Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Կիրակոսյան. «Մոսկվան հստակորեն շահում է չլուծված կոնֆլիկտի ստատուս քվոյից»

Հունվար 29,2014 14:01

Aravot.am-ի հետ զրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` նոյեմբերին Վիենայում կայացած հանդիպումից հետո ստեղծված իրավիճակին, հրադադարի խախտումներին, ԼՂՀ հիմնահարցի կարգավորմանը ու այս առումով միջնորդների միջամտությանը՝ հետեւյալն ասաց. «Ի հեճուկս Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ նոյեմբերին Վիեննայում կայացած գագաթնաժողովից հետո առկա լավատեսությանն ու հուսալի սպասումներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առաջընթացի իրական հույսերը արագորեն մարեցին այն բանից հետո, երբ Ադրբեջանը անսպասելիորեն լարեց իրավիճակը, ինչը հանգեցրեց հրադադարի խախտումներին եւ մահվան ելքով հարձակմանը: Այս ամենը տեղի ունեցավ երկու երկրների արտաքին գործերի նախարարների` Փարիզում կայանալիք հանդիպումից ընդամենը օրեր առաջ:

Բաց հակամարտության այս վերջին վերակենդանացումը հատկապես կարեւոր է, որովհետեւ ադրբեջանական վերջին հարձակումները շատ ավելի մեծ ցանկություն են պարունակում ուժն ու սպառնալիքը օգտագործել որպես դիվանագիտության լեզու»:

Ռիչարդ Կիրակոսյանի ձեւակերպմամբ` ուժը երկխոսության փոխարեն նախընտրելու Ադրբեջանի այս դիրքորոշումը կախված է երկու կարեւոր միտումներից, որոնցից յուրաքանչյուրը նոր հարձակումներ է խոստանում:

Առաջին միտումը բխում է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղության գործընթացի շուրջ իրական առաջընթացի բացակայության պատճառով Ադրբեջանի մոտ առկա խիստ նյարդային վիճակից, իսկ երկրորդ միտումը` կապված է հրադադարի պայմանագրի 20 տարվա տարելիցի հետ, որը լրանում է այս տարի. «Սա քաղաքական ավելի մեծ ճնշում է գործադրում Ադրբեջանի ղեկավարության վրա Լեռնային Ղարաբաղի շուրջ որեւէ առաջընթացի բացակայության պայմաներում բիրտ ուժի ցուցադրության առումով»,- վստահեցրեց նա:

Ռիչարդ Կիրակոսյանը գտնում է, որ դիվանագիտական գործընթացը, այնուամենայնիվ կշարունակվի եւ նախագահները հավանաբար կհանդիպեն գալիք ամսվա ընթացքում, ինչպես պայմանավորվել էին Վիեննայում. «Իրականում, բռնության այս աճը` նման դիվանագիտությունը միայն ավելի կարեւոր է դարձնում: Սա նաեւ ցույց է տալիս, որ Բաքուն կարող է օգտագործել զինված ուժերը դիվանագիտությունը արդյունավետորեն վնասելու նպատակով: Եվ այս պահին հստակ է մի բան: Հայաստանը խաղաղության գործընկեր չունի»:

Ռիչարդ Կիրակոսյանը նաեւ շեշտում է, որ իրավիճակին ավելի լայն առումով անդրադառնալու դեպքում, պարզ է դառնում, որ Մոսկվան հստակորեն շահում է չլուծված կոնֆլիկտի ստատուս քվոյից, եւ որպես զինամթերքի թիվ մեկ մատակարար ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին` պարզ է դառնում, որ Ռուսաստանի ուժն ու ազդեցությունը միայն խորացել է: Ավելին` «Ռուսաստանի քաղաքականությունը շարունակում է մնալ ագրեսիվ եւ կոնֆրոնտացիոն, ինչի նպատակն է «մոտակա արտերկրում» Եվրոպական ներգրավվածությունը մի կողմ քաշել եւ դուրս հրել` Ղարաբաղյան հակամարտությունը դարձնելով ազդեցության եւ Ռուսաստանի ուժի ցուցադրության ավելի օգտակար գործիք»:

Ռիչարդ Կիրակոսյանը վերջում հավելեց, որ առաջիկա ամիսները կլինեն դժվար ու մարտահրավերներով լի:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031