Այսօր խորհրդարանում, Իշխան Զաքարյանին ՎՊ նախագահի պաշտոնում նշանակելու հարցի քննարկումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նույնպես հիշեց հինգ ամիս առաջ խորհրդարանում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կողմից արված բացահայտումները։
Նա չի մոռացել նաև, որ խորհրդարանից Զաքարյանը կանչվեց նախագահական, որտեղ ենթարկվեց բավականին կոշտ քննադատության: Այս իրողությունների ֆոնին, պատգամավորին զարմացնում է այն իրականությունը, որ «այսօր այդ անձը նորից ներկայացվում է խորհրդարանին»՝ վերանշանակվելու համար։ «Շատ անդուր իրավիճակ է՝ ինչպես մեզ համար, հանրության համար, այնպես էլ պարոն Զաքարյանի համար: Մի թատրոնից հետո ականատես լինել մեկ այլ թատրոնի շարունակության»,- ասաց Փոստանջյանը՝ հավելելով, որ բոլորը գիտեն, որ պետբյուջեի 700 մլրդ դրամը թալանվել է, և դրա ապացույցը պետական բարձրաստիճան պաշտոնյաների օրեցօր աճող հարստությունն ու առանձնատներն են. «Որտեղի՞ց նրանց այդ գումարները, հարստությունը, իհարկե, դա պետական թալանի հետևանք է»։
«Ժառանգության» պատգամավորը նշեց, որ իրենք գիտեն, որ բոլոր բացահայտումները ճշմարիտ են, բայց գիտեն նաև, որ դրանք համաձայնեցված են եղել Սերժ Սարգսյանի հետ. «Դուք շատ լավ ցուցադրություն արեցիք ԱԺ-ում, բայց հետո ինչ-որ բան տեղի ունեցավ, և այդ խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը Ձեզ սխալ հանեց։ Եթե դա քննարկում էր, ապա դա չպետք է լիներ մոնոլոգի տեսքով, և Դուք պետք է արձագանքեիք և փաստարկներ ներկայացնեիք։ Փաստորեն, քննարկում չէր, ուղղակի հավաքվել էին և կանչել էին Ձեզ՝ ասելու, որ Դուք սխալ եք»,- ասաց նա՝ հավելելով․«Այդ 7 թիվը Սերժ Սարգսյանին դուր չի գալիս, երևի դրա համար էր զայրացել, երևի պիտի 900 մլրդ ասեիք․․․»։
Դիմելով Իշխան Զաքարյանին՝ Փոստանջյանն ասաց․ «Դուք պետք է համարձակություն գտնեիք, թքած ունենայիք առանձնատան ներդրումների վրա և ասեիք, որ չեք ցանկանում առաջադրվել, որովհետև այն, ինչ դուք ներկայացրել էիք, իրականություն էր, որի հետևից պետք է գնայիք»։ ԱԺ պատգամավորը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հիշեցրեց, որ նա էլ չի գնացել դատախազություն ներկայացրած հաղորդագրության հետևից։ Փոստանջյանի ելույթից հետո, Հովիկ Աբրահամյանը նրան հիշեցրեց, որ փաստաթղթերը ներկայացվել են Գլխավոր դատախազություն, իսկ վերջինիս գործողությունների համար ինքը պատասխանատու չէ։
«Ժառանգությունը» դեմ է քվեարկելու Իշխան Զաքարյանի թեկնածությանը: Փոստանջյանն ասաց, որ «դեմ»-երը պետք է հրապարակային դարձնել, քանի որ «դեմ» քվեաթերթիկները կեղծվում են։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































