Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ երեք տասնյակ պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել

Հունվար 28,2014 13:31

Գլխավոր քննչական կառույցն ամփոփեց 2013-ը եւ 2014-ի անելիքները

Օրերս Հատուկ քննչական ծառայությունն անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն եւ ամփոփեց 2013-ի կատարած աշխատանքները: Ընդլայնված նիստը նախագահում էր ծառայության պետ, Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանը:

Պարոն Շահինյանը դրական գնահատեց անցնող տարին ու բացման խոսքում նշեց. «2013-ին մեր ծառայությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվը եւ արժանապատվությունը հարգելու, մարդասիրության եւ հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ, որոշակի աշխատանքներ է կատարել իրավակարգի եւ օրինականության ամրապնդման ուղղությամբ»:

Ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանը ներկայացրեց քննված քրեական գործերի վիճակագրությունը: «ՀՔԾ-ի հատկապես կարեւոր գործերի քննիչների վարույթում քննվել է 239 քրեական գործ` նախորդ տարվա 204-ի դիմաց, ինչի արդյունքում քննված քրեական գործերի թիվը 2012-ի համեմատ աճել է 17 տոկոսով»,- նշեց Ա. Նադիրյանը: ՀՔԾ պետի տեղակալը տեղեկացրեց, որ ծառայությունում քննված քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելիս կարեւորվել է այն, որ դա բացառիկ խափանման միջոց է եւ յուրաքանչյուր դեպքում հաշվի է առնվել ոչ միայն կոնկրետ մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, այլեւ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու օրենսդրական հիմքերի առկայությունը: «Գործնական աշխատանքում արմատավորված այս մոտեցումը շարունակվելու է նաեւ հետագայում»,- վստահեցրեց Ա.Նադիրյանը:

ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանն էլ արձանագրեց ՀՔԾ-ում ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված նյութական վնասի չափը: Ըստ Վ. Հովհաննիսյանի՝ պետությանը պատճառված նյութական վնասի չափը կազմել է մոտ 1 ու կես մլրդ դրամ, իրավաբանական անձանցը՝ 154 մլն դրամ եւ ֆիզիկական անձանցը՝ մոտ 300 մլն դրամ: «Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 95,9 տոկոսը: Իրավաբանական անձանց պատճառված վնասից 100 տոկոսը, իսկ ֆիզիկական անձանց վնասի 40,5 տոկոսը»,- նշեց Հովհաննիսյանը:

Հատուկ քննչական ծառայության պետն արձանագրեց, որ իրենց վարույթում անցած տարի քննված 239 քրեական գործից 77-ը եղել է կոռուպցիոն բնույթի, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ կոռուպցիոն դեպքերի բացահայտումներն աճել են: 2012թ.-ին ՀՔԾ-ում քննվել է կոռուպցիոն բնույթի 46 գործ, ինչը նշանակում է, որ 2013թ.-ին նման դեպքերի բացահայտումն ավելացել է 31-ով: Դատի տրված 26 պաշտոնատար անձանցից ըստ բնագավառների եւ զբաղեցրած պաշտոնների եղել են 15-ը ոստիկանության, 5-ը ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցներ, 2-ը ՀՀ մարզպետարանների վարչության պետեր, 2-ը ՀՀ ԱԻՆ աշխատակիցներ՝ այդ թվում փրկարարական ծառայության վարչության բաժնի պետ եւ հրշեջ-հրահանգիչ, ՀՀ ՊՆ քննչական ծառայության կայազորային քննչական բաժնի բաժանմունքի պետը եւ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալը:

Վ. Շահինյանը հատուկ ընդգծեց, որ հաշվետու տարում ՀՔԾ-ում քննված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ գործերի աճը պայմանավորված է ոչ թե այդ բնույթի հանցագործությունների, այլ դրանց բացահայտման աճով, ինչը պայմանավորված է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների արդյունավետ աշխատանքով եւ վերջիններիս ու Հատուկ քննչական ծառայության համագործակցության ամրապնդմամբ:

Դրական ցուցանիշները ներկայացնելու հետ մեկտեղ՝ անդրադարձ եղավ նաեւ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ բնույթի որոշակի թերություններին ու չլուծված խնդիրներին: ՀՔԾ պետի տեղակալ Ա. Նադիրյանը չլուծված խնդիրների շարքում ընդգծեց ծառայությունը փորձառու եւ որակյալ կադրերով համալրելու խնդիրը: «Դեռեւս չի լուծվել ՀՔԾ ծառայողների աշխատանքային պայմանները բարելավելու խնդիրը: Չնայած այս ուղղությամբ ձեռնարկված ջանքերին, 2013-ին, չունենալով վարչական շենք, գործել ենք անբարենպաստ պայմաններում, որն իր բացասական ազդեցությունն է թողել եւ՛ աշխատանքների կազմակերպման, եւ՛ քննության որակի վրա»,- նշեց պարոն Նադիրյանը՝ հավելելով, որ սրա հետ մեկտեղ, գոհունակությամբ պետք է նշել, որ երկրի ղեկավարությունը տեղյակ է խնդրին եւ գործուն ջանքեր է ձեռնարկում հարցը լուծելու ուղղությամբ:

ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031