Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունիստների գրասենյակները վերանորոգվում են և համալրվում (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2013 13:26

ՀԿԿ Կենտկոմի ղեկավար կազմում փոփոխություն է տեղի ունեցել: ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հրաժարական է տվել և այժմ նույն պաշտոնում պաշտոնակատար է նշանակվել Տաճատ Սարգսյանը:

Պարոն Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ Ռուբեն Թովմասյանը տարիքի հետ կապվա՞ծ է նման որոշում կայացրել, մի՞թե իրենց տարիքային տարբերությունն այդքան մեծ է, որ ինքը կարող էր նշանակվել: Պարոն Սարգսյանը պատասխանեց՝ հինգ տարի, ու շեշտեց, թե երիտասարդներին էլ են իրենք մեծ տեղ տալիս ու իրենց շարքերում բազում երիտասարդներ կան:

Պարոն Սարգսյանը խանդավառված գովերգում էր Ռուսաստանն ու նախկին Խորհրդային Միությունը: Նա պահանջում է, որ նոյեմբերի 29-ը՝ ՀՀ խորհրդայնացման օրը, նշեն՝ որպես երկրորդ հանրապետության օր:

Aravot.am-ը հարցրեց՝ արդյոք վտանգավոր չէ՞ մի երկրի հետ մտնել միության մեջ, որը ՀՀ-ի ռազմավարական գործընկերը լինելով՝ զենք է վաճառում մեր թշնամուն, շահարկելով ղարաբաղյան հիմնախնդիրը, ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա: Պարոն Սարգսյանն ասաց. «Հայաստանը եղել է, կա և պիտի լինի ռուսների հետ, խնդրում եմ, Դուք հանգիստ քնեք, քանի որ ՀՀ սահմանները հուսալի ձեռքերում են՝ ի դեմս Ռուսաստանի և Մաքսային միություն մտած մյուս երկրների»:

Ներկայումս ՀԿԿ գրասենյակները վերանորոգվում են և համալրվում: Պարոն Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ ի՞նչ միջոցներով են կատարվում նման աշխատանքները: Նա պատասխանեց. «Կուսակցությունը սկսել է քայլել ժամանակի պահանջների հետ, ոչ միայն շենքն է վերանորոգվում, այլև համակարգչային տեխնիկայով է համալրվում: Մեզ սնում են այն մարդիկ, ովքեր գիտության գրանիտները կրծելով բարձրացել են, ում պետությունը անվճար բուժել է և այլն»:

Տաճատ Սարգսյանը նշեց, թե իրենք ընդդիմադիր կուսակցություն են, բայց միայն չեն քննադատելու, այլ կառուցողական առաջարկներ են անելու:

Տաճատ Սարգսյանը պատմեց նաև իր կուսակցական անցյալից, թե ինչ գործունեություն է ծավալել: Նշեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանը իրեն խնդրել է հրաժարվել կուսակցական տոմսից՝ պաշտոն խոստանալով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930