է դեն նետելը, տար ձեր մոտ՝ կկարդան, գիտենք, որ ձեր մոտ՝ Ջավախքում…»:

Մի 4-5 անուն թերթեր էին, 1-2 անուն ամսագիր:

-Էս ռա գազեթեբիա (Ի՞նչ թերթեր են):

– Ձվելի գազեթեբիա, ձմա (Հին թերթեր են, եղբայր):

– Ինչի՞ կխաբես, էդիկ վրացի է՝ չի հասկնա, ահան, թըզը թերթ են: Չէ, տուր իստեղ իդոնք, չի կարելի, ինի վեշերուդ մեջնա՞ կա,- մեջ մտավ ջավախահայ մի այլ աշխատակից, մի ազգադավ մարդկային տեսակ:

– Չէ, բայց՝ էս ինչ վիճակ է, խոմ ծախելու չե՞մ տանի: Ախըրքըլըկ հայերեն կարդալա՞ չի կարելի:

– Չէ, էնտեղ օր թերթ տեսան, մեզի իստեղ գործերես կհանեն, հայդե պահեստ, տեսի, օր սաղին ձեռքերենա կառնենք, մեննըկ դու չես:

–         Լավ, արի էս անգամ տանիմ, էլ չեմ փերե:

–         Չէ, չէ, կսեմ չի կարելի, քալուդ ետ կտանիս:

– Ընկեր, դու հա՞յ ես, թե՞ մեննըկ ազգանունդ է հայկական, ամոթ է, օր քեզի պես մեկն իմ զեմլյակն է, գիտե՞ս, օր ոչ օրենքով, ոչ ա բարոյապես չի արդարացվի քու էրածդ: Էտոնց համար մե օրմ խղճիդ ու ազգությանդ առաջ պատասխան տի տաս…

–  Էլ ուրուշ բան մի զրցի, պասպոռտդ տուր, սպասե, թերթերտա տանիմկը նես…

Ինչպես կռահեցիք՝ ՀՀ-Ջավախք սահմանային անցակետում էր, որ եղավ այս դեպքը. Չարաբաստիկ այդ օրվա դեպքից մինչ օրս ես նույնպես հայտնվեցի այն մարդկանց կարմիր ցուցակում, որոնց անձնագրային տվյալների մուտքագրումից անմիջապես վառվում են գունավոր ազդանշանները: Իսկ սահմանային աշխատակիցներն իսկույն անհանգիստ շարժումներով կանգնեցնում են գրանցումը. համակարգիչը փչացավ, մինչև որ վերադասները տեղեկանում են մեր «վտանգավոր գալստյան» մասին…

–  Վահե ջան, Էրեվնու բանմ չե՞ս փերել, կարդանք…

– Չէ, էլ չեն թողնե, քանիմ հատ թերթնա ձեռքես առան…

Ջավախահայությունն ապրում էր արհավիրքի ծանր օրեր…

ՀՀ-ի հետ մշակութային կապն իսպառ կորստյան եզրին էր: Ձուլման հզոր ալիք էր դա, որ իր քայաքայիչ մեքենայով հարվածեց Ջավախքին՝ փորձելով հիմքից սասանել հայության ազգային գիտակցությունը: Դառնաղետ այս փորձությունը յուրօրինակ քննություն էր բոլորի համար. շատերը դիմացան, որոշները՝ ոչ… Բարոյազրկման, մատնության, քծնանքի ու դավի այս մթնոլորտում որոշները պարտվեցին՝ ապրելով բարոյական վախճան: Ձևախեղվում էր այն ամենը, ինչը խոչնդոտ էր հայության գիտակցության խեղման և ձուլման ճանապարհին, իսկ մարդիկ զարմացած, զայրացած ու կարկամած վիճակում էին…

Վրացական պետության, մշակույթի, արվեստի ու գիտության հիմքերում կանգնած հայությունը մեկուսացվում էր, արագորեն փոխարինվում` միայն կործանելու, գրավելու, ավերելու ընդունակ թյուրքական հորդաներով: Ջավախահայության ուսերին ընկած ծանրությունը դրանով տասնապատկվեց. այժմ վերջինս ստիպված էր հետ շպրտելու վրաց պետության համար կործանարար թյուրքական լայնածավալ գրոհը, որն իրականացվում էր վրացական փառասեր ու փողասեր առաջնորդների վարքին համահունչ: Ջավախահայությունն այստեղ էլ իր պատմական բարձրության վրա էր՝ հերթական անգամ անկեղծորեն մտահոգվելով վրաց պետության ճակատագրով: Ցավոք, այս մտահոգությունը հերթական անգամ միակողմանի էր…

Ջավախահայությունն ապրում էր արհավիրքի ծանր օրեր…

Շատերը, սակայն, պատվով դիմակայեցին: Փառք բոլոր այդ մարդկանց՝ մանկավարժ ու քաղաքական գործիչ, ուսանող ու հողագործ, պաշտոնյա ու մտավորական, լրագրող ու բժիշկ, հոգևորական ու արվեստագետ… Հերոս մարդիկ: Մաքառումի այդ ծանր օրերին նրանցից շատերը պոռթկացին՝  կրելով հոգեկան ու ֆիզիկական տառապանքներ, շատերը դիմացան՝ սեղմված ատամներով, շատերը… Փրկվեց ամենաէականը՝ այն արժեհամակարգը, այն հոգևոր դաշտը, առանց որի կկտրվեր պատմության շղթան:

18-րդ դարի վերջ՝ լեզգիների և կովկասյան ցեղերի արշավանք, մշակույթի ու կենաց ընդհատում: 1918 և 1921 թթ.՝ թուրքական զորքերի արշավանք, արյունոտ ցեղասպանություն: 2003-2012 թթ.՝ երիտվրացիների քաղաքական ուղեգիծ, մշակութային ընդհատման և տեսակի ձևախեղման վտանգի շրջան:

Ջավախահայությունն ապրեց հերթական արհավիրքի ծանր օրերը…

2012 թ. հոկտեմբեր – 2013 թ. հոկտեմբեր. Ջավախահայությունը թևակոխեց նոր՝ հակասությունների, անորոշությունների, նաև՝ հույսի ու հավատի մի շրջան:

2013 թ. հոկտեմբեր. սպասելիքների մի նոր սկիզբ:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. artur says:

    Կարծես թե հայրենասիրական ,հայասիրական հոտված է բայց ակնհայտ պոպուլիստական ,, որի տողերից կարմիր գծով անցնում է ռուսահաջո հակավրացական տրամադրությունը, որը երբեք չի ծառաելու ջավախքահայության շահերին.Ի վերջո ինչ կարող է տալ հայկական թերթը ջավախքցուն բացի անճատողական քարոզչության ներարկումից , իսկ դա վրացիների հետ առճակատման գործանարար ուղին է:Թե հոտվածի հեղինակն էլ այն մարդկանցից է ովքեր կարծում են թե ոչ թե ջավախքահայերը պետք է սովորեն վրացերեն , որը երկրի պետական լեզուն է այլ մնացած վրաստանաբնակներն են պարտական սովորել հայերեն.Իսեր աստծո թողեք ջավախքահայությունը ինքը տնորինի իր ճակատագիրը:Մի թե չի երեվում թե ուր է գնում վրաստանը և ուր հայաստանը.

  2. Վահե Սարգսյան says:

    Սկսեմ վերջից՝ ջավախքահայությունը հենց այս հոդվածում ինքն է տն(ո)օրինում իր ճակատագիրը՝ ուզում է հայկական, այն է՝ իր մայրենի լեզվով թերթեր, այն է՝ ուզում է կապ՝ Մայր պետության՝ ՀՀ-ի հետ, որը նաև նախատեսված է ազգային փոքրամասնությունների մասին միջազգային փաստաթղթերով:

    Թերթն այստեղ որպես օրինակ է, միթե պարզ չի Ձեր համար, որ եթե սովորական թերթն առգրավում են, ապա նույն են անում նաև գրքերի հետ, որպես օրինակ, Պարույր Սևակի ու Թումանյանի հետ, որնի մասին, ի դեպ, օրերս Սահակաշվիլու առաջ խոսեց Վահագն Չախալյանը: Եթե նույն տրամաբանությամբ Դուք փորձում եք ռուսահաճո կամ անջատողական մտքեր գտնել նաև Սևակի և Թումանյանի, մյուս բոլոր դասականների ու ժամանակակիցների գործերում, Ձեզ կարելի է միայն ցավակցել:

    Ինչ վերաբերում է վրացերեն սովորել չցանկանալուն՝ նշեմ. ինչ շահեց դրանից գորիահայությունը կամ կախեթահայությունը դրանից՝ անցյալ դարասկզբին, կամ ինչ է շահում դրանից թիֆլիսահայությունը՝ ներկայումս: Եթե չհասկացաք՝ բացատրեմ, առաջինը համալրեց վրացիների շարքը, երկրորդը՝ կանգնած է այդ ճամփին: Ես կօգնեի անգամ ջավախահայությանը՝ վրացերեն սովորելու մեջ, եթե դա չարվեր բռնի, ձուլման ու վրացացման նպատակով: Անմտածված ու զավեշտական մտքեր զետեղելուց առաջ՝ խնդրում եմ մի փոքր մտածեք նաև բանական դատողությունների մասին:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031