«Հետք». 2026թ.-ի փետրվարին Կարեն Անդրեասյանը ICSID-ին է ներկայացրել չորս թեկնածուի՝ մինչև 2032թ. փետրվարի 4-ը պաշտոնավարելու ժամկետով։ Առաջադրվել են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Եղիշե Կիրակոսյանը, Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը և «Ջի Փարթներս» ընկերության հիմնադիր տնօրեն Սարգիս Գրիգորյանը։ Վերջինս նույն կենտրոնում քննվող «Սանիթեք»-ն (Sanitek S.a.r.l.) ընդդեմ Հայաստանի գործով իրավաբանական խմբի կազմում ներկայացրել է ընկերության շահերը։ Ներկայացված բոլոր թեկնածուներն արդեն ընդգրկվել են ICSID-ի արբիտրների և հաշտարարների հանձնախմբերում։
Ի դեպ, Սարգիս Գրիգորյանը միջազգային կենտրոնին ներկայացվել է դեռևս այն ժամանակ (2026թ.–ի փետրվարի 4), երբ «Սանիթեքի» գործով վճիռ կայացված չէր (վճիռը կայացվել է 2026թ.–ի մայիսի 22-ին, իսկ նույն տարվա ապրիլի 24-ին տրիբունալը հայտարարել է վարույթը փակված):
Արբիտր և հաշտարար նշանակված անձինք ի՞նչ կապ ունեն Կարեն Անդրեասյանի հետ և ինչպես են ընտրվել
Հայաստանի կողմից ICSID-ի արբիտրների և հաշտարարների ցանկում ընդգրկված Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը (պաշտոնավարել է 2022թ. դեկտեմբերի 26-ից մինչև 2024թ. հոկտեմբերի 2-ը՝ փոխարինելով Կարեն Անդրեասյանին) «AM» իրավաբանական ընկերության բաժնետերն է և տնօրենը: Նույն ընկերությունում բաժնետեր է նաև Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Կարեն Անդրեասյանի կինը՝ Եվա Առաքելյանը:
Մինասյանի և Անդրեասյանի ընտանիքների փոխկապակցվածությանն ու հնարավոր շահերի բախմանը մամուլն ու փաստաբանական համայնքն ակտիվորեն անդրադարձել են դեռևս այն ժամանակ, երբ Կարեն Անդրեասյանը զբաղեցնում էր Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի, իսկ Գրիգոր Մինասյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնը։ Այն ժամանակ նախարարության միջնորդությունների հիման վրա ԲԴԽ-ն դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումներ էր կայացնում։
Կարդացեք նաև
Փաստացի, պաշտոնների փոփոխությունից հետո էլ պահպանվում է բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների միջև եղած գործարար փոխկապակցվածությունը։ Միջազգային ատյանում պետության անունից հանդես եկող թեկնածուին առաջադրել է այն պաշտոնյան, որի կնոջ բիզնես գործընկերն է տվյալ անձը։ Նման իրավիճակը ողջամիտ կասկածներ է հարուցում որոշումների անկախության, անաչառության և հանրային վստահության վերաբերյալ։
Եղիշե Կիրակոսյանը և Հայկուհի Հարությունյանը ևս ընկերական հարաբերություններ ունեն Կարեն Անդրեասյանի հետ: Հայկուհի Հարությունյանն աշխատում է Կարեն Անդրեասյանի կնոջ և Գրիգոր Մինասյանի «AM» իրավաբանական ընկերությունում՝ ավագ իրավախորհրդատու է:
Վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանին գրավոր հարցրել էինք, թե ինչ եղանակով, ինչ չափանիշներով և ում կողմից են ընտրվել արբիտրների և հաշտարարների թեկնածուները։ Ստացված պատասխանում այդ հարցերի պատասխանները փաստացի չկան։
Թեկնածուների ընտրության մրցույթ չի եղել, ինչպես լինում է, օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների թեկնածուների դեպքում: Նման կարգավորում էլ չկա: Այստեղ փաստացի մեծ հայեցողական լիազորություններ ունի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, այս դեպքում՝ Կարեն Անդրեասյանը:
Սակայն, կարգի բացակայությունն ամենևին արգելք չէ բաց և հրապարակային գործընթաց սկսելու համար: Հայտարարություն չտարածելու պայմաններում ինչպե՞ս է մասնագիտական հանրությունը տեղեկացվել թեկնածուներ առաջադրելու հնարավորության մասին, ի՞նչ չափանիշներով են գնահատվել դիմողները, իրականացվե՞լ են արդյոք հարցազրույցներ կամ թեկնածուների համեմատական գնահատում, և ինչո՞ւ են ընտրվել հենց այդ անձինք։ Ընտրություն կատարելու համար չի եղել նաև գեթ մեկ ավել դիմում, որպեսզի դիմողների մեջ ընտրության հնարավորություն լիներ:
Բաց աղբյուրներում, այդ թվում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ֆեյսբուքյան էջում, չի եղել հայտարարություն՝ արբիտր կամ հաշտարար առաջադրվելու վերաբերյալ: Ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ղեկավարի գրավոր պատասխանում ևս չի նշվել հայտարարության մասին:
Ավելին, եթե ներկայացված չորս դիմողներն էլ առաջադրվել են, հարց է ծագում, թե որն է եղել դիմումների ուսումնասիրության և գնահատման գործնական նպատակը, եթե այդ գործընթացի արդյունքում որևէ թեկնածու չի մերժվել։ Հենց այս համատեքստում էլ հարց է առաջանում, թե ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը որոշեց Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի հաշտեցնողների և իրավարարների հանձնախմբերում առաջադրել այն իրավաբանին, որը դեռ վճիռ չկայացված գործով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դատավարական հակառակորդ կողմի շահերը նույն արբիտրաժում։
Առաջադրված չորս անձինք (Եղիշե Կիրակոսյան, Գրիգոր Մինասյան, Սարգիս Գրիգորյան և Հայկուհի Հարությունյան) Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ են ներկայացրել իրենց ինքնակենսագրական տվյալները (CV), որի հիման վրա էլ կատարվել է թեկնածուների ընտրությունը։
Շահերի բախման մասին գրավոր հարցրել էինք Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին, ինչին ի պատասխան հայտնել են, որ շահերի բախում չկա:
Հարցն այն չէ, թե նախկինում Հայաստանի ներկայացուցիչ հանդիսացած անձը կարող է, թե չի կարող առաջադրվել ICSID-ի հանձնախմբերում։ Իրական խնդիրը ոչ թե ֆորմալ շահերի բախումն է, այլ արտաքին ընկալումը։
Դեռևս 2021թ. մայիսին Սարգիս Գրիգորյանի անվամբ լրատվամիջոցներում հոդված է հրապարակվել, որտեղ անդրադառնալով «Սանիթեքի» գործին, նշել է, թե ընկերության պահանջը կազմում է ավելին քան 25 միլիոն ԱՄՆ դոլար, որն արդյունք է Կառավարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ անօրինակ էքսպրոպրիացիոն (բռնագրավում) «ջանքերի»։ Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի դեմ ներկայացվել են ավելի քան 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի պահանջներ տարբեր օտարերկրյա ներդրողների կողմից:
«Անհերքելի փաստ է, որ գործող կառավարությունը չունի բավարար կարողություն ձևավորելու բարենպաստ ներդրումային միջավայր կամ որդեգրելու ներդրումային քաղաքականություն, որը հնարավորություն կընձեռեր ներգրավելու օտարերկրյա ներդրումներ, ի թիվս այլոց, երկրի հետպատերազմյան տնտեսությունը զարկ տալու նպատակով։ Ավելին, սկսած 2018 թվականից կառավարության գործողությունների (կամ անգործության) արդյունքում որոշ խոշոր օտարերկրյա ներդրողներ ընդհանրապես հրաժարվեցին իրենց ծրագրերից, իսկ ոմանք էլ ներկայացրին միջազգային հայցեր ընդդեմ Հայաստանի»,- նշել է Սարգիս Գրիգորյանը։
Սարգիս Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ վերջին 20 տարվա ընթացքում զբաղվում է միայն ներդրումային և առևտրային արբիտրաժով: Իրավաբանության մեջ իր մասնագիտացումը ներդրումային արբիտրաժն է:
Հարցին, թե ինչպես է տեղեկացել արբիտրների և հաշտարարների թափուր տեղերի մասին, որը պետք է Հայաստանը ներկայացներ, ասաց, թե ICSID-ի կայքում ցանկը հրապարակված է, և հնարավոր է տեսնել՝ ովքեր են Հայաստանի կողմից արբիտրները ու վերջիններիս լիազորությունների ժամկետների ավարտը:
Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ ինքը վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ է ուղարկել ինքնաառաջադրման դիմում և ինքնակենսագրականը՝ խնդրելով դիտարկել իր թեկնածությունը որպես արբիտր, եթե նման հնարավորություն լինի։ Նրա ասելով՝ իր աշխատանքային փորձը, կրթությունն ու մասնագիտական որակավորումները համապատասխանում էին ICSID-ի կոնվենցիայով և աշխատանքային կանոնակարգով արբիտրների համար սահմանված պահանջներին։
Սարգիս Գրիգորյանն ասաց, որ Կարեն Անդրեասյանի ընկերը չէ, չեն շփվում: Նրան հանդիպել է մի միջոցառման ժամանակ՝ մոտ 15 տարի առաջ:
«Այստեղ պետք չէ ինչ-որ օրակարգ գտնել, որովհետև ես անձամբ կարծում եմ, որ Ներդրումային արբիտրաժում Հայաստանում ես չունեմ մրցակից, նաև տարածաշրջանում ես չունեմ մրցակից: Ուրիշ բան պետք չի փնտրել, որովհետև ժամկետն ավարտվում էր 4 նախկին արբիտրների և մտածեցի, որ կա հնարավորություն»,- ասում է Ս. Գրիգորյանը:
Սարգիս Գրիգորյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է ստացվել, որ մի դեպքում նույն ներդրումային արբիտրաժում գործել է Հայաստանի Հանրապետության դեմ՝ պաշտպանելով «Սանիթեք» ընկերության շահերը, սակայն դեռ վճիռը չհրապարակված՝ Հայաստանը նրան առաջադրել է արբիտրի պաշտոնում:
Ս. Գրիգորյանը դարձյալ միտում էր տեսնում, որ այլ օրակարգով ենք առաջնորդվում: Նշեց, որ այդտեղ շահերի բախում չկա: Իսկ, թե ում ես ներկայացնում և երբ ես ներկայացնում ICSID-ի նշանակման պահանջներից չէ, որովհետև արդարադատությունը, մանավանդ՝ միջազգային արբիտրաժում, բացառում է նման բաները: Այսինքն՝ արդարադատության մատչելիությունը հասանելի է բոլորին:
«Ես իմ աշխատանքն եմ արել, ներկայացրել եմ հաճախորդի շահերը տվյալ արբիտրաժային դատարանում և Հայաստանից դուրս ներկայացնում եմ այլ հաճախորդների, այլ միջազգային դատարաններում: Եթե դուք նայեք ICSID–ի կայքում, կտեսնեք, թե «Սանիթեքի» գործը երբ է փակվել, դուք ընդամենը վճռի հրապարակման օրն եք նայել»,- ասում է Ս. Գրիգորյանը:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք նույն կարծիքն ունի Հայաստանի կառավարության մասին, որ երկրում խոչընդոտում է միջազգային ներդրումները: Սարգիս Գրիգորյանն ասաց, որ 2026թ. Հայաստանը օտարերկրյա ներդրումների մասին օրենք է ընդունել, որով ամբողջությամբ վերանայել է իր օրենսդրական դաշտը, իրավական կարգավորումները, երաշխիքները, որ տալիս է օտարերկրյա ներդրողներին և այլն: Ըստ Գրիգորյանի՝ այդ փոփոխություններով էականորեն փոխվել է ներդրումային միջավայրը՝ ներդրումների պաշտպանության մասով:
«Եթե օրենսդրությունը պատշաճ չկիրառվի, միասին կխոսենք, կշարունակենք այս քննարկումը, բայց եթե կիրառվի, ապա նշանակում է, որ օրենդրությունը գործում է: Կարծում եմ՝ պետք է ժամանակ տալ, որ օրենսդրական գործիքակազմը, որ ընդունել է Ազգային ժողովը, Կառավարությունը, կիրառվեն»,- հավելեց Սարգիս Գրիգորյանը:
Հարցի էությունը ոչ թե առաջադրված անձանց մասնագիտական փորձն է, այլ այն, թե ինչու պետությունը միջազգային նշանակության որոշումների դեպքում չի ընտրում առավել բաց ու մրցակցային ճանապարհ։ Որքան էլ բարձրակարգ լինեն թեկնածուները, թափանցիկ ընթացակարգի բացակայությունն ինքնին բավարար է՝ խաթարելու հանրության վստահությունը այս գործընթացի նկատմամբ։
Լուսանկարում՝ ձախից՝ Կարեն Անդրեասյան, Սարգիս Գրիգորյան
Գրիշա Բալասանյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































