Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սարգիս Գրիգորյան. «Մեր բիզնեսի տերերը արագ եկամուտներ են ակնկալում»

Նոյեմբեր 27,2013 23:45

Հանդբոլի «ՀՀ վարչապետի գավաթի» խաղարկության միջազգային մրցաշարի մեկնարկի նախօրեին «Ուրբաթ» մամուլի ակումբում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը տեղեկացրեց, որ մասնակցում են չորս երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի երիտասարդական հավաքականները եւ որ հյուրերի խնդրանքով, ի տարբերություն նախորդ երեք խաղարկությունների, այս անգամ մրցաշարն անցկացվում է երիտասարդական տարիքային խմբում: «Սա նաեւ առիթ է՝ մեկ անգամ եւս շեշտադրելու, որ սպորտի զարգացման առաջնահերթ ուղղությունը մանկապատանեկան սպորտն է, որպեսզի մարզաձեւը պահպանել կարողանանք», – ասաց ֆեդերացիայի նախագահը:

Խոսելով հանդբոլի հայկական դպրոցի՝ միջազգային ասպարեզում այդպես էլ արդյունքներ չլինելու պատճառների մասին, պարոն Գրիգորյանը դրա պատճառների  80 տոկոսը վերագրեց որակյալ մարզիչների բացակայությանը: Նա նաեւ նշեց. «Ցանկացած մարզաձեւ ունի սիրողական եւ պրոֆեսիոնալ մակարդակ: Սիրողական սպորտով անհնար է պրոֆեսիոնալին հաղթել: Մենք խաղում ենք այնպիսի թիմերի հետ, որոնց մեկ հանդիպումը մեր ֆեդերացիայի տարեկան բյուջեն է: Նրանք ակումբներ ունեն, որոնց տերերը ծրագրեր են իրականացնում ու, բնական է, արդյունքներ էլ լինում են: Մեզ մոտ զուտ սիրողական մակարդակի վրա է ու զարգացումները գնում են դպրոց-մարզադպրոց մակարդակում: Ես դեռ մեկին չեմ տեսել, որ ասի, թե ցանկանում է հանդբոլի եւ ուրիշ խաղային մարզաձեւերի ակումբ ստեղծել: Ցավալի է: Բայց մինչեւ պրոֆեսիոնալ ակումբների հարցը չլուծվի, լուրջ արդյունքներ չենք կարող ակնկալել: Պետությունը ֆեդերացիաներին աջակցում է հնարավորություններին սահմաններում: Բացը պիտի լրացնեն փող ունեցողները: Շատերին ենք դիմել տարբեր առաջարկություններ արել: Բայց արձագանք չկա: Մեր մոտ բիզնեսի տերերը արագ եկամուտներ են ակնկալում: Մերոնք, բացի խմիչքից, օղուց, ուրիշ բաներում գումար ներդնել չեն ուզում»:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930